<<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սուրեն Աֆյանը 14 օր հացադուլի և ջրադուլի մեջ է եղել, լիարժեք անուշադրության մատնված։ Ինքն իրեն տանջելով, սովի ու ծարավի մատնելով ընդամենը պահանջում էր, որ իրեն այցելեն ՄԻՊ գրասենյակից, լսեն նրան։ Օգոստոսի 20-ին նա դիմել էր ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակ, խնդրելով հանդիպում, բայց նրան այդպես էլ չեն այցելել։
Օգոստոսի 29–ին դատապարտյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով Սուրեն Աֆյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, հետազոտություն են անցկացրել, փորձել են կաթիլային համակարգ միացնել, սակայն դատապարտյալը թույլ չի տվել, ասելով՝ «Հացադուլի մեջ եմ»։ Նրան կրկին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլավորների համար նախատեսված խուց։
Առողջական խնդիրներով պայմանավորված օգոստոի 29-ի երեկոյան դատապարտյալը դուրս է եկել հացադուլից, սակայն մեկ օր անց կրկին հացադուլ է հայտարարել։
«Բուժանձնակազմից ստից գալիս ստուգում էին, ճնշում– բան են չափում, ստից ասում են՝ լավ ա, 170 ա ճնշումդ, բայց ես գիտեմ, որ շատ ա իջել։ Ստուրացիա ընդհանրապես չունեմ», – գանգատվել է Սուրեն Աֆյանն իր հարազատին, որն էլ կապի է դուրս եկել Forrights.am- ի հետ։
Աֆյանը պահվում է բարձր անվտանգային գոտում։ Նրա հիմնական պահանջը <<մարմիներից>> ռեժիմի փոփոխությունն է, որը նրան հասնում է օրենքով։ Արդեն երկու անգամ դիմել է իր պահման ռեժիմը մեղմացնելու, իրեն անվտանգային հաջորդ գոտի տեղափոխելու խնդրանքով, բայց մերժվել է։
Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը սակայն հրաժարվում է փոխել Սուրեն Աֆյանի պահման ռեժիմը, գտնելով, որ նա դրան արժանի չէ։ Ըստ ՔԿԾ պատասխանատուների, նա հիմնարկում որևէ աշխատանք չի կատարել, միջոցառումներին չի մասնակցել, եւ ինչը առավել աբսուրդային է հնչում՝ որ ազատազրկումը գործազուրկ է եղել։
Մոտավորապես նույնը մեզ հայտնեց ՔԿԾ խոսնակը․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ դատապարտյալ Ս. Աֆյանը դրսևորել է բացասական վարքագիծ. հիմնարկում չի խրախուսվել, չի աշխատել, ինքնագործ միավորումների կազմում չի ընդգրկվել, չի մասնակցել մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումների»:
Դատապարտյալը սակայն հերքում է այս պնդոււմները և անարդար է համարում տեղաբաշխման հանձնաժողովի գնահատականը։
Նա բացատրել է հարազատներին, որ խնդրել է հիմնարկի վարչակազմին իրեն ներքին աշխատանքներում ներգրավել, բայց նրա դիմումները չեն բավարարվել, քանի որ ինքը խիստ ռեժիմի դատապարտյալ է, իսկ վերջիններիս արգելվում է աշխատանք կատարել հիմնարկի ներսում, որ երկու միջոցառումների է մասնակցել, իսկ «դրսի կյանքում» ինչքան կարողացել է աշխատել է, ունենալով անհատ ձեռներեցի կարգավիճակ, զբաղվել է բիզնեսով։
Սուրեն Աֆյանի առողջական վիճակը ծանր է, բայց քայքայելով իր առողջությունն անգամ նրան չի հաջողվել արժանանալ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուշադրությանը։
«Իր մոտ ընդհանրապես չեն եկել, թեւ նա դիմել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ոչ մի այցելություն օմբոդսմենի գրասենյակից չի եղել։ Միայն իր գործով հսկող դատախազն է այցելել՝ Ա․ Խաչատրյանը, ասել է՝ հելի, հելի հացադուլից, լավ տղա ես, ափսոս ես, պիտի տաս դատարան, քո գործը մենակ դատարանով կարաս անես։ Իսկ ինքը ընդամենը ուզում էր համոզված լինի, որ գոնե մի բան կարվի իր համար», – պատմում է Աֆյանի ընկերը։
Դիմեցինք ՄԻՊ գրասենյակ, հարցրեցինք, որն է պատճառը, որ Սուրեն Աֆյանի դիմումն անտեսում են։ Պարզվեց, գրասենյակի աշխատակիցները հարկ չեն համարել այցելել հացադուլավորին, այլ սահմանափակվել են պետական մարմիններ գրություններ ուղարկելով։
<<Ազատությունից զրկված Սուրեն Աֆյանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է դիմում՝ անվտանգության գոտու փոփոխման վերաբերյալ քրեակատարողական ծառայությունից ստացված մերժման առնչությամբ: Պարզաբանումներ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ, գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին:
Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի հետ՝ հացադուլով պայմանավորված՝ ազատությունից զրկված անձի առողջական վիճակի հետ կապված: Ավելի ուշ, տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սուրեն Աֆյանը դադարեցրել է հացադուլը և գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության ներքո: Հարցը այժմ էլ գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո: Միևնույն ժամանակ, ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմնից ստացված պարզաբանումները երրորդ անձանց տրամադրման ենթակա չէ>>:
Փաստորեն, ՄԻՊ գրասենյակը իրականությանը չհամապատասխանող տեղեկութուն է տարածում։ Այնտեղ անգամ չգիտեն, որ դատապարտյալ Աֆյանը կրկին հացադուլի մեջ է, ինչպես պնդում է ՔԿԾ խոսնակը։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: