Մի քանի օր առաջ Երևանի Զեյթուն թաղամասի 71-ամյա բնակիչ Ալբերտ Առուստամյանն իրենց բակում վարչապետին է տեսել 9-րդ հարկի իր պատշգամբից, խնձոր է վերցրել ու նետել նրա ուղղությամբ։ Ոստիկանները հաշված ժամերի ընթացքում և՛ տունն են գտել, և՛ խնձորը նետողին։ Տարեց տղամարդուն հենց նույն օրն ազատազրկել են, տարել ձերբակալվածների պահման վայր, ավելին՝ ոստիկանության բաժանմունք են տեղափոխել նաև ընտանիքի անդամներին։
«Ես կարծում եմ՝ այս ամեն ինչը պայմանավորված է զուտ խնձորի թիրախով, երբ որ խնձորի թիրախը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը, խուլիգանության առաջին մասով քրեական վարույթ են նախաձեռնում։ Եթե օրինակ՝ տանձ լիներ, կարող է խուլիգանության երկրորդ մասով նախաձեռնեին, եթե ձմերուկ լիներ, խուլիգանության երրորդ մասով և այդպես շարունակ», — «Ազատության» հետ զրույցում ասաց Առուստամյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբան Երիցյանն ասում է՝ քննչական գործողություններն այսքանով չեն սահմանափակվել. — «Տանը եղել է խուզարկությանը քրեական դատավարության տեսանկյունից նմանվող գործողություն, սակայն խուզարկության վերաբերյալ որոշում Ալբերտը չի ստացել։ Չափումներ են իրականացրել, պահարաններ են բացել-փակել։ Սա, ըստ էության, քրեական դատավարության տեսանկյունից բացառապես համահունչ է խուզարկության գործողությանը, բայց խուզարկությունը կարող է կատարվել միայն դատական ակտով, որի օրինակը պետք է տրամադրեն տանը ներկա անձանց, բայց որևէ դատական ակտ չի տրամադրվել»։
Քննչական կոմիտեի տվյաներով՝ 71-ամյա տղամարդուն մեղադրանք են առաջադրել՝ խուլիգանության հոդվածով, ապա ազատ արձակել երկրից չբացակայելու պայմանով։
Ականատեսների խոսքով՝ խնձորը նետելուց հետո իրարանցում է սկսվել, անգամ փրկարարներն են եկել, քննիչներն անցել են տներով ու ստուգել՝ ում տանն ինչ տեսակի խնձոր կա՝ նետվածի հետ համեմատելու համար։ Բնակիչներն ասում են՝ այստեղ Փաշինյանի ազգականն է ապրում, հյուր էր եկել։
71 ամյա տղամարդու փաստաբանը վստահ է՝ եթե վարչապետի փոխարեն սովորական քաղաքացու ուղղությամբ խնձոր նետվեր, իրավապահներն այսպես չէին արձագանքի։ Նա մեկ այլ աղմկահարույց պատմություն է հիշում, անցած տարի մի քաղաքացի պնդում էր, թե ԱԺ նախագահն իր վրա թքել է։ Ալեն Սիմոնյանը թեև չհերքեց, որ նման բան է եղել, իրավապահներն այս պատմությանը որևէ կերպ չարձագանքեցին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: