Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars)՝ ցեղասպանություններն ուսումնասիրող հեղինակավոր կազմակերպությունը, բոլոր անդամների քվեարկությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը»։ Ընկերակցության հայտարարության տեքստն իր կայքում տեղադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Կազմակերպությունը հայտարարել է, որ․

«1. 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:

2. 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:

3. Խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

4. Հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

5. Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:

6. Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

7. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:

8. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

9. Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:

10. Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

11. Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

12. Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:

13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:

14. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:

15. Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։

Հայտարարությունն ընդունվել է սեպտեմբերի 2-ին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest