Այսօր առավոտյան ժամը 08:00-ին նույն քրեական վարույթի շրջանակներում այլ հիմքով կրկին ձերբակալել են Արամ Երիցյանին։ Այդ մասին ահազանգել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավտոմեքենան սխալ տեղում կայանելու համար միջադեպ է տեղի ունեցել Պարեկային ծառայության աշխատակիցների և փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր միջև։ Քննչական կոմիտեի և Երիցյանի կողմից հրապարակված տեսանյութերում, որոնք պարեկային ծառայողին ամրակցված տեսագրող սարքից են վերցված, երևում է, թե ինչպես են պարեկները փորձում ձեռնաշղթաներ հագցնել և բերման ենթարկել Արամ Երիցյանին, սակայն վերջինս ընդդիմանում է ձեռնաշղթաներ հագցնելուն, նշելով, որ առանց դրանց կգա բաժին։ Տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո պարեկային ծառայողները գետնին են տապալել Երիցյանին և մոտ տարածությունից, ինչն անթույլատրելի է, արցունքաբեր գազ կիրառել։
Արամ Երիցյանն երկու քրեական վարույթներով ունի տարբեր կարգավիճակներ՝ տուժողի և մեղադրյալի։ Նրան մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով, իսկ տուժող է ճանաչվել ծառայողների կողմից բռնության ենթարկվելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Պարեկային ծառայողների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանը, որին կալանավորելու միջնորդությունը դատարանը 3 օր առաջ մերժել էր, կրկին ձերբակալվել է։ Նրա փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանի պարզաբանմամբ՝ Արամ Երիցյանը ձերբակալված է եղել շուրջ 4 օր, ինչից հետո նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է, արձանագրելով նաև, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել։ «Դատարանը որոշման հիմքում նշել է, որ Երիցյանն ազատության մեջ մնալով գործի ընթացքին չի խոչընդոտի։ Այսօրվա ձերբակալությունը, սակայն ցույց տվեց, որ իրենք ուզում են կալանք տալ Արամին»,- նշեց փաստաբանը։
Ձերբակալված քաղաքացու փաստաբան եղբայրն անցած շաբաթ հրապարակել է պարեկների վրա ամրացված տեսանկարահանող սարքի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են երկու ոստիկանները իրենց դիմադրող Արամ Երիցանին փորձում ձեռնաշղթա հագցնել, տապալում են գետնին, ձեռնաշղթաներն ի վերջո հագցնում, աչքերին էլ շատ մոտ տարածությունից երկու անգամ արցունքաբեր գազ փչում։
«Մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են, որ ակնհայտ երևում է, մեկ էլ արցունքաբեր գազի կիրառման արդյունքում աչքերի հատվածում ունի կարմրություն, երեսի այն հատվածը, որն առնչվել է գազի հետ, ունի կարմրություն: Նաև արցունքաբեր գազը կիրառվել է ոչ այն հեռավորությունից, որը թույլատրելի է», — տեղեկացրեց փաստաբանը:
Ձերբակալությունից հետո Ռոման Երիցյանը պահանջել էր հրապարակել միջադեպի ողջ տեսագրությունը։ Ժամեր անց, սակայն, Քննչականն իր էջում տեղադրեց դրա մի մասը՝ 23 վայրկյանանոց մի տեսագրություն, որն ընդհատվում էր քաղաքացուն գետին տապալելուց հետո։ Քննչականի հրապարակածում միայն միջադեպի սկիզբն է, երբ երիտասարդը դիմադրում էր պարեկներին իրեն ձեռնաշղթա հագցնելու ժամանակ։
Ե՛վ պարեկների, և՛ Արամ Երիցյանի գործողությունները քննում է Քննչական կոմիտեն։ Վնասվածքներ ստացած երիտասարդը մեղադրվում է պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ իրեն վնասվածքներ պատճառած պարեկները տուժող են ճանաչվել ու մեղադրյալի կարգավիճակ չունեն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: