Լիճք գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանը «Քեզ համար, Հայաստա՛ն» գիրքն է հեղինակել, որտեղ ներկայացված են պատերազմում անմահացած Գեղարքունիքի մարզի Լիճք, Ձորագյուղ և Վերին Գետաշեն գյուղերի տղաների պատմությունը։ Դավիթը ներկայացրել է տղաների մանկության, պատանեկության տարիներն ու պատերազմին մասնակցության ժամանակահատվածը։
«Գիրքը գրելու նպատակը տղաների սխրանքը ցույց տալն է և անկախ նրանից, որ Արցախի ու Հայաստանի միջև անջրպետ կա, մենք չենք մոռանում այն տղաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին Արցախի ու Հայաստանի համար։ Գրքում ներկայացրել եմ յոթ հերոսի պատմություն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Առաքելյանը։
Դավիթը «Քեզ համար, Հայաստա՛ն» գրքում առաջինը ներկայացնում է ձորագյուղցի Դավիթ Սողոյանին։ «Հակոբը նախքան ծառայության մեկնելը մեծ խանդավառությամբ էր լցված այն փաստից, թե երբ պետք է մեկնի ծառայության»,-Հակոբի մասին գրքում գրել է հեղինակը։
Դավիթի փոխանցմամբ՝ Հակոբը 44-օրյա պատերազմին մասնակցել է Ջրականում, մեկնել է Խնձորեսկից, որտեղ ծառայում էր, եղել է տանկիստ։ «Կարողացել է խոցել հակառակորդի երեք տանկ։ Հոկտեմբերի 7-ին մնացել է հրամանատարի և երեք ընկերների հետ, հետ վերադառնալիս զոհվել է ԱԹՍ-ի հարվածից»։
Գրքում երկրորդը ներկայացված է Լիճք գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանի մարտական ուղին։ Արտյոմը Իջևանի զորամասի զինծառայող է եղել, Արցախ է մեկնել սեպտեմբերի 30-ին։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ ընկերների հետ դիրքեր բարձրանալու ճանապարհին։
Լիճք գյուղից Արթուր Մարգարյանի ուղին ևս ներառված է Դավիթի գրքում։ Նա մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի եռօրյա պատերազմին։ «Մինչ այդ՝ մեկ տարի առաջ, Արթուրը զինակիցների հետ միասին հետ է մղել թշնամու դիվեսիոն խմբին, որոնք ցանկացել են ներթափանցել Գորիսի դիրքեր։ Իսկ սեպտեմբերի 13-ին ընկերոջ հետ միայնակ են մնացել թշնամու դեմ պատերազմում։ Ութ ժամ պայքարել են։ Հետո պարզվեց, որ թշնամին մի քանի ամիս շարունակ Իշխանասարի դիրքերից հավաքում էր իր զինվորների դիակները»։
Վիլգեմ Գեղամյանը Լիճք գյուղից, որը ևս ներառված է Դավիթի գրքում, եղբոր հետ սեպտեմբերի 27-ից մարտերին մասնակցել է Հադրութի շրջանում։ «Նա հրետանավոր էր և մինչև իր զոհվելու օրը՝ հոկտեմբերի 14-ը, կարողացել է խոցել թշնամու մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Նա նահատակվել է Հադրութի մատույցներում»։
Տանկիստ Հակոբ Մաթաշյանը Վերին Գետաշեն գյուղից էր։ Դավիթն իր գրքի հերոսին ներկայացնում է Հայաստանի լավագույն տանկիստներից մեկը։ «ՌԴ-ում մասնակցել է Կովկաս-2020 զորավարժություններին։ Պատերազմի առաջին օրերին եղել է Ջրականում, հետո Քաշաթաղում։ Նահատակվել է հոկտեմբերի 16-ին՝ մինչ այդ կատարելով իր առջև դրված բոլոր մարտական գործողությունները կատարել է փայլուն կերպով»։
Լիճք գյուղից Ալեքսանդր Կարապետյանը մարտնչել է Հադրութի շրջանում։ «Պատերազմի առաջին օրերին եղել է առաջնագծում, ընկերների հետ գրավել է հակառակորդի երկու դիրք, առգրավել են կարևոր նշանակության քարտեզներ։ Նահատայվել է հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի շրջանի Այգետսան գյուղի համար մղվող մարտերի ընթացքում։ Պատերազմ են «Յաշմա» ջոկատի դեմ, հայտնվել են շրջափակման մեջ, օգնություն չստանալով թիկունքից, զոհվել է»։
Գրքի վերջին հերոսը Լիճք գյուղից Սարգիս Սրքոյանն է։ «Նա պատերազմի առաջին օրերին եղել Ջրականում, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հետ ընկերներ էին։ Նա իր մեքենայով սնունդ և ռազմամթերք է մատակարարել տղաներին՝ չիմանալով, որ Հադրութ է ներխուժել ադրբեջանական հետախուզական վաշտը։ Թշնամին կրակ է բացում Սարգիսի և ընկերների մեքենայի ուղղությամբ։ Կրակոցներից մեքենան շուռ է եկել։ Սարգիսը պատերազմի ամբողջ ընթացքում սնունդ է հասցրել ընկերներին՝ գիտակցելով, որ ամեն անգամ դա կարող է լինել վերջինը»։
Դավիթը նշում է իր նպատակն է հասարակությանը ներկայացնել տղաների մարտական ուղին, որ բոլորի մոտ ընկալում ձևավորվի սրբադասված նահատակների մասին։ «Ուզում եմ, որ նրանց լավ ճանաչեն, նպատակս դա է»։
«Քեզ համար, Հայաստա՛ն» գրքի կազմում պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է, որի մոտ կանգնած են գրքի վեց հերոսները։ «Գրքի հետնամասում պատկերված է Իշխանասարը, գտնվում է Սյունիքի մարզում։ Պատկերված զինվորը խորհրդանշում է Արթուր Մարգարյանին։ Նա զոհվել է 2022 թվականին՝ Իշխանասարի պաշտպանության ժամանակ։ Գրքի կազմով ցանկանում ենք ցույց տալ, որ Արցախն ու Հայաստանն անբաժաբելի են»,-նշում է գրքի կազմի համահեղինակ Մերի Հովհաննիսյանը, նա Արթուր Մարգարյանի մորաքրոջ դուստրն է։
Օգոստոսի 10-ին Լիճք գյուղում տեղի է ունեցել «Քեզ համար, Հայաստա՛ն» գրքի շնորհանդեսը, ներկա են եղել զոհված տղաների ծնողները։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։