Օրերս  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով:

Բանախոսներներն էին՝  «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը։

Քննարկման թեման առնչվում էր Նուբարաշեն ՔԿՀ-ի հրատապ խնդիրներին և այդ առումով այնտեղից ստացված ահազանգին։ Դավիթ Գյուրջյանի տեղեկատվությամբ՝ հերթական ահազանգը ստացվել է «Սասնա ծռեր»-ի անդամներից, որոնք դատապարտվել են 2022թ. և իրենց պատիժն են կրում Նուբարաշեն ՔԿՀ-ում։ Բարձրացված խնդիրների մեծ մասը կրում են համակարգային բնույթ։ Ընդհանրապես հանցագործության տեսակից ելնելով դատապարտվածը որպես կանոն իր պատիժը պետք է կրի համապատասխան գոտում  ու պայմանում։ Նուբարաշեն ՔԿՀ-ն չունի միջին անվտանգային գոտում հայտնված դատապարտյալների համար նախատեսված պայմաններ։ «Իմ վստահորդներն ըստ օրենքի տեղավորվել են միջին անվտանգային գոտում, բայց այն բարձր անվտանգային գոտուց տարբերվում է տեսակցությունների քանակից և ազատ տեղաշարժվելու ավելի լայն հնարավորությունից, սակայն օրվա ընթացքում 2-3 ժամ բաց տարածքում զբոսնելը նրանց համար կազմակերպում են խցում՝ փակ տարածքում։ Անմխիթար վիճակում են նաև քննիչների, փաստաբանների հետ աշխատելու, կարճաժամկետ ու երկարաժամկետ այլ տեսակցությունների սենյակները։ Նույնիսկ  փաստաբանի հետ տեսակցության պայմանը հնարավոր չէ համարել բավարար. այնտեղ անմարդկային պայմաններ են՝ պատուհանները վնասված, պատերը կիսաքանդված։ Հարազատների հետ տեսակցության պայմանները ևս բացակայում են հատկապես գիշեպակացի դեպքում։ Կահավորանքի վիճակն ու սանիտարահիգիենիկ պայմաններն անմարդկային են և հնարավոր չէ կազմակերպել տեսակցությունները»,-պարզաբանեց Դ.  Գյուրջյանը։

Անի Չատինյանի խոսքով՝ գարշահոտությունն ու անմարդկային պայմաններն առողջության և անձին իր իսկ նկատմամբ նվաստացած զգալու տեսանկյունից անթույլատրելի են։ «նման անմարդկային պայմաններում ավելի է վատթարանում դատապարտյալների առողջականն ու հոգեկան տառապանքը հատկապես հանցանք չգործած և անազատության մեջ գտնվելու հանգամանքում։ Թվարկվածը համակարգային խնդիրներ են, որոնց մասին տարիներ շարունակ խոսվում է, բայց լուծումները չնչին են կամ առհասարակ չկան»,-նշեց  Ա. Չատինյանը։

Այդ ամենի զսպող մեխանիզմների արդյունավետության մասին անդրադարձավ Նինա Կարապետյանցը։ Նրա իրազեկմամբ՝ այն խնդիրները որոնց բախվել են «Սասնա ծռեր»-ը, վերաբերում է բոլոր դատապարտյալներին, սակայն շատ քչերն են դրանց մասին բարձրաձայնում։

«Ասեմ ավելին, այնտեղ խախտվում է նաև ՔԿՀ-ում աշխատող մարդու իրավունքները։ Դա խոշտանգում է նաև նրանց նկատմամբ։ Ոչ բոլոր դատապարտյալներն են կարողանում իրենց խախտված իրավունքի համար բողոքարկել, վճարել փաստաբանի, որ աշխատի այդ ուղղությամբ։ Բողոքարկելուց հետո դատարանը կայացնում է որոշում , սակայն դատական ակտը չի կատարվում պայմանների և ցանկության բացակայության պատճառով»-մանրամասնեց Ն. Կարապետյանցը։

Դատական այդ գործընթացները ձգձգվում են և խախտված իրավունքներով դատապարտյալները շարունակվում են պահվել անմարդկային պայմաններում։ Քննարկման թեմայի մասնակիցներն ահանզանգը հղեցին նաև ՄԻՊ-ին, որ նրանց ներկայացուցիչները արձագանքեն խնդրին։

Ն. Կարապետյանցը կոչ արեց պատկան մարմիններին հնարավորություն ստեղծել անազատության մեջ հայտնված մարդկանց համար զբացվելու սպորտով, ինչ-որ մի գործով, որ մասնագիտական կրթություն ստանան, տեսակապ ունենան, սենյակները հարմարեցվեն օրենքի պահանջներին, այլ ոչ թե նոր ՔԿՀ կառուցեն։

Անդրադառնալով զբաղվածության խնդիրներին Դ.  Գյուրջյանը նշեց, որ պետութունը դատապարտյալների ինքնազբաղվածության հարցերը չի կարգավորում, պայմաններ չի ստեղծում, բայց եզրակացություններում բնութագրում են, որ դատապարտված մարդն աշխատանքի կամ ուսման հանդեպ սեր չունի։ Այսինքն զուտ պատիժ է իրականցվում և վերասոցիալականացում չկա։  Ներկաներն անդրադարձան նաև ՔԿՀ-ներում բուժծառայության սպասարկման ոչ պատշաճ ու խնդրահարույց պայմաններին,  վաղաժամկետ ազատման հիմնախնդիրներին,  նախկին զինվորականներին մյուսների հետ միասին չպահելու հարցերին։

«Սասնա ծռեր»-ի դատապարտյալների շարքերում կան նաև նախկին զինվորականներ, որոնք ևս չպետք է պահվեն Նուբարաշեն ՔԿՀ-ում։ Ն. Կարապետյանցը համոզված է, որ դա դիտավորություն է՝  մարդկանց պատիժն էլ ավելի խստացնելու համար,  հատկապես երբ «Սասնա ծռեր»-ի դատապարտյալներից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն։

Զառա Մայիլյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest