Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Ադրբեջանի կողմից սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով Արցախի իրենց բնօրրանից ստիպված տեղահանվեցին 120 հազար արցախցիներ, իսկ 2020թ-ից հետո՝ 30 հազար։ Ավելի քան 150 հազար արցախցիների իրավունքը ոտնահարվեց և միջազգային ողջ հանրության առջև նրանք զրկվեցին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից։
Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ այս օրերին տարբեր քննարկումներ և միջոցառումներ են իրականացվում, որոնց հիմնական նպատակը արցախցիների հետվերադարձի ու նրանց իրավունքների հարցի բարձրացումն է։ ՀՀ գործող իշխանություններն այդ առումով, ինչպես նաև Ադրբեջանում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման մասով քայլեր չեն ձեռնարկում։
Հայաստանում այսօր գործող Արցախի միակ կառույցը՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմն է։ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ օրերս կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման տոնին: Այն միտված էր նաև համախմբել արցախցիներին և փորձել պարբերաբար կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ Թեմի գրասենյակում։
Հերթական հանդիպման ընթացքում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ցավով արձանագրեց, որ Արցախի թեման փորձում են փակել ոչ միայն Ադրբեջանի, այս կամ այն երկրների, այլև մայր Հայաստանի իշխանությունները։
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպված վերջին քննարկումից հետո մեկ անգամ ևս համոզվեցի, որ ցավոք, իշխանությունների կողմից Հայաստանում արցախցիներին պահելու համար որևէ շահագրգռվածություն չկա և հավաքական հետվերադարձի իրավունքի առումով աշխատանքներ չեն իրականացվում։ Իսկ վերադարձի համար արցախցին պետք է մնա Հայաստանում որպես հավաքական տարր՝ պահպանելով իր ինքնությունը, որ շարունակի պահանջել միջազգային տարբեր կառույցներից՝ ապահովելու միջազգային իրավունքով ամրագրված հետվերադարձի իրավունքը։ Ու եթե այս հարցում մենք դաշնակիցներ չունենք կամ շատ քիչ են, դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր պայքարից։ Կան մարդիկ, որոնք ամբողջ իրենց կյանքն ապրել են ապահով ու անհոգ, սակայն կյանքի իմաստ չունեն, իսկ մեր պարագայում մենք ունենք այդ կյանքի իմաստը և դա մեր վերադարձն է Արցախ, մեր իրավունքների պաշտպանությունը։ Կարծում եմ, որ հանուն այդ իմաստի ու բաղձալի երազանքի մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակի այդ պայքարը։ Գուցե այսօը դա իրատեսական չէ, բայց պատմության ժամանակագրությունն իմանալով, կարծում եմ՝ ոչինչ բացառված չէ, և մեր վերադարձը մի օր իրականություն կդառնա»,-նշեց Գեղամ Ստեփանյանը։
Անդրադառնալով Արցախի ազգային ժողովի կողմից ստեղծված արցախցիների պաշտպանության հարցերով հանձնաժողովի գործունեությանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ միջազգային տարբեր հարթակներում հարցը փակված չեն համարում։ Թե եվրոպական, թե ամերիկյան և թե ռուսական ներկայացուցիչների հետ թեմայի վերաբերյալ իրականցվում են շահագրգիռ քննարկումներ։ Նրանք բոլորը միաբերան փաստում են, որ արցախցիների վերադարձի հարցը պետք է Հայաստանի կողմից բերվի օրակարգ ու ստեղծվեն հնարավորություններ խնդրի շուրջ առարկայական քննարկումների համար։
«Հանձնախումբը նպատակադրվել է համոզել նաև ՀՀ իշխանություններին հարցը առաջ մղելու և օրակարգ բերելու համար։ Արցախի հարցով վերջերս հանդիպումներ են եղել Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ Առաջիկայում՝ սեպտեմբերին նախատեսվում է իմ այցը Վաշինգտոն՝ Կոնգրեսում վերադարձի հարցի շուրջ քննարկմանը մասնակցելու համար։ Այսինքն, շահագրգիռ քննարկումներ տարբեր հարթակներում իրականացվում են ու մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունները՝ ներկայացնելու և պահանջելու հետվերադարձի հնարավորության հարցը։ Այսօր մենք ունենք նպատակ ու կյանքի իմաստ։ Ես Արցախի Հանրապետության տարեկիցն եմ ու Արցախ վերադառնալու իմ երազանքը մնացել է սարերի հետևում, սակայն ես իմ ամբողջ կյանքը պետք է ապրեմ երազանքիս հասնելու համար»,-հավելեց Գեղամ Ստեփանյանը։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: