Գոհարինեն սեպտեմբերի 19-ին Վանք գյուղում է եղել՝ Դադիվանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննեսի տանը, ամուսնու և երկու տղաների հետ միասին։

35-ամյա Գոհարինե Հովոյանը Վանք գյուղումի մոմավաճառն է եղել։ Նախկինում Դադիվանքում է ապրել, երբ 2020 թվականի պատերազմից հետո Դադիվանքն անցել է թշնամուն, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Քոլատակ։ Forrights.am-ի հետ զրույցում դաժան մանրամասներ է պատմում 2023թ սեպտեմբերի 19-ի պատերազմից։ Նա, երկու տղաները և ամուսինը հայտնվել են ադրբեջանական կրակի տակ, ստացել մարմնական վնասվածքներ։

«Ուժեղ ձայն լսեցի, մտածեցի ամպրոպ է, բայց որ մի երկու անգամ էլ լսեցինք, տանից դուրս եկան, ձայներն ուժեղացավ։ Հեռախոսը վերցրեցի, որ ինչ-որ տեղեկություն ստանամ, կապ չկար։ Կրակոցները սկսում էր շատանալ, ներս եկանք, որ իրեր վերցնենք և գնանք թաքստոց»,-սեպտեմբերի 19-ի պատերազմի առաջին կրակոցները վերհիշելով Forrights.am-ին պատմում է Գոհարինեն։

Իրերը հավաքելու պահին մեկ այլ ուժգին պայթյուն է լսվել, Գոհարինեն խոհանոցում է եղել,  ամուսինը, երեխաները ու Տեր Հովհաննես՝ հյուրասենյակում։ «Ամուսինս այդ պահին գոռաց՝ Սերգեյը»,-Գոհարինեն այստեղ պատմությունը դադարեցնում է, արցունքերը թույլ չեն տալիս խոսել։

Կարճ դադարից հետո շարունակում է․ «Եկա հյուրասենյակ տեսա, որ մեծ տղաս՝ Սերգեյը, մի տեղ է ընկած, փոքր տղաս՝ մի տեղ, Տեր Հովհաննեսը մի կողմը։ Ձեռքերս արդեն վիրավոր էին, ամուսինս վարագույրի թելը վերցրեց և ձեռքս կապեց, գնաց օգնություն կանչելու»։

Ադրբեջանցիները սնարյադը գցել են տեր Հովհաննեսի տան ուղղությամբ, ընկել է բակում, իսկ բեկորները տարածվել են ընդգրկելով մեկ կիլոմետր շառավիղ։ «Պատուհանները կատրվել էին, բեկորները ներս են լցվել»։

Վիրավոր մորն ու երկու անչափահաս երեխաներին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ «Ես արթնացել եմ հիվանդանոցում, կրակոցների ձայները դեռ լսվում էին։ Կողքիս մի կին կար Վանք գյուղից, որը նույն պես այդ բեկորներից վիրավորվել էր։ Նա ասում էր, որ ժամը երեքին հրադադար պետք է լիներ, նրանից իմանում եմ, որ արդեն սեպտեմբերի 20-ի ժամը չորսն է»,-պատմում է Գոհարինեն և նշում՝ ուշքի գալուց հետո հետաքրքրվել է անչափահաս երեխաներով։

«Ամուսնուս ասացի երեխաներին նկարի բեր, տեսնեմ։ Փոքր տղայիս նկարը բերեց, հարցրեցի՝ իսկ Սերգե՞յը, ասաց՝ վիճակը վատ է, թույլ չեն տալիս մտնեմ»,-արտասվելով պատմում է մայրը։

Պայթյունի հետևանքով բեկորները լցվել են Գոհարինեի մարմնի վրա։  Վնասվել են աղիները, ստամոքսը, լյարդը, ձեռքերը։ Փոքր տղան ևս ներքին օրգանների վնասվածքներ է ստացել, իսկ մեծ տղան՝ Սերգեյը, գանգուղեղային վնասվածք է ստացել։ «Բուժքույրերը հիվանդներին թողած գնում էին տուն, եկան ասացին, որ թուրքերը լցվել են քաղաք։ Մեզ երկու օր պերեվասկա չեն արել, ամուսինս բարկացավ՝ ինչու չեք անում։ Նրա խոսքերը լսեցի՝ «մի տղաս մորգում է», էդ ժամանակ լսեցի, որ Սերգեյը մահացել է»,-որդու մահվան դաժան լուրը մայրը պատահական է լսել, հիշում է, որ տղան մինչև Ստեփանակերտի հիվանդանոց հասնելը ողջ է եղել։

«Սեպտեմբերի 24-ին մեզ Կարմիր խաչի մեքենաներով տեղափոխում են Հայաստան։ Ինձ տանում են «Էրեբունի» հիվանդանոց, վեց անգամ վիրահատել են, փոքր տղայիս Արաբկիր մանկական հիվանդանոց են տարել»։

Հովոյանների ընտանիքն Արցախում այս սարսափի միջով անցնելուց հետո Հայաստանում են քաշքշուկների մեջ հայտնվել։ «Մեծ տղայիս չեն համարում զոհված, ինձ ու փոքր տղայիս չեն համարում վիրավորված, ասում են՝ հիվանդանոցներում չկան տվյալներ, որ ձեր անուն-ազգանունով մարդիկ են դիմել հիվանդանոցներ։ Տղայիս համար ասում են, որ հաշմանդամության կարգ չի հասնում, բոյը տեղը, քաշը տեղը տղա է, բայց միայն 13  տեղով բեկորները ծակել են աղիները, ծնոտն է վիրավորվել, ուսը, բեկորը մեջն է։ Պրիստուպներ ունեցավ, ԿՏ արեցինք, տեսանք, որ բեկորները դեռ աղիների մեջ է, բայց առողջ են համարում»։

Գոհարինեի խոսքերից պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարությունը աջակցության որևէ ծրագիր չունի սեպտեմբերի 19-ին զոհված քաղաքացիական անձանց համար։ Ընտանիքը Սերգեյի զոհվելու հիմքով որևէ աջակցություն չի ստացել։ «Ես մի անգամ գնացել եմ Շահրամանյանի մոտ, երկու՝ անգամ պետնախարարի, առաջին անգամ Արթուր Հարությունյանն էր, հետո Արամ Սարգսյանը։ Խնդրել եմ, որ ֆինանսավորեն երեխայի գերեզմանի քարը սարքելու համար, որովհետեև իմ ամբողջ խնայողությունները մնացել են Արցախում։ Արամ Սարգսյանն ինձ ասաց՝ դե էդ երկու հարյուր հազար դրամն է մահվան կտանք, կսարքես։ Թողել դուրս եմ եկել։ Հայաստանի ՄԻՊ-ին եմ դիմել նույն խնդրանքով, կառույցից ասացին, քանի որ զոհված չի համարվում, աջակցություն չկա։ Սոցապ էլ եմ դիմել, ասացին նման ծրագիր չկա»։

Ընտանիքում այժմ միայն Գոհարինեն և փոքր որդին են ստանում ՀՀ կառավարության 40+10 աջակցությունը, իսկ ամուսնուն ծրագրի շահառու չեն համարում։ «Պատճառաբանում են, որ չի գրանցվել, երբ Հակարիի կամուրջն անցել է։ Ես էլ իրենց բացատրել եմ, որ սեպտեմբերի 24-ին, երբ Կարմիր Խաչի մեքենաներով անցնում էինք, նման պահանջ չկար, ոչ մեկ իրեն չի ասել, որ պետք է գրանցվես։ Ես Կարմիր Խաչից տեղեկանք եմ վերցրել, որ նա սեպտեմբերի 24-ին է դուրս եկել, բայց իրեն շահառու չեն ճանաչում»,-ասում է Գոհարինեն։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest