Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակչուհի Գայանե Գաբրիելյանը հինգ օր անցկացրել է ադրբեջանական գերության մեջ։ 49-ամյա կինը Forrights.am-ին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ի հարձակումից և գերության օրերից։

Սեպտեմբերի 19-ը տիկին Գայանեի համար հերթական խնդրաշատ օրերից մեկը պետք է լիներ՝ բլոկադայի պայմաններում, մինչև ուժգին պայթյունի ձայնը լսելը։

«Երկրորդ անգամ լսվեց գմփոցը, հարևանս սկսեց գոռալ, երեխաների ձայները լսեցի, վազեցի իր մոտ, ասաց՝ կռիվը սկսվում է, ամուսինս Վազգենաշենի կողմից կալոնա է տեսել։ Գոհարի հետ վազեցինք դեպի գյուղապետի տուն։ Հասանք, ի՞նչ տեսնենք, բոլորը հավաքվել են այնտեղ՝ ծառերի տակ են»,-պատմեց տիկին Գայանեն՝ նշելով, որ ծառերի տակ էին թաքնվել, քանի որ Սառնաղբյուրը հրետակոծվում էր։

«Խփեցին մեր վրա, ում բախտը բերեց վիրավորվեց, ումը չէ՝ զոհվեցին»,-հիշում է տիկին Գայանեն ու պատմում, որ գյուղապետը կարողացել է մի մեքենայով վիրավոր ու զոհված երեխաներին հանել գյուղից, ինքը մի քանի բնակչի հետ մնացել է Սառնաղբյուրում։

Թշնամիներով շրջապատված գյուղում չորս հոգի է մնացել՝ Գայանեն, Լիանան,  Ջեմման ու Լիպարիտը, նրանք մայր ու որդի են։

«Ես ու Լիպարիտը ծանր վիրավոր էինք։ Լիպարիտն ընդհնարապես չէր կարողանում շարժվել։ Գյուղապետի մոտ ռացիա կար, գնալուց մնացել էր այտեղ, վերցրեցի տեսա ախպորս տղան՝ Գուրգենը, խոսում էր։ Ասացի վիրավոր եմ, օգնեք, չորս հոգով մնացել ենք այստեղ։ Գուրգենը մի հատ վայենի ավտո ուղարկեց, հենց հասավ մեր մոտ, փչացավ։ Վարորդն ասաց՝ բրդեք, վիրավոր էինք, բայց բրդում էինք»,- պատմում է տիկին Գայանեն՝ նշելով, որ բեկորային վնասվածք էր ստացել ոտքի և որովայնի շրջանում։

Մեքենան շարժի գցել հնարավոր չի եղել։ Իրենց օգնության եկած մեքենայի վարորդը գնացել է ռուսական անցակետ, որ օգնություն կանչի, բայց այդպես էլ չի վերադարձել։ Սառնաղբյուրում մնացած չորս բնակիչները պատսպարվելու նպատակով գնում են գյուղապետի տուն, որտեղ ապրել են երկու օր։

«Երկու օր գյուղապետի տանը կացալ ենք, ոչ սկորի է եկալ, ոչ ռուսն ա եկած մեզ օգնության»,-ասում է տիկին Գայանեն և նշում, որ զրկված են եղել կապի բոլոր միջոցներից։ Ինֆորմացիայի միակ աղբյուրը Լիանան է եղել չորսից առողջը, քանի որ Գայանեն ու Լիպարիտը վիրավոր են եղել, իսկ Ջեմման տարեց կին։ Նա դուրս է եկել, շրջել գյուղապետի տան մոտակա տարածքում և վերադարձել տուն։

«Մենք ոչխարներ ունեինք, մի փակ տարածքում էինք պահում։ Երրորդ օրը Լիանան դուրս եկավ, հետ եկավ ասաց՝ Գայան ջան, ամուսինդ եկել է, ձեր ոչխարները դուրս են։ Ուրախացա, ասացի գնա, ասա գա, մեզ օգնի։ Մի քիչ գնաց գյուղապետի տան հայաթից էն կողմը, վազելով հետ եկավ, ասաց ադրբեջանցիք են։ Ես էլ արյունոտ պառկած էի, որ դա ասաց ընկա գետին։ Ադրբեջանցիք եկա մտան տուն, ասացին՝ վեր կաց»,-տիկին Գայանեն հիշում է, թե ինչպես են իր այդ վիճակով ստիպել, որ անկողնուց վեր կենա։

«Ձեռքիցս բռնեց, նստեցրեց կարավատին, ասաց՝ դավայ, ձեռքդ տուր, ռուսերեն էին խոսում։ Ադրբեջանցինեերը երկու ձեռքիցս բռնեցին, տարան մեզ երեքիս իրար հետ պատի տակը նստացրեցին»։

Գերության պահից սկսած հայ անզեն կանայք եղել են զենքի սպառնալիքի ներքո։ Տիկին Գայանեն հիշում է, թե ինչպես էին ցուցադրաբար պահել իրենց ուղղությամբ։ «Ավտոմանտները մեր կողմ էր պահած։ Ասաց, եթե ուզենք՝ ձեզ կսպանենք, մեր նախագահ Ալիևն ասել է՝ սպանեք բոլորին։ Հետո սկսեցին մեզ նկարել, ուրախացա, մտածեցի կգցեն ֆեյսբուքում, կտեսնեն, որ գերի ենք»։

Սառնաղբյուրն այդ պահին ամբողջությամբ անցել էր թշնամուն, ադրբեջանցի զինվորները լցվել են գյուղ ու սկսել թալանել։ «Փող, ոսկի, ինչ կար հավաքում էին։ Գյուղապետի տունը խառնեցին իրար։ Էն որ ասացի Ուրալ մաշինա էր եկել, որ մեզ փրկի, դա սարքեցին, գյուղապետի տնից բենզին գտան, լցրեցին, մեզ էլ հետները պոստեր տարան»։

Տիկին Գայանեն պատմում է, որ գերությունից հետո խլել են իր փաստաթղթերը, գտել են գյուղապետրանի մաքրուհու բեյջն ու ասել են, թե նա դիպուկահար է։ «Ասացի ես կռվի հետ կապ չունեմ, փողն ու ոսկին վերցրեցին, փաստաթղթերը տվեցին ինձ»։

Գերության ամբողջ ընթացքում տիկին Գայանեն և մյուսները հոգեբանական և ֆիզիկական բռնության են ենթարկվել։ Խախտվել են նրանց հիմնարար իրավունքերը։ «Առաջին պոստում ոչ հաց տվեցին, ոչ ջուր, ոչ էլ օգնություն ցուցաբերեցին։ Քաշքշելով տարան Վազգենաշենի վերևի պոստերը։ Քցել էին շորերի մեջ, քաշքշում էին, հայհոյում էին։ Հետո տարան Աղդամ։ Այտեղ շատ ադրբեջանցիներ կային․ մեզ ջուր տվեցին ու հաց։ Մի ադրբեջանցի բժիշկ հարվածում էր գլխիս ու ասում՝ հիշո՞ւմ ես Խոջալուն։ Լիպարիտին ծեծում էին, ոտքերով խփում էին՝ երեք-չորս հոգով»։

Հինգերրորդ օրը գերության մեջ գտնվող արցախցիներին տարել են Շուշի, քաղաքի մատույցներում փոխանցել են Արցախի փրկարար ծառայությանը։ Տիկին Գայանեն  գերության վերջին օրն է իմացել, որ պետք է լքի Արցախն ու իր տունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest