Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները և հասարակական կառույցների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

«Հայկանդուխտ» ավանդապաշտ- ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչը դիմում-նամակ է հանձնել  ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողին, որով փորձ է արվել ահազանգել և պատռել Բաքվի խաղաղասերի դիմակը՝ խորը մտահոգություն հայտնելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP 29) Ադրբեջանում անցկացնելու որոշման վերաբերյալ։

Ակցիայի մասնակիցները վերոնշյալ որոշումն անհամատեղելի համարեցին ՄԱԿ-ի որոշումների ու նպատակների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցում։ «Ադրբեջանական բանտերում շարունակվում են անօրինական պահվել հայ գերիներ, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին։ Քանի որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, ուստի բացառվում է հայ գերիների արդար քննությունն ու նրանց ազատ արձակումը։ Այս ամենը փաստում է Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի մասին ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի նկատմամբ»-նշված է նամակում։

Ներկաները կոչ արեցին ՄԱԿ-ին պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերներին. հակառակ պարագայում վերանայել COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ մինչև բոլոր հայ գերիների ազատ արձակելը։ Նրանք մտավախություն հայտնեցին, որ  COP 29-ից  հետո Ադրբեջանը կխոչընդոտի հայ գերիների վերադարձին։

Ակցիային մասնակից անհետ կորածների հարազատների մի մասը վստահ է, որ իրենց զավակնեըը գերի են, պարզապես այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին, նշելով, որ չեն հավատում ԴՆԹ-ի պատասխաններին։ Ծնողներ էլ կային, որոնց նույնիսկ ԴՆԹ-ի պատասխան  չեն տվել։ «Այս հարցը միայն մերը չէ, այն վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Էս էրեխեքը ոչ միայն մեզ համար են նդեղ, այլ բոլորիդ համար։ Ոտի կանգնեք. մեր էրեխեքը գնացել են երկիր պահելու համար։ Կանգնեք մեր կողքը բացահայտելու հատկապես էն էրեխեքի ճակատագիրը, որոնց ծնողներին կեղծ ԴՆԹ-ներ են տվել։ Մեզ ոչ մեկը չի կարա խաբի»- վրդովված ասաց ծնողներից մեկը։ Նրանք համոզված են, որ իրենց խաբում են պետական մակարդակով ու հեծանիվ քշելով աչքակապություն անում՝ շեղելով հասարակությանը։

«Համ երկիրը տվին, համ հերոսներին տվին։ Ազգ ջան էտ ո՞նց հեշտ մոռացաք ամեն ինչ. երբ ես գնում եմ եռաբլուր,  չգիտեմ որ քարին մոտենամ,  որին պաչեմ,  որին թողնեմ։ Նրանք բոլորի համար են կռվել։ Ոնց կարելի է էդ հերոսների արյունն այդքան շուտ մոռանալ,  դուք անհարմար չե՞ք զգում այ Նիկոլ պաշտողներ»-նշեց մեկ ուրիշ ծնող։

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին նաև սփյուռքահայերին լինել միասնական և բախել միջազգային բոլոր կառույցների դռները՝ ամեն հնարավոր միջոց օգտագործելով Բաքվում ապօրինաբար կալանավորված հայ գերիների վերադարձի հարցը բարձրացնելու և ազատ արձակելու համար։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ամենասխալ քայլն այն է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են այդ նույն կոնֆերանսը Հայաստանում ընդունել։ Դա քաղաքական եւ աշխարհաքաղաքական կոպիտ սխալ էր։ Ընդ որում Բաքվի բանտերում անօրինական պահվող հայ գերիների հարցը Հայաստանը պետք է հնչեցներ պետական մակարդակով։

Զառա Մայիլյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest