«Իմ Գրանիկի, իմ անուշ բալի 20-ամյակն է էսօր, խլեցին աֆիցերները իմ տղայի կյանքը»,-Վարդուհի Խնկոյանը օգոստոսի 31-ին՝ որդու ծննդյան օրը, սգում է տղայի՝ Գրանիկ Խնկոյանի մահը, այն ինչ, ասում է պետք է այդ օրը տոն լիներ իրենց տանը։
Գրանիկ Խնկոյանը մահացել է 19-ամյակը դեռ չբոլորած՝ 2023 թվականի օգոստոսի 11-ին, զորամասում։ Մայրը և ընտանիքի մյուս անդամները այս դեպքը համարում են սպանություն, պաշտոնական վարկածը ինքնասպանության դրդելն է։ ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Եթե այդ դժբախտ դեպքը չլիներ Գրանիկ Խնկոյանը ծառայությունն ավարտելու էր 2025-ի հունվարին։ «Աֆիցերները տանջամահ անելով սպանել են իմ երեխային։ Ժողովուրդ ջան, ո՞վ է տեսել, որ խաղաղ պայմաններում զինվորին դաժան ծեծի ենթարկելով սպանեն, հետո էլ գրեն ինքնասպանություն։ Իմ տղայի վրա երկու կրակոց կա, ո՞վ կարող է ապացուցել, որ երկու կրակոցով ինքնասպանություն է լինում։ Կրակոցներից մեկը աչքի տակից է, մյուսը՝ բերանից»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Գրանիկ Խնկոյանի մայրը՝ տեղեկացնելով, որ մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, բայց դեռ որևէ բացահայտում չկա։
Գրանիկ Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից է, ընտանիքի առաջնեկը։ Մայրը վշտացած պատմում է, որ Գրանիկը սպասված զավակ էր։ «Ես ամուսնությունից հետո հինգը տարի երեխա չեմ ունեցել, ես տանջանքներով Գրանչոյիս ունեցել եմ, իրենք մեկ գիշերվա մեջ իմ տղայի կյանքը խլեցին։ «Նաչալնիկ-շտաբը (զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,-հեղ․) Արմեն Թովմասյանը իմ երեխային զորքի առաջ ստորացրել է, գլխարկը վերցրել, գցել է գետին ու տրորել է, որի վրա ՀՀ զինանշանն է ու դրոշը։ Զորքին կանգնեցրել է ու վերջին հայհոյանքներն է տվել, դու ո՞վ ես, որ զինվորների հետ նման կերպ ես վարվել։ Այսքանով չեն բավարարվել։ Հայ զինվորին անուշ քնից հանել են, տարել, սաղ գիշեր ծեծել են, բութ գործիքներով ծեծել են։ Կամբատը՝ Գևորգ Հակոբյանը և զամպալիտը՝ Արմեն Ղազարյանը, էս երեքով իմ երեխային տանջամահ են արել»։
Հիշեցնենք՝ այս դեպքը տեղի է ունեցել Արարատի «Զոդ» կոչվող զորամասում, 2023 թվականի օգոստոսի 11-ին։ Նշենք, որ այս դեպքից ժամեր առաջ կասկածելի պայմաններում մահացել է նույն զորամասի զինծառայող Ժորա Կարապետյանը։ Մայրը ընդհնարություն է տեսնում երկու զինվորների մահվան հարցում։
«Զորամասից մի քանի հոգի մեզ ասել են, որ Գրանիկի հեռախոսի մեջ տեսանյութ է եղել, որը կապված է Ժորա Կարապետյանի հետ։ Ինքն այդ տեսանյութը նայելուց է եղել, մտել հեռախոսը վերցրել են։ Ժորայի դեպքը դիրքերում է եղել, այնտեղից են ուղարկել տեսանյութը։ Զորմասից մեզ ասացին, որ Գրանիկը Ժորայի դեպքի միակ վկան է եղել, բայց մենք այդ զինվորների անունները չենք կարող տալ, քանի որ իրենք էլ նույն ճակատագրին կարժանանան»,-ասում է մայրն ու նշում, որ տեսանյութը հեռախոսում տեսնելուց հետո որդուն տանջամահ են արել։
Վարդուհի Խաչատրյանը կարծում է, որ որդու, ինչպես ինքն է որակում, սպանության բացահայտման հարցում կարող է էական տեղեկություններ հաղորդել, ինչը չի անում։ «Վեդիի քննչականում, գնդի հրամանատար Ֆարմանյանը, աչքերիս մեջ նայելով ասում էր՝ առաջին իմ ես պետք է պարզաբանեմ, բայց մտավ քննիչի մոտ դուրս եկավ, խոսքերը փոխեց։ Ֆարմանյանը լսել է Գրանիկի և մյուս տղայի հեռախոսազանգը, որ կամբատ Գևորգ Հակոբյանն է Գրանիկի աչքը կապտացրել։ Գրանիկը եղբորն ասել է, որ պապան գա, աչքս տեսնի, թող իրենց բան չասի, որ իմ հետ հաշվեհարդար չտեսնեն»,-ասաց մայրը։
Գրանիկ Խնկոյանի գործի վերաբերյալ Forrights.am-ը հարցեր է ուղղել ՀՀ Քննչական կոմիտեին։ Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։