Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում այսօր բաց դռների օր էր։ Ժամը 12։00-ից արցախցիները, հասարական ու քաղաքական տարբեր գործիչներ, հոգևորականներ այցելեցին Արցախի ներկայացուցչության շենք, որտեղ կազմակերպվել էր նաև ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժմանը, Անկախության 33 տարիների ժամանակագրությանը։ Այցելուներն իրենց գրառումները թողեցին այնտեղ բացված մատյանում։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն և հանդիպել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
«Այսօր Արցախի Հանրապետության հռչակման տոնն է, որը դարձյալ գողացել են մեզանից, ինչպես գողացել են բոլոր տոները։ Մենք կես սրտով ենք այսօր, որովհետև որքան էլ մեր մտածումներն ու հիշողությունները, մեր հերոսների արձանագրած հաջողությունները լինեն մեր մտքում, այդուհանդերձ գողացված է մեր կենսագրությունն ու հավաքական նկարագիրը։ Բոլոր առումներով մեր նվաստացման ու ստորացման արձանագրումը կատարելով, այդունահանդերձ, պետք է մղվենք անխոնջ պայքարի», -նշեց Սրբազանը։
Նա գրառում կատարեց Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում բացված մատյանում, որտեղ մասնավորապես գրել էր. Ոսկեպարով Արցախ՝
չեմ մոռանալու հանուն Հայաստանի, դեմ ներելու հանուն Արցախի։
Լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ Սրբազանն օրվա կապակցությամբ կոչ արեց սկսել ինքնամաքրման, ճանապարհը շտկելու և մեր կորուստները վերականգնելու պայքար։
«Մենք այլևս ողբալու և սգալու տրամադրությամբ չպետք է լինենք, այլ հակառակը, ինքներս մեզ պետք է հիշեցնենք ու մեր ճանապարհն ուղղենք, որպեսզի կարողանանք մեր մեջքը շտկել և մեր խնդիրները լուծել», -նշեց Սրբազանը։
Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին, նա պարզաբանեց, որ այն շատ իրատեսական է ու աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է ու չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որ այդ մասին չխոսի։
«Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում, միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն։ Արցախի կորուստը անպատվություն է մեզ համար, ինչը պետք է մղի պայքարի, անկախ նրանից, թե աշխարհը կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի։ Պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է» -շեշտեց Սրբազանը։
Արցախի Հանրապետության հռչակման կապակցությամբ կազմակերպվեցին նաև այլ միջոցառումներ, որոնց նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել այն կարևոր հանգամանքին, որ Արցախի հարցը փակված չէ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրները և հետվերադարձի հարցը պետք է անընդհատ հնչեցվի միջազգային հարթակներում։ Այդ առումով մեծ դերակատուրություն պետք է ունենան ՀՀ իշխանությունները, որոնց կողմից իրականացվող քաղաքականությունը հակառակ արդյունքն է տալիս։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: