Արցախցիներին շենգենյան վիզա չտրամադրելու խնդիրը շարունակում է առկա լինել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Երեք-չորս ամիս առաջ ես սկսեցի այդ մասին գրեթե ամեն օր ահազանգեր ստանալ։ Դեսպանատների մոտեցումը կբաժանեի երեք մասի՝ դեսպանատներ, որոնք առանց որեւէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա։ Խոսքը, օրինակ, նույն Ֆրանսիայի դեսպանատան մասին է, չի եղել որեւէ դեպք, որ մերժեն ընթացքավորել՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է։ Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում։ Օրինակ՝ գիտենք, որ նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, չի ընթացքավորել, հետո հրավիրող կողմը դիմել է Գերմանիայի դեսպանատուն, եւ տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել են վիզան։ Եվ կան դեսպանատներ, որոնք ընդհանրապես որեւէ ձեւով չեն ընթացքավորում, հետեւաբար նաեւ չեն տրամադրում, եթե անգամ կոնկրետ հրավերն ուղարկվում է դեսպանատուն։ Դրանց շարքում հատուկ կընդգծեի Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի դեսպանատները։

Երեկ, օրինակ, ինձ դիմել էր քաղաքացի, որը Իսպանիա պետք  է գնար եւ դիմել է Մոսկվայում տեղակայված հյուպատոսությանը, որը սպասարկում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այստեղ վիզաների կենտրոնից իրեն պարզաբանել են, որ հյուպատոսի հրահանգով չենք կարող վերցնել ձեր փաստաթղթերը եւ ընթացքավորել։ Այսինքն՝ հիմա կոնկրետ երկրներ չեն ընթացքավորում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա ամիսներ առաջ դեսպանատների աշխատանքի մասին հրապարակային մտահոգություն էր հայտնել։ Ասաց, որ տեղյակ է՝ հնչեցված ընդհանուր դժգոհությունից հետո դիվնագիտական ներկայացուցչություններում քննարկում եղել է։ «Եվ այն փուլում, երբ հարցը շատ ակտուալ էր, ինձ տեղեկություն էր հասել, որ ամեն դեպքում որոշում է կայացվել, որ ընթացքավորելու են։ Բրյուսելի մեր աղբյուրներից ստացել եմ տեղեկություն, որ այդ հարցը քննարկվել է եւ որոշվել է, որ ամեն դեպքում պետք է ընթացքավորել եւ խտրականություն չդրսեւորել։ Բայց դրանից հետո մենք սկսեցինք նորից տեսնել, որ այդպես չէ, այսինքն՝ իրենք շարունակում են իրենց գործելաոճը»,- հավելեց նա։

Հարցին, որ դեսպանատները կարծես նման գերծելաոճ են դրսեւորում նաեւ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, շատ դժվարությամբ են վիզաներ տրամադրում, իր կարծիքով՝ դա ընդհանո՞ւր խնդիր է, թե՞ արցախցիների նկատմամբ միտում կա, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Խնդիրը այն է, որ պետք է տարբերակել վիզային պրոցեսը ընթացքավորելն ու մերժելը չընթացքավորելու հետ։ 070 կոդով անձնագրերով դիմումներն ուղղակի չեն ընդունում, ոչ թե ընդունում ու մերժում են, այլ ուղղակի չեն ընդունում։ Դեսպանատներից ստացված պաշտոնական հիմնավորումները հետեւյալն են ասում՝ քանի որ Հայաստանի կառավարության հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ 070 կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետեւաբար մենք չենք կարող ձեր դիմումն ընթացքավորել որպես ՀՀ քաղաքացի»։

Արցախի ՄԻՊ-ը միաժամանակ ասաց, որ ԱՄՆ դեսպանատնից երբեւէ նման հիմնավորում կամ պնդում չեն լսել։ Ինքը եւ այլ արցախցիներ դիմել են ԱՄՆ դեսպանատուն 070 կոդով անձնագրով, դիմումն ընթացքավորվել է եւ ստացել են վիզա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ շենգենյան գոտու բոլոր պետությունները Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի անդամներ են։ Իսկ կոնվենցիայի 28-րդ հոդվածը հստակ ասում է, որ փախստականներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, եւ կոնվենցիայի անդամ կողմերը պարտավորվում են նրանց անձը հաստատող փաստաթուղթ ընդունել։ «Ես կուզենայի այդ հարցը հիմա ուղղել դեսպանատներին, հյուպատոսներին ու ակնկալել պատասխան։ Լավ, եթե ասում եք, որ 070 կոդով անձնագիրը չի հավաստում ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ իշխանությունների ասածից բխում է, որ չի հավաստում, այլ դրանք ճամփորդական փաստաթուղթ են, ապա ասեք խնդրեմ՝ ինչո՞ւ դրանք չեք դիտարկում որպես իսկական նորմալ ճամփորդական փաստաթուղթ։ Դիտարկելու պարագայում նրանք չեն կարող մերժել, նրանք գոնե որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է ընթացքավորեն վիզայի պրոցեսն ու տրամադրեն վիզան»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ եթե ՀՀ ԱԳՆ-ն իրապես շահագրգռված լինի այս հարցը կարգավորել, ապա կարող է կարգավորել։

Ռոզա Հովհաննիսյան

Step1.am

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest