Պարեկային ծառայության ստեղծման և ներդրման օրվանից ի վեր որևէ վիճակագրական տվյալ առկա չէ այն մասին, թե որքանով են նրանք արդյունավետ աշխատում, թե արդյոք այդ ցածր կրթական ցենզով (9-ամյա կրթությամբ) գավառական մտածելակերպով անձանց «պահելու» վրա երկրի ծախսված միլիարդավոր գումարներն արդարացված են, թե դա ներկայիս իշխանության հերթական անհաջող նախագիծն է։ Հիշեցնենք, որ նրանք սնվում են մեր հարկերից ձևավորվող բյուջեից և ստանում հայ զինվորից մի քանի անգամ բարձր աշխատավարձ՝։
Ծանոթ չեմ նաև որևէ կանխարգելիչ միջոցառումների, որոնք միտված կլինեն նվազեցնելու վարչական իրավախախտումները թե հետիոտների, և թե հատկապես վարորդների կողմից, ընդհակառակը, հենց իրենք երթևեկելով չամրակապված վիճակում և խոսելով անձնական բջջային հեռախոսով, միառժամանակ պարեկային ծառայողները տուգանում են այդ նույն արարքի համար վարորդներին և ՏԵՂՈՒՄ ու ՄԻԱՆԳԱՄԻՑ միավորներ նվազեցնում՝ անմիջապես զրկելով վարարդական իրավունքից։
Կցանկանամ կենտրոնանալ վերջին մտքի վրա, քանի որ պարեկն իրեն զգում է անբողոքարկելի ատյան և տեղում իրականացնում արդարադատություն՝ մինչդեռ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են ՄԻՄԻԱՅՆ դատարանները։
Այսօր պարեկային ծառայողը գործնականում իրավունք ունի կանգնեցնել վարորդին և մի քանի տուգանք միանգամից նշանակել` ծխելու -1, հեռախոս օգտագործելու -1, չամրակապված լինելու -1, չամրակապված ուղևոր տեղափոխելու -1, դեղատուփ չունենալու -1, կողային ապակիների -2 և դիմակապու լուսաթափանցելիության նորմերի խախտման համար -2: Արդյունքում բոլոր տուգանքների հանրագումարով նախատեսված 9 միավորը ՏԵՂՈՒՄ և ՄԻԱՆԳԱՄԻՑ զրոյանում է պարեկի պլանշետում, և սրանց պլանշետով ցույց է տալիս, որ տվյալ վարրորդը վարրորդական իրավունքից զրկված է և/կամ 6 ամսով տեղում կասեցվում է: Թարմ օրինակ՝ ՎԴ/1615/05/24, ՎԴ/4903/05/24, ՎԴ/0564/05/24, ՎԴ/0626/05/24․․․
Մինչդեռ, ըստ ՀՀ վարչական օրենսգրքի հոդված 35-րդի` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
Նկատենք, որ ցանկացած ակտ 1 ամիս ժամկետում հնարավոր է վիճարկել և պարեկի որևէ տուգանքի որոշում ՏԵՂՈՒՄ և ՄԻԱՆԳԱՄԻՑ ուժի մեջ չի կարող մտնել, ուստի իրավական հետևանք առաջացնել: Ստացվում է, որ պարեկի` դեռևս անբողոքարկելի չդարձած ակտի հիման վրա իրենց պլանշետը որոշում է կայացնում տեղում վարորդին վարորդական իրավունքից զրկելու և/կամ կասեցնելու այն 6 ամսով:
Դա վարչարարության սկզբունքների և մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ խախտում է, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի՝ 1-ին մասի յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Ստացվում է, որ պարեկներն իրենց դրել են վճռաբեկ դատարանի տեղը կամ իրենց զգում են շրջիկ դատարան, որը տեղում անբողոքարկելի վճիռներ է կայացնում։
Բացի այդ, պարեկներն իրենց աչքի տեսածը համարում են ապացույց, մինչդեռ ՎարչԴատ 22-րդ հոդվածում հստակ նշված է, որ 2. Ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները: Որևէ նշում այն մասին, որ պարեկի տեսածը, լսածը կարող է համարվել ապացույց՝ վարչարարության մեջ առկա չէ։
Չունենալով ոչ մի ապացույց՝ քաղաքացուն տուգանում են և տեղում զրկում մեքենան վարելու իրավունքից, իսկ մեքենան տեղափոխում տուգանային հրապարակ, անձին էլ ձերբակալում՝ իբր ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Բոլոր այն դատերը, երբ ոստիկանը չի ունենում ապացույց իրավախախտումն ապացուցող, դատական կարգով անվավեր են ճանաչվում, քանի որ պարեկներն իրականացնում են թերի վարչարարություն, ինչի հետևանքով կազմված յուրաքանչյուր որոշում առ ոչինչ է, հետևաբար այդ ակտերը ենթակա են անվավեր ճանաչման, իսկ հայցերը՝ բավարարման։ Խնդիրն այն է, որ անհարկի ծանրաբեռնվում են դատարաններն ու քաղաքացիների կողմից ծախսվում գումարներ՝ չէ որ Հայաստանում արդարադատությունն այլևս վճարովի է, և 5 000 տուգանքը վիճարկելու համար անձը պարտավոր է 4 200 պետական տուրք վճարի, 860 դրամ էլ Հայփոստին վճարի՝ կողմերին ծանուցման պատվիրված նամակի կտրոնները հայցին կցելու համար։
Ապօրինությունների թարմ շարան են «պլյոնկեքի» տուգանքները։ Ավելի քան 200 բավարարված վճիռներով փաստում ենք, որ պարեկային ծառայությունը գործում է ապօրինի կերպով, քանի որ Հայաստանում չկա լուսաթափանցելիության հստակ չափերը սահմանող որևէ նորմ։ Այս մասին բազմիցս հայտարարել ենք և լուսաբանել՝ հաղթած վճիռները տարածելով մեր էջերում (ի դեպ, Արմենիա Թիվի հեռուստաընկերության թեթև ձեռքով, 2018թ-ի սուր անկյուն» հաղորդման ԻԲՐ հեղինակային իրավունքի խախտման պատրվակով փակվել է մեր՝ @qiplawyers յութուբյան ալիքը: Արդյոք պատվեր է սա, թե զուգադիպություն․․․ թողնում ենք ընթերցողի հայեցողությանը)։
Արձանագրում ենք, որ ստուգաչափումներն արվում են ՄՈՒԹ ու խոնավ եղանակային պայմաններում, որպիսի պարագայում ՉԻ ԿԱՐՈՂ ստուգաչափման տվյալը հավաստի արդյունք ցույց տալ, որևէ սերտիֆիկացում չանցած անհայտ ծագման սարքավորումներով, ուստի նման ստուգաչափումները չեն կարող հավաստի տվյալ տալ։ 100 000 ավոր տուգանքներում որևէ ստուգաչափման վարչարարության ընթացքում երբեք չի ապացուցվել, որ մեքենայի ապակիների լուսաթափանցելիությունը չափվել է համապատասխան կլիմայական պայմաններում, ուր մթնոլորտային ճնշումը պետք է կազմի 86-106 կ Պասկալ, իսկ օդի խոնավությունը՝ 40-80 տոկոս: Բոլոր ապակիների լուսաթափանցելիության չափումներն իրականացվել են ԳՕՍՏ ստանդարտների խախտմամբ, սակայն գրեթե բոլոր տուգանքները ավտոմատ կերպով նվազեցրել են վարորդների տուգանային միավորները 2-ական միավորով՝ բերելով շատերին վարորդական իրավունքի վկայականի կասեցմանը։
Գրեթե բոլոր հաղթած վճիռներում դատարանները համաձայնվել են մեզ հետ առ այն, որ իրավախախտման արձանագրման համար հայտնի չէ և վիճարկվող սկզբնական որոշմով նշված չէ, թե ինչ տեխնիկական միջոցներ են օգտագործվել, ինչով են որպես ապացույց հանդիսացող իրերը և կամ առարկաները ֆիքսվել: Տեխնիկական միջոցները նշվել են միայն վերադասության կարգով ներկայացված բողոքի արդյունքում, որը վարչարարության սկզբունքների խախտում է, քանի որ պրոցեսուալ տեսանկյունից որոշման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ տեխնիկական սարքը, պետք է նշվի հենց որոշման մեջ, հակառակ պարագայում վարչական ակտը զրկվում է լեգալության ու որոշակիության հատկանիշներից, ընդ որում, վարչական մարմինը բոլոր էական հանգամանքները, ապացույցները և հիմքերը պետք է նշի սկզբնական ակտում, այլ ոչ թե ունենա հնարավորություն վարչական ակտը հիմնավորել վերադասության կարգով ներկայացված բողոքի սահմաններում, քանի որ դրանով իմաստազրկվում է վերադասության կարգով բողոք ներկայացնելը, քանզի այն բողոքի քննության նշանակությունից փոխակերպվում է սկզբնական միջամտող վարչական ակտի հիմնավորման, ինչն անթույլատրելի է և դիտարկվում է որպես քաղաքացու հիմնարար իրավունքների խախտում:
Սա հատկապես էական է այն համատեքստում, որ միևնույն մեքենայի միևնույն ապակիները միևնույն ստուգաչափման սարքով չափելիս պարեկն արձանագրում է տարբեր իրարամերժ ստուգաչափման տվյալներ՝ ինչը կասկածելի է դարձնում ինչպես պարեկի գործողության իրավաչափությունը, այնպես էլ անարժանահավատ է դարձնում տվյալ սարքի տվյալները։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՎՀՎՎՄ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով։
Վարչարարության օրինականության սկզբունքը նշանակում է, որ վարչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով: Այդ կապն իր դրսևորումը ստացել է երկու ձևով` 1․ օրենքի գերակայությամբ և 2․ օրենքի վերապահմամբ:
1․ Օրենքի գերակայությունը նշանակում է, որ վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին: Վարչարարության հանդեպ օրենքն ունի գերակայող նշանակություն: Օրենքն է կանխորոշում վարչարարության բովանդակությունը: Վարչական մարմինը պարտավոր է պահպանել օրենքը: Հակառակ դեպքում նրա գործունեությունը և դրա արդյունքում ընդունված իրավական ակտը կամ նրա գործողությունը կամ անգործությունը, ապա արդյունքում ընդունված իրավական ակտը կամ նրա գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ են և, որպես հետևանք, առ ոչինչ կամ անվավեր:
2․ Օրենքի վերապահումը նշանակում է, որ վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված (թույլատրված) դեպքերում` նաև այլ իրավական ակտերով: Այլ կերպ ասած` վարչական մարմինների լիազորությունները պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանվեն օրենքով:
ՎՀՎՎՄ 63-րդ հոդվածով սահմանվում են վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը, որի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում. գ) շահերի բախման իրավիճակում:
Նույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից` սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված բացառություններով: Նույն մասի 3-րդ պարբերության համաձայն՝ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների: (…):
ՎՀՎՎՄ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝ ա) անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բ) վարչական մարմինը՝ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Նշված իրավանորմերից բխում է, որ վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները գնահատելիս գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) ազատ չէ, այլ դրանց գնահատականը պետք է տրվի գործի փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալների և տեղեկությունների հավաստիության կանխավարկածի սկզբունքից ելնելով, քանի դեռ նշված տվյալներն ու տեղեկությունները և ի հիմնավորումն դրանց՝ ներկայացված ապացույցները, չեն հերքվել ծանրակշիռ, յուրաքանչյուր ապացույցին համարժեք հակառակ ապացույցով՝ յուրաքանչյուր ապացույցը գնահատելով ձեռք բերված բոլոր ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության միջոցով, ընդ որում՝ վարույթի ընթացքում անձի ներկայացրած ապացույցները հերքելու դեպքում գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է հստակ հիմնավորի, թե ինչու դրանք արժանահավատ չեն և ինչու է առավելությունը տրվում մեկ այլ ապացույցին:
ՀՀ ՎարչԴատՕր․-ի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ ՎարչԴատՕր․-ի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ ՎարչԴատՕր․-ի 70-րդ հոդվածի համաձայն․ Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են։
Ելնելով վերոգրյալից՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելով վարչական գործում առկա ապացույցները, արձանագրում ենք, որ լուսաթափանցելիության տուգանքներում, որպես կանոն, առկա չի լինում որևէ ապացույց առ այն, որ վարորդի կողմից խախտվել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 26-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 Հավելվածի 6-րդ մասի «ա» կետի պահանջը, որպիսի պայմաններում վարորդի կողմից առջևի հողմապակին և/կամ կողային ապակիների թաղանթապատ վիճակում վարելու փաստը, դատարանները, գրեթե միշտ, համարում են չապացուցված: Վերոգրյալի հաշվառմամբ՝ գալիս ենք այն եզրահանգման, որ վարորդների կողմից տրանսպորտային միջոցների կողային և/կամ առջևի հողմապակին թաղանթապատ վիճակում վարելու փաստը հիմնավորող ապացույցների բացակայության պարագայում որևէ կերպ չի հիմնավորվում վերջինիս կողմից իրավախախտում կատարած լինելու փաստը, որպիսի պայմաններում գտնում ենք, որ բոլոր վարորդների պահանջները ենթակա են բավարարման, իսկ պարեկների գործողություններն ապօրինի են։
Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ Վարչական Դատարանն իր բազմաթիվ վճիռներում՝ ՎԴ/0004/05/22, ՎԴ/0005/05/22, ՎԴ/0091/05/22, ՎԴ/0164/05/22, ՎԴ/0411/05/23, ՎԴ/0515/05/22, ՎԴ/0543/05/22, ՎԴ/0544/05/22, ՎԴ/0557/05/22, ՎԴ/0672/05/22, ՎԴ2/0035/05/22, ՎԴ/0588/05/23, ՎԴ/0765/05/23, ՎԴ/10386/05/23, ՎԴ/4246/05/23, ՎԴ/6671/05/23, ՎԴ/6890/05/23, ՎԴ/7077/05/23, ՎԴ/7246/05/23, ՎԴ/7248/05/23, ՎԴ/7367/05/23, ՎԴ/7411/05/23, ՎԴ/7461/05/23, ՎԴ/7529/05/23, ՎԴ/7554/05/23, ՎԴ/7706/05/23, ՎԴ/7748/05/23, ՎԴ/7792/05/23, ՎԴ/7924/05/23, ՎԴ/7930/05/23, ՎԴ/7964/05/23, ՎԴ/7969/05/23, ՎԴ/8121/05/23, ՎԴ/8135/05/23, ՎԴ/8137/05/23, ՎԴ/8145/05/23, ՎԴ/8155/05/23, ՎԴ/8156/05/23, ՎԴ/8319/05/23, ՎԴ/8339/05/23, ՎԴ/8355/05/23, ՎԴ/8434/05/23, ՎԴ/8455/05/23, ՎԴ/8469/05/23, ՎԴ/8955/05/23, ՎԴ/9191/05/23, ՎԴ/9266/05/23, ՎԴ5/0017/05/23, ՎԴ5/0018/05/23, ՎԴ5/0366/05/23, ՎԴ6/0460/05/23, ՎԴ/0146/05/24, ՎԴ/0215/05/24, ՎԴ/0293/05/24, ՎԴ/0294/05/24, ՎԴ/0302/05/24, ՎԴ/0403/05/24, ՎԴ/0412/05/24, ՎԴ/0439/05/24, ՎԴ/0568/05/24, ՎԴ/0571/05/24, ՎԴ/0608/05/24, ՎԴ/0618/05/24, ՎԴ/0641/05/24, ՎԴ/0642/05/24, ՎԴ/0835/05/24, ՎԴ/0836/05/24, ՎԴ/0837/05/24, ՎԴ/0851/05/24, ՎԴ/0859/05/24, ՎԴ/0880/05/24, ՎԴ/1001/05/24, ՎԴ/1025/05/24, ՎԴ/1032/05/24, ՎԴ/1074/05/24, ՎԴ/1406/05/24, ՎԴ/1416/05/24, ՎԴ/1446/05/24, ՎԴ/1463/05/24, ՎԴ/1469/05/24, ՎԴ/1628/05/24, ՎԴ/1630/05/24, ՎԴ/1652/05/24, ՎԴ/1666/05/24, ՎԴ/1967/05/24, ՎԴ/1986/05/24, ՎԴ/1988/05/24, ՎԴ/2236/05/24, ՎԴ/2669/05/24, ՎԴ/2686/05/24, ՎԴ/2701/05/24, ՎԴ/2710/05/24, ՎԴ/2786/05/24, ՎԴ/2804/05/24, ՎԴ/2995/05/24, ՎԴ/3046/05/24, ՎԴ/3063/05/24, ՎԴ/3096/05/24, ՎԴ/3120/05/24, ՎԴ/3140/05/24, ՎԴ/3359/05/24, ՎԴ/3368/05/24, ՎԴ/3388/05/24, ՎԴ/3392/05/24, ՎԴ/3394/05/24, ՎԴ/3397/05/24, ՎԴ/3407/05/24, ՎԴ/3612/05/24, ՎԴ/3850/05/24, ՎԴ/3979/05/24, ՎԴ/4273/05/24, ՎԴ/4291/05/24, ՎԴ/4734/05/24, ՎԴ1/0127/05/24, ՎԴ1/0128/05/24, ՎԴ1/0134/05/24, ՎԴ1/0135/05/24, ՎԴ1/0137/05/24, ՎԴ/3588/05/24, ՎԴ/3606/05/24, ՎԴ/3643/05/24, ՎԴ/3841/05/24, ՎԴ/3983/05/24, ՎԴ/4000/05/24, ՎԴ/4006/05/24, ՎԴ/4259/05/24, ՎԴ/4260/05/24, ՎԴ/4292/05/24, ՎԴ/4414/05/24, ՎԴ/4423/05/24, ՎԴ/4444/05/24, ՎԴ/3086/05/24, ՎԴ5/0214/05/24, ՎԴ5/0219/05/24, ՎԴ5/0288/05/24. և այլն։)։
Այս բոլոր հաղթած գործերում լուսաթափանցելության տուգանքները Դատարանը համարել է ոչ իրավաչափ՝ դրանից բխող հետևանքներով։ Հիշեցնենք, որ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 13-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով՝ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանդրության 61-րդ, 63-րդ հոդվածներով, ինչպես նաեւ 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասը, գտնելով, որ առկա է լուսաթափանցելիության տուգանքների վարչական վարույթներըը կասեցնելու եւ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն:
Հանդիսանալով Քաղաքացու Իրավունքների Պաշտպան (ՔԻՊ) նախաձեռնություն, մեր բոլոր հաղթած գործերը ոչ միայն պարբերաբար լուսաբանել ենք մեր ֆեյսբուքյան էջում, այլև վերադասության բողոքարկման շաբլոններ ենք ստեղծել և անվճար տարածել դրանք Հայ հասարակության համար։
Այսքանը տեսնելուց հետո պարեկային ծառայությունը «որս է սկսել» ՔԻՊ ղեկավար, իրավապաշտպան Տիգրան Սարգսյանի դեմ՝ դատի տալով վերջինիս (քաղաքացիական գործ՝ եդ2/3408/02/24) և Տիգրանի մեջքի հետևում իր գույքի վրա արգելանք դնելու անհաջող փորձով, ինչպես նաև իր կատաղած «շներին» է ուղարկել ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու իրավապաշտպանի դեմ (07․06․2024թ․-ին ՀՀ ԱԱԾ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ՆԱՎ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներ, որոնց հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ)։ Ինչպես նաև, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետաքննության վարչությունը հետախոզում/ստուգում է սկսել Տիգրան Սարգսյանի նկատմամբ այն բանի համար, որ վերջինս ֆիզիկական անձանց մատուցում է իրավաբանական ծառայություններ՝ պարեկային ծառայության կողմից կայացված որոշումների բողոքարկման մասով։ Ինչպես նաև մեկ այլ քրեական գործով, Տիգրան Սարգսյանին արդեն առաջադրվել է մեղադրանք և ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, սակայն գործի համարն ու բովանդակությունը՝ նախաքննական գաղտնիք լինելու պայմաններում, հրապարակման ենթակա չէ, ասենք միայն այն, որ Տիգրան Սարգսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔրՕր 489 հոդվածի համար՝ ԻԲՐ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Բայց դե բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս բոլոր գործերի ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿՅԱ սկիզբը հենց զգուշացում է այն մասին, որպեսզի Տիգրան Սարգսյանը դադարեցնի օգնել քաղաքացիներին՝ բողոքարկելու պարեկների ապօրինի տուգանքները, քանի որ որ մեծապես զրկում է պետության որոշ չինովնիկներին ակնկալվող եկամուտներից։
Ինչևէ։
Քիպ-ն իր 15 տարվա գործունեության ընթացքում ունեցել է տասնյակ հազարավոր հաղթած գործեր ըննդեմ քաղաքապետարանի կարմիր գծերի և ոստիկանության ապօրինությունների, հրատարակել է ուսումնական ձեռնարկներ և գրքեր Վարչական իրավունքի վերաբերյալ, և իր պայքարի մեջ վճռական է։
Նշենք նաև այն, որ դիմել ենք ՄԻՊ, սակայն նրանցից ստացած դատարակ ու անբովանդակ գրությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ չեն էլ կարդացել դիմումը։
Կարևոր է նաև այն, որ մեր կողմից ՔրՕր 441, 450 և 549 հոդվածներով հաղորդում է ներկայացվել պարեկային ծառայության պետ՝ Խուդինյանի դեմ պաշտոնեական լիազորությունների և իշխանության չարաշահման մասին այն օրվանից հետո, երբ ՀՀ ԱՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածը նախատեսվում է փոխել, քանի որ այն լիարժեք թույլ չի տալիս լուսաթափանցելիության տուգանքների օրինական նշանակումը:
Այդ ընթացքում պարեկային ծառայությունը փոխել է տուգանքի հիմքերն ու բլանկը՝ վերացնելով այդտեղից Կառավարության 955 որոշումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք նախքինում համատարած կերպով ապօրինի են տուգանել հազարավոր քաղաքացիներին։
Այսինքն, նշվածը նշանակում է, որ պաշտոնապես և հրապարակային ընդունվում է, թե մինչ օրս լուսաթափանցելիության հետ կապված՝ քաղաքացիներին տուգանելու, քաղաքացիների մեքենաները տուգանային հրապարակներ տեղափոխելու և այդ գործընթացին օրինաչափորեն խանգարել փորձող քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, տեղում պատժելու՝ իբրև թե իրավաչափ կայացված որոշումները եղել են ապօրինի կամ առնվազն օրենքի խախտմամբ։
ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը հստակ սահմանել է Դատական ակտերի պարտադիրությունը, որի համաձայն՝ 2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: 3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Փաստում ենք, որ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայությունն իր ամենօրյա աշխատանքում (ծառայության ընթացքում) գերակշռող դեպքերում անտեսում է Հայաստանի Հանրապետության անունից կայացրած օրինական ուժի մեջ մտած վճիռները և շարունակում է տուգանել ՀՀ քաղաքացիներին` վկայակոչելով ՀՀ կառավարության 955-Ն որոշումը, որով սահմանված չեն լուսաթափանցելիության հստակ չափեր։
Դատարանը ավելի քան 200 անգամ գտել է, որ ՀՀ կառավարության կողմից ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափեր սահմանված չլինելու պայմաններում վարչական մարմնի կողմից ՀՀ քաղաքացիները ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկվել չէին կարող:
Փաստում ենք, որ 2023թ.-ի հունիսից մինչ օրս 100 000-ավոր վարորդներ տուգանվել են, ՓԱՍՏՈՐԵՆ, ապօրինաբար, ինչի հրամանը տվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, ապա նաև՝ Արթուր Խուդինյանը։
Վերջիններս քաջ գիտակցելով իրենց հրամանի հակաիրավական լինելու մասին, և այն, որ ՀՀ Կառավարության 955-Ն որոշմամբ սահմանված չեն լուսաթափանցելիության հստակ չափեր, այդուհանդերձ, հանձնարարել են բոլորին անխտիր տուգանել, ինչպես նաև թաղանթապատված մեքենաներն այդ հիմքով տուգանային հրապարակ տարհանել, ինչպես նաև՝ օգտվելով իրավագիտակցության ցածր աստիճան ունեցող անձանց վիճակի խոցելիությունից՝ չթողնելով այլընտանք, քան ենթարկվելու իր նկատմամբ կատարվող չարաշահմանը՝ ստիպել են տեղում պոկել թաղանթները, լկտիաբար ստելով, թե օրենք է փոխվել, այժմ արդեն օրինական են տուգանքները։ Դա ևս խոստովանություն է, որ մինչ այդ ապօրինի են եղել։
Ստացվում է, որ Պարեկները, իրենց պետի հրամանով, խաբեության, վստահությունը չարաշահելու ինչպես նաև կեղծ տեղեկություն տարածելու և ապօրինի այլ եղանակներով, դիտավորությամբ մոլորության մեջ գցելով վարորդներին՝ պնդել են, թե առկա է ՕՐԵՆՔ, որով չի թույլատրվում երթևեկել մգեցված ապակիներով, ուստի մեքենան պետք է տարհանել տուգանային հրապարակ։
Այդ գործողությունները արտահայտվել են ոչ միայն ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, ՎԻՎ օրենսգրքի, ինչպես նաև՝ վնասի հատուցմանը կոչված իրավանորմերի բացահայտ անտեսմամբ և/կամ խախտումներով, այլև զուգորդվել են վարորդներին քրեորեն պատժելի վարքագծով ու գործողություններով թյուրիմացության մեջ գցելով, կեղծ տեղեկատվություն հրամցնելով, վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելով, Պարեկային ծառայության՝ ամենակարող ու ամենաթողությամբ օժտված ծառայություն ներկայացնելով, շատերին խոշտանգելով, ազատ տեղաշարժվելու, սեփականության, մեքենայի անձեռնմխելիության իրավունքի և հիմնարար իրավունքներից զրկելու եղանակով, ինչի մասին բազմաթիվ են պաշտոնական և ոչ պաշտոնական ԶԼՄ-ներով հրապարակումները։
Ակնհայտ է, որ ապօրինի հանձնարարականներ ստացող պարեկների մեծ մասը շահագրգռվածություն ունեն ավելի շատ տուգանքների որոշումներ կազմելու հարցում, քանի որ խրախուսման և հավելավճարներ ստանալու, ինչպես նաև՝ հասարակության նկատամամբ իրենց արտոնյալ զգալու զգացումները նրանց մեծ մասին մղում է անհավանական արկածախնդրությամբ տուգանքներ կիրառելուն։
Շարունակելով պարեկների ապօրինությունների դեմ մեր պայքարը, մենք բոլոր վարչական դատարանի դատավորներին միջնորդություն ենք ներկայացրել լուսաթափանցելիության տուգանքների վարույթները կասեցնելու եւ ՀՀ Սահմանադրական Դատարան դիմելու մասին, սակայն որևէ դատավոր չի բավարարել այդ հիմնավոր 8 էջանի միջնորդությունը՝ խուսափելով «խնդիրներ» ունենալ վարչապետի կողմից ահռելի եկամուտով ապահովող իր «թիկնապահների»՝ պարեկային ծառայության հետ։
Վարչական դատավարության կասեցման եւ Սահմանադրական արդարադատությանը դիմելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքների առկայությամբ. ա/ նախ, սույն հայցադիմումով ներկայացված բազմաթիվ փաստարկները, ինչպես նաեւ նմանատիպ պահանջով բազմաթիվ դատական ակտերով Դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումները վկայում են այն մասին, որ վարչարարություն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում պարեկային ծառայության) գործողությունները եւ դրանց իրավական հետեւանքներն իրավաչափ չեն։
Մասնավորապես, գրեթե բոլոր վճիռներում Դատարանն արդարացիորեն արձանագրել է՝ որ ՀՀ կառավարության կողմից ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող լուսաթափանցելիության թույլատրելի չափեր սահմանված չլինելու պայմաններում հայցվորին չի կարող վերագրվել ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող լուսաթափանցելիության թույլատրելի չափերի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու իրավախախտում: Ստացվում է, որ ա/ պարեկային ծառայողները, ղեկավարվելով իրենց վերադասների ապօրինի հրամաններով, քողարկված կերպով կրկնակի քննության ենթարկելով արդեն իսկ մեկ անգամ լուծված գործը, կասկածի տակ են դրել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը` անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը: բ/ հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ բարձրացված հարցը արդիական է եւ կրում է մասսայական բնույթ, քանի որ ինչպես վերը նշվեց, արդեն իսկ առկա են նմանատիպ պահանջով բավարարված եւ օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտեր, գ/ խնդրահարույց է նաեւ այն, որ նմանատիպ պահանջով օրինական ուժ ստացած դատական ակտերն իրավազոր չեն իրավունքի ուժով դադարեցնելու վարչարարություն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ գործողությունները, եւ ինչպես արդեն վերը նշվեց, դրանք շարունակական են եւ կրում են մասսայական բնույթ, ինչն էլ իրավունքի գերակայության, օրինականության եւ իրավական պետության սկզբունքների հակասման նախադրյալ է:
Փաստում ենք, որ ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայությունն անտեսում է ՀՀ անունից կայացրած օրինական ուժի մեջ մտած վճիռները և շարունակում է տուգանել ՀՀ քաղաքացիներին ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 955-Ն որոշման հիման վրա, որոնցով սահմանված չեն լուսաթափանցելիության հստակ չափեր։
Որպես բարձրացված խնդրի լուծման հիմնավորում անհրաժեշտ է նշել, որ առկա է իրավական կարգավորման (այն է՝ չկարգավորման, անհեթեթ իրարամերժ եւ անիրավահավասար) անհասկանալի համակարգ, ինչն առաջացնում է՝ վիճարկվող (կիրառված) հոդվածի եւ դրա բաղադրիչը հանդիսացող ենթաօրենսդրական փաստաթղթով՝ ստուգող սարքավորման որակի եւ դրա կիրառելիության մասին տրված, առկա լուծումների անհամատեղելիությամբ պայմանավորված իրավական մի շարք խնդիրներ: Դրա հետեւանքն է նաեւ առկա խնդրի մասսայական բնույթը: Դա է վկայում նաեւ նմանատիպ պահանջով առկա բազմաթիվ դատավարական գործընթացները:
Բացի այդ, 2024թ․-ի ապրիլի 5-ից փոփոխության է ենթարկվել վերոհիշյալ նորմը, համաձայն որի այլևս 5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր:
Գտնում ենք, որ տվյալ նորմը խախտում է որոշակիության սկզբունքը, ինչն իր հերթին ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է։
Այսպես․՝ ՀՀ Սահմանադրության, 6-րդ հոդվածը սահմանում է Օրինականության սկզբունքը՝ 2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Ստացվում է, որ չկա որոշակիություն, թե այդ նույն խախտման համար երկրորդ տուգանքը պարեկային ծառայողը երբ կարող է կրկին արձանագրել և ինչ պարբերականությամբ։ Գործնականում դա կարող է լինել մեկ րոպե անց և մի քանի անգամ՝ այսպիսով զրկելով վարորդին 2-ական միավորներով այնքան անգամ, որպեսզի տեղում վարորդական իրավունքի կասեցման բերի։
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմերի աստիճանակարգությունը վերնագրմամբ հոդվածի կարգավորմամբ Սահմանադրությանը տրված է բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ օրենքները նշվում է, որ պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն էլ պետք է համապատասխամեն սահմանադրական օրենքներին եւ օրենքներին, իսկ 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ Սահմանադրության ու օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, սակայն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին։
Վերոնշյալ բոլոր հանգամանքները համադրելով պետք է փաստել, որ իրականում առկա է արդիական խնդիր, որի լուծման իրավասությունը տրված է ՀՀ Վարչական Դատարանին, ինչով էլ պայմանավորված հենց Դատարանից է ակնկալվում ներկայացվող խնդրի արդարադատությունը, միաժամանակ հաշվի առնելով այն, որ ինչպես վերը նշվեց, առկա են նմանատիպ պահանջով բավարարված եւ օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտեր, սակայն դրանք անհատական բնույթ են կրում եւ արդյունքում Դատական իշխանությունը և հատկապես Վարչական Դատարանը դեռ շարունակում է ծանրաբեռնվել միեւնույն բնույթի պահանջ պարունակող հայցադիմումներով, նաեւ հաշվի առնելով այն, որ սույն հայցադիմումը համադրելի է դրանց, ինչն էլ հիմք է եզրահանգելու՝ միեւնույն դրույթների կիրառելիության հետեւյալ հիմնավորմամբ.
1/ սույն գործով պարեկի կազմած վարչական տույժ նշանակելու որոշումը կայացվել է ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանմամբ՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու, ինչն առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով,
2/ նշված իրավանորմի որպես շարունակություն եւ լրացում ներկայացնում է նույն հոդվածի 5-րդ մասը, ըստ որի նշվում է, որ ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է ՀՀ կառավարությունը,
3/ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանմամբ իրավախախտման օբյեկտիվ կողմը կարգավորվում է կառավարության որոշմամբ հաստատված՝ ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը գերազանցող չափով տրանսպորտային միջոց վարելու հատկանիշով։ Այսինքն, նշված իրավախախտման առկայության առաջնային պայմանը կառավարության որոշմամբ ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմանումն է, որի առկայության դեպքում իրավախախտման օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների ստուգման հաջորդ քայլը տվյալ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության ու կառավարության որոշմամբ հաստատված լուսաթափանցելիության չափի համադրությունն է, անհրաժեշտ է, որ եթե տրանսպորտային միջոցի ապակու լուսաթափանցելիության չափը գերազանցում է կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն չափը, ապա ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավախախտման օբյեկտիվ կողմը կհամարվի հաստատված,
4/ ՀՀ կառավարության 28.06.2007թ. «ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված է տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմանների ցանկը, որի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության՝ տրանսպորտային միջոցի այլ անսարքությունների ներքո, ի թիվս այլոց, նշվում է, տրանսպորտային միջոցի ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող) լուսաթափանցելիության անհամապատասխանումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերին,
5/ աներկբա է, որ վարչական պատասխանատվություն պարունակող վարչական ակտի հիմքում՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելու համար, որպես խախտված իրավական նորմ վկայակոչվում է ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 2-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը եւ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածի 4.3 կետը,
6/ ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման վկայակոչված իրավական նորմը ապակիների լուսաթափանցելիության չափ չի սահմանում, իսկ ինչ վերաբերում է Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, ապա այն չի կարող համահունչ լինել ՀՀ կառավարության որոշման հետ, քանի որ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է սահմանել կառավարության որոշմամբ սահմանված ապակիների լուսաթափանցելիութան չափի խախտման համար, իսկ մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011թ. թիվ 877 որոշմամբ հաստատված ՄՄ ՏԿ 018/2011 կանոնակարգով ապակիների լուսաթափանցե-լիության չափ սահմանված լինելու ու ՀՀ-ում ուղղակիորեն կիրառելի լինելու դեպքում անգամ այդ նորմերի խախտման համար պատասխանատվություն ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավախախտման օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշները չեն համապատասխանում սույն վիճահարույց վարչական ակտով անձին վերագրվող ենթադրյալ խախտման հատկանիշներին։
Այդ չափերը սահմանված էին ՀՀ կառավարության 24.02.2005թ-նի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշումով, սակայն ՀՀ կառավարության 13.01.2022թ-նի N 27-Ն որոշմամբ 2022թ-ի հունվարի 14-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 24.02.2005թ-նի N 289-Ն որոշումը:
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասը, 15-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը, ինչպես նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից տրված ապակիների լուսաթափանցելիության չափիչ սարքերին տրված ստուգաչափման վկայականների գործողության ժամկետները, մեծամասամբ, անցած են լինում, ուստի և դրանցով իրականացված ստուգաչափումն Ի ՍԿԶԲԱՆԵ չի կարող օբյեկտիվ ու հուսալի տվյալ արտաբերել, հատկապես այն համատեքստում, որ միևնույն ապակին մի քանի անգամ չափելիս իրարամերժ ու տարբեր տվյալներ են ստացվում։
Լուսաթափանցելիությունը ստուգող սարքի տեխնիկական բնութագրի ու օգտագործման ձեռնարկի, լուսաթափանցելիության հանգամանքը պետք է պարզվի 0-50°C և մինչև 90% խոնավություն աշխատանքային միջավայրում, իսկ ստուգվող ապակու հաստությունը չպետք է գերազանցի 18 միլիմետրը։ Մինչդեռ բազմաթիվ ստուգաչափումներ իրականացվել են ցուրտ և մութ ժամերին՝ անտեսելով լուսաթափանցելիությունը ստուգող սարքի տեխնիկական բնութագրի ու օգտագործման ձեռնարկով նախատեսված ստանդարտները։ Քանի որ ապակիների լուսաթափանցելիության չափի միավորներ և չափվող արժեքների բաշխման տիրույթի սանդղակ չկա, հետևաբար ավտոմեքենաների առջևի դռների ապակիների 70% լուսաթափանցելիության չափը, դրա խախտման իրավանորմը կեղծիքով հորինված են:
Բացի այդ, ըստ տեխնիկական բնութագրի ԱՊԱԿԻՆԵՐԻ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ WTM-1100 ՉԱՓԻՉԸ չափում է 550 Նանոմետր երկարությամբ ալիքի լուսանցանելությունը։ Քանի որ մարդու տեսողական տիրույթը 380-ից 780 Նանոմետր տիրույթում է, իսկ 550 Նանոմետրը կանաչ լույսի հատվածում է, ուստի այս սարքերով կատարված չափումների 0-ից բարձր արդյունքում արձանագրվում է, որ ինչ որ ուժի և հոսքի կանաչ գույնի լույսը երանգավորված ապակու միջով անցնելուց հետո տեսանելի է ինչ որ տոկոսով։ Քանի որ որևէ կարգավորում չկա, իսկ երանգավորված ապակու միջից գույների՝ ներառյալ կանաչ գույնի, զանազանումը կարելի է իրականացնել անզեն աչքով, ուստի այս չափիչ սարքերով ՄՄ ՏԿ 018/2011-ով «սահմանված նորմերի» չափումներն առարկայազուրկ են։
Քանի որ ՄՄ ՏԿ 018/2011-ն հաստատվել է 2011թ-ին, ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ՝ 2016թ-ին, իսկ MU 2058-90 ստուգաչափման մեթոդիկան 1990թ-ին, ուստի ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ 5-րդ կետի առաջին պարբերության համաձայն, «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ-ն կողմից՝ թարմացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա, պետք է իրականացվեր չափումներին ներկայացվող չափագիտական պահանջներին MU 2058-90 ստուգաչափման մեթոդիկայի համապատասխանության հաստատում՝ եթե լիներ թափանցիկ գունավոր թաղանթով լուսապաշտպանիչ շերտի լուսանցանելիության իրավական կարգավորում՝ համաձայն ՄՄ ՏԿ 018/2011-ի: Հետևաբար՝ չկարգավորվող լուսաթափանցելիության պարագայում, MU 2058-90 ստուգաչափման մեթոդիկայով ԱՊԱԿԻՆԵՐԻ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ WTM-1100 ՉԱՓԻՉ սարքերի ստուգաչափումը իրականացնելը և ստուգաչափման արդյունքների հիման վրա WTM-1100 չափման միջոցները սահմանված պահանջներին բավարարող համարելը՝ հակասահմանադրական է ու ապօրինի։ Որևէ իրավանորմով չկարգավորվող այս սարքերով կատարված չափումների արդյունքները որպես իրավախախտում արձանագրելը՝ հանցագործություն է։
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Ուստի անհրաժեշտ է վերականգնել Սահմանադրական կարգն ու հակասահմանադրական ճանաչել՝ wtm-1100 չափիչներով արձանագրված, «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումով» տրանսպորտային միջոցները վարելու համար ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության տուգանքներ նշանակելու մասին որոշումները և պարտավորեցնել վերջիններիս զերծ մնան գոյություն չունեցող իրավական նորմով տուգանքների նշանակումից։
Խնդիրը գլոբալ է, քանի որ անտեսելով ՀՀ Սահմանադրությունն ու Դատական իշխանության օրինական ուժի մեջ մտած վճիռները, պարեկային ծառայությունը զանգվածաբար ու շարունակաբար կատարում է հակասահմանադրական արարք հետևյալ հորինված իրավանորմերի և կեղծիքների միջոցով.
Կեղծվել է իրավաստեղծ մարմնի իրավանորմը՝ վարորդի համար տեսանելիությունն ապահովվող հողմապակու և ապակիների լուսանցիկությունն, որը չափվում է __օ անկյունային աստիճան ֆիզիկական մեծություն չափման միավորներով, ընդ որում լուսանցիկ ապակիների անկյունային սեկտորների հանրագումարի հարաբերություները վարորդի տեսադաշտի հորիզոնական հարթության 360օ շրջագծի նկատմամբ՝ արտահայտվում են տոկոսներով:
Դրա փոխարեն հորինվել է ավտոմեքենաների միայն առջևի դռների ապակիների «լուսաթափանցելիության չափի» իրավախախտումը:
Թափանցիկ, գունավոր թաղանթով ապակիների (իրավաստեղծ մարմնի կողմից չկարգավորվող) լուսաթափանցելիության վերաբերյալ հորինվել է չափ՝ որը չափվում է միայն տոկոսով, իսկ չափումների արդյունքների հիման վրա իրականացվում է հորինված իրավախախտման արձանագրում:
Այդ հորինված լուսաթափանցելիության չափումներն իրականացվում են WTM-1100 ՉԱՓԻՉՆԵՐՈՎ, ընդ որում չափում են ապակու (ա՛նհայտ չափվող ֆիզիկական մեծության, ա՛նհայտ չափման միավորներով չափվող) անհայտ ֆիզիկական միավորներով մեծության տոկոսներ, իսկ սարքին կից տպիչը հայերեն տպում է «Լույսի թափանցելիություն xx %»:
WTM-1100 ՉԱՓԻՉՆԵՐԸ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ ստուգաչափողի կողմից՝ խախտելով և կեղծելով «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը /այսուհետ ՕՐԵՆՔ/ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Որոշում № 21-2016-ով հաստատված Չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման կարգն /այսուհետ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ/, իբր ստուգաչափվել են և ստացել են Ապակու մգեցվածության չափիչ չափման միջոցի ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ:
ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը հստակ սահմանել է Դատական ակտերի պարտադիրությունը, որի համաձայն՝ 2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Փաստում ենք, որ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայությունն իր ամենօրյա աշխատանքում (ծառայության ընթացքում) գերակշռող դեպքերում անտեսում է ՀՀ անունից կայացրած օրինական ուժի մեջ մտած վճիռները և շարունակում է տուգանել ՀՀ քաղաքացիներին` վկայակոչելով ՀՀ կառավարության 955-Ն որոշումը, որով սահմանված չեն լուսաթափանցելիության հստակ չափեր։ Եվ դա կրում է զանգվածային ու շարունակական բնույթ։
Կարծում ենք՝ պարզ է, որ ներկայիս իշխանության օրոք նման հաղորդումը մնացել է անհետևանք։ Ինչևէ, մեր պայքարը շարունակվում է։ Պիտի հաղթենք ու հաղթելու ենք!!!
Տիգրան Սարգսյան
Քաղաքացու Իրավունքների Պաշտպան ՍՊԸ
Հ․Գ․ Պատրաստ ենք հրապարակել նաև Ներքին Գործերի նախարարության տեսակետը թեմայի առնչությամբ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: