ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հայտնելով, «որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:
Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Պուտինի հետ Բաքու ժամանած Լավրովն ասել է․ «Համոզված ենք, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է»։ Ռուսաստանի ԱԳՆ կայքում նույնիսկ թվարկվում են այդ պայմանավորվածությունները (1, 2, 3, 4):
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Ն.Վ.Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։ Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական», ասել է Լավրովը։
Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակվում են։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը անխոչընդոտ կազմակերպելու համար։ Տրանսպորտային տեղաշարժը վերահսկվում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից»։
Բայց սա հրապարակային փաստաթուղթ է։ Իսկ ՀՀ ԱԳՆ պատասխանից հետեւում է, որ Լավրովը ակնարկում է այլ պայմանավորվածություններ։
Երբ ընդունվում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին այդ փաստաթղթի կից ինչ-որ գաղթնի արձանագրութւոննրեի մասին։ Առաջին նման փաստը բացայատվեց բոլորովին վերջերս, երբ հայտնի դարձավ, որ 2020-ի դեկտեմբերին ՀՀ, Ադրբեջանի եւ հնարավոր է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ հուշագիր է ստորագրվել, համաձայն որի Սյունիքի հարավում Հայաստանը հանձնել է մեծ տարածք, այդ թվում Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը։ Այդ հուշագրով Սյունիքում տեղադրվել են ռուսական բանակային ստորաբաժանումներ, որոնց դուրս բերման մասին հայտնի է դարձել գարնանը կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո։
Արդյո՞ք այդ հուշագրի սաբոտաժի մասին էր ասում Լավրովը։
Չի բացառվում, որ կան այլ «ոչ հրապարակային» փաստաթղթեր, այդ թվում՝ Բերձորի միջանցքի հետ կապված։ Հայաստանի կառավարության գրեթե անգործությունը այդ միջանցքի 10-ամսյա շրջափակման եւ հետագայում Արցախի բնակչության տեղահանության վերաբերյալ որոշ փորձագետներ կապում էին հենց գաղթնի պայմանավորվածությունների հետ։
Մինչ օրս հայկական հողերի հանձնման կամ օկուպացիայի հետ կապված որեւէ փաստաթուղթ չի հայստատվել խորհրդարանում կամ Սահմանադրական դատարանում։ Ավելին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հատուկ ձեւակերպել են որպես «հայտարարություն», որպեսզի այն պարլամենտական հաստատման պրոցեդուրա չանցնի։
Բայց պարզվում է՝ գորշ հրապարակային պայմանավորվածություններից զատ գոյություն ունեն ոչ հրապարակային պայմանավորվածություններ։ ՀՀ կառավարությունը ժխտում է դա, սակայն մինչ օրս ժխտում էր նաեւ 2020-ի դեկտեմբերի հուշագիրը։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: