Ժամկետային զինծառայող Կարեն Դաննելյանի մահվանից անցել է 1 տարի 8 ամիս, սակայն, ծնողներին ոչինչ հայտի չէ մահվան հանգամանքերի մասին։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, Կարենն ԱԱԾ սահմանապահ զորքերում էր ծառայում։ Հիշեցնենք, այս դեպքը գաղտնի էր պահվում, այն Forrights.am-ն հանրայնացրել է իր աղբյուրներից ստացված տեղեկության հիման վրա, որից հետո նոր միայն Քննչական կոմիտեն հաստատել է այն։

Դեպքից շուրջ երկու տարի անց Կարենի մայրը՝ Արմինե Դանիելյանն ու փաստաբանն ․․․․ ահազանգում են Forrights.am-ին, որ քրեական վարույով բացահայտումներ չկան, փորձաքննությունների պատշաճ եզրակացությունների բացակայության պատճառով։

«Պատշաճ փորձաքննությունների ամբողջական արդյունքերը չենք ստացել և զարմանալի է, որ այդքան ժամանակ անց արդյուքները չկան։ Կոնկրետ փորձաքննություն ասեմ՝ դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացություն չունենք։ Այդ պատասխանով հետաքրքիր պատկեր կունենանք գործի վերաբերյալ։ Վարույթը հարուցվել էր անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մենք այս հոդվածի հետ համաձայն չենք, ի՞նչ փաստի հիման վրա է Քննչական կոմիտեն առաջնորդվել, որ անզգուշությամբ է որակել դեպքը։ Այս նախադասության հետ լիքը բացեր կան, ինչ է նշանակում անզգուշությամբ ինքնասպանություն»,-ասաց փաստաբան ․․․․՝ նշելով, որ այցելել են փորձաքննության բյուրո, խնդրել են, որ պատասխանները շուտ տան, քանի որ հավանական է՝ ապացույցներ կարող են կորել, ենթադրյալ մեղադրյալ անձը կարող է երկրից թողնել գնալ, սակայն, արդյունքեր չկան։

Կարեն Դաիելյանի գործով մեղադրյալներ չկան, գործով որևէ մեկը չի անցնում։ Ըստ փաստաբանի՝ հարցաքննվել են դիրքի բոլոր զինծառայողները։

«Վերջում նշանակվեց դատագենետիկական փորձաքննութունը, դրանք նույն պես չենք ստացել։ Տվյալ դիրքի զինծառայողներից նմուշներ են վերցվել, նշանակվել է փորձաքննություն, որոնց պատասխաններն առկա չեն։ Պետության առանձին օղակների կողմից խախտվում են մարդու իրավունքերը՝ նաև կյանքի իրավունքը։ Հավատում էինք, որ օբյեկտիվ քննություն կլինի՝ հրատապության սկզբունքով, բայց չեղավ»,-ասաց փաստաբանը։

Կարեն Դաինելյանի մայրը՝ Արմինե Դանիելյանը, նշում է այս գործընթացն այնքան է ձգձգվում, որ որոշ փորձանմուշներ անպիտան են դառնում։ «Կային փորձանմուշներ, որ արդեն պիտանի չէին, երբ եկավ փորձաքննություն անելու ժամանակը, արյան նմուշ կա, որ նեխել էր։ Պիտանի չեն եղել բավականին շատ նմուշներ»։

Մայրը տպավորություն ունի, որ փորձում են գործի ընթացքը երկարաձգելով այն կոծկել։  «Իմ մոտ այն տպավորությունն է, որ սպասում են նրան, որ ես կհոգնեմ, չեմ շարունակի պայքարել, չեմ բացահայտի այս գործը, հույս ունեմ, որ կբացահայտվի, թե ինչ է եղել իրականում»,-ասում է նա։

Կարեն Դանիելյանը դժբախտ պատահարից առաջ «տագնապ» հրամանով բարձրացել է դիրքեր՝ իր հետ եղել են դիրքի ավագը և ևս երկու ժամկետային զինծառայող։ Ծնողներրն ավելի վաղ փոխանցել էին, որ դիրքեր են բարձրացել, քանի որ թշնամու կողմից նախաձեռնվող դիվերսիայի վերաբերյալ տեղեկություն են ունեցել։ Հայրը՝ Վարդան Դանիելյանը, 2023 թվականի հունվարին Forrights.am-ին հայտնել էր, որ դիրքերում զինվորների միջև կոնֆլիկտ է եղել։

«Երկու զինծառայողների հարցաքննությունից պարզ է դարձել, որ մինչև դեպքը չորսի միջև խոսակցություն, վիճաբանություն է եղել։ Հետո երկու զինծառայողները գնացել են հանգստանալու։ Այդ ընթացքում դիրքեր է եկել մի ենթասպա, նա մարտկոց է փոխել, որից հետո մնացել են Կարենն ու դիրքի ավագը։ Դեպքից երեք օր անց դիրքի ավագը հայտնել է, որ հայհոյանք է եղել իրենց միջև, քնելու հետ կապված խոսակցություն է

եղել, երդում են կերել, թե դրանից հետո ինչ է եղել, մեզ չեն ասել։ Ըստ դիրքի ավագի՝ դեպքից 15 րոպե առաջ Կարենը ծխախոտ է վերցրել ու միայնակ դիտակետում է եղել։ Այնուհետև կրակոցի ձայն է լսվել, դիրքի ավագը ասել է․ «Պոնչը իրեն խփեց»»,-Forrights.am-ի հետ զրույցում ասել էր Կարենի հայրը։

Մեր նախորդ հանդիպումից հետո ծնողները հանդիպել են որդու ծառայակիցների հետ, սակայն, ենթադրյալ վեճի վերաբերյալ զինվորները տեղեկություն չեն հայտնել։

«Ասում են, որ Կարենը ոչ մի խնդիր չուներ։ Ես ում հետ խոսել եմ, ասել են, որ վեճից տեղյակ չեն։ Զինվորների մեջ վեճ է եղել։ Ըստ վարկածի իմ տղան էլ է մասնակից եղել, ես թեման չգիտեմ վեճի։ Ես չեմ հավատում, որ իմ տղան կարող է նման քայլի գնալ»,-ասաց մայրը, իսկ փաստաբանը լրացրեց․  «Ունենք տեղեկություն, որ զինծառայողների միջև եղել է կոնֆլիկտային իրավիճակ, ինչի արդյունքում, ըստ գործի նյութերի, Կարենն ինքնասպան է եղել։ Վեճի թեման վերակարգի, քնելու հետ կապված է եղել, ըստ գործի նյութերի։

2023 թվականի հանդիպման ժամանակ Կարենի ծնողները նշել էին, որ դիրքերում գտնվող չորս զինծառայողների զենքերն էլ ուղարկվել են փորձաքննության։  Մայրն այս անգամ ուշագրավ տեղեկություն հայտնեց։ Ըստ նրա՝ զենքը, որով Կարենը ենթադրյալ ինքնասպանությունն է գործել, որևէ հետք չի պարունակում՝ անգամ որդունը։

«Զենքի հետ կապված կան որոշ տվյալներ․ չկան մատնահետքեր, չկան ԴՆԹ հետքեր, կան փորձաքննության արդյունքեր։ Այսինքն, զենքը, որով, իբր թե, ինքնասպանությունը կատարվել է, ոչ մատնահետք կա, որ ԴՆԹ հետք, անգամ Կարենի հետքերը։ ՔԿ-ն ասում է՝ սրա հետ կապված քննություն ենք կատարում»,-ասաց մայրը՝ շեշտելով, որ շարունակելու պայքարել արդարության վերականգման համար։

Փաստաբանը մեղադրում է պետական օղակներին զինվորի նկատմամբ պատշաճ հետևողականություն չդրսևորելու համար։

«Ծնողը որդուն ուղարկել է բանակ, նրան պաշտպանելու և պահպանելու հոգսը կրում է պետությունը։ Նման դեպքերում, երբ սկսվում են ձգձգումները, բոլորս էլ սպասում ենք մտածել, որ կամ փորձում են կոծկել, կամ քաղարկել, որ մարդու ցավը բթանա, էլ հետևողականություն չդրսևորի»,-ասաց նա։

Կարենը 5 ամսվա ծառայող էր, 19 տարեկան, երբ դեպքը տեղի ունեցավ։ Սյունիքի դիրքերում էր ծառայում։  Կարեն Դանիելյանի մահվան վերաբերյալ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չէին տարածել։ Ընտանիքին միայն ԱԱԾ երկու գնդապետ էր այցելել ու հայտնել դժբախտության մասին։

Կարենը մասնագիտությամբ խոհարար էր, ապրում էր Հրազդանում։ Ծառայության սիրով է մեկնել՝ չսպասելով քոլեջում ուսումնն ավարտելուն։ Ծննդավայրում նաև շախմատի առաջնությունների է մասնակցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest