Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանության ներքո հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։ Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։

Ինչո՞ւ էր Ռուսաստանի համար կարևոր, որ Հայաստանը արձանագրությունում հայտարարի պահանջների բացակայության մասին։ Ինչպիսի՞ պահանջների մասին է խոսքը։

Այն, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում առանց իրավական կամ պայմանագրային հիմքերի են գտնվում, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Նույն հարցը տալիս էին Հայաստանի բազմաթիվ միջազգային գործընկերներ, ովքեր չէին հասկանում, թե ինչու է Հայաստանի միջազգային օդանավակայանում անձնագրային հսկողություն իրականացնում այլ պետության սահմանապահները։

Մոսկվայի և Երևանի միջև «Հայաստանում ռուս սահմանապահների կարգավիճակի մասին» պայմանագրում, որը ստորագրվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին, հոդված 2-ում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը՝ իր, Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգությունը ապահովելու նպատակով պատվիրակում է իր տարածքում Թուրքիայի և Իրանի հետ պետական ​​սահմանի պահպանության խնդիրները Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որոնք սույն պայմանագիրը ստորագրելու պահին տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում»: Իսկ 3-րդ հոդվածում գրված է. «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պաշտպանությանն առնչվող այլ խնդիրներ կատարելու համար (բացառությամբ բնական աղետների, դժբախտ պատահարների և աղետների վերացման աշխատանքների) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն կարող ներգրավվել»։

Պայմանագրում չի հիշատակվում «Զվարթնոց» օդանավակայանի մասին, և ստացվում է, որ այս ամբողջ 32 տարիների ընթացքում ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում ըեղակայված են եղել անօրինական։

2024-ի մարտի 6-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանին՝ պահանջելով դուրս բերել իր սահմանապահներին Զվարթնոցից։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ուղերձում հանրապետության սահմանապահները շնորհակալություն են հայտնել իրենց ռուս գործընկերներին օդանավակայանի անվտանգության ապահովման գործում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ շարունակելու են հսկողությունը սահմանին առանց ռուսական կողմի աջակցության։

Քանի որ ռուսական զորքերը Զվարթնոցում ծառայում էին առանց պայմանագրային հիմքերիի, դրանց դուրս բերելու համար պայմանագրերի կետերը փոխելու կարիք չկար։ Միայն արձանագրություն է ստորագրպել «պահանջների» բացակայության մասին, ինչն ավելի է ընդգծել նրանց ներկայության անօրինականությունը։

Երկրի գլխավոր օդային նավահանգստում առանց օրինական հիմքերի օտարերկրյա պետության սահմանապահների ներկայությունը երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում է։ Եթե ​դա տեղի է ունեցել  Հայաստանի հանրապետության կամքին դեմ, ապա քաղաքական իրավունքում սա կոչվում է օկուպացիոն զորքերի ներկայություն։ Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը, առանց պայմանագրային հիմքերի, ինքն է հրավիրել ռուսական զորքերին վերահսկելու իր օդային դարպասները, ապա սա պետական ​​հանցագործություն է Հայաստանի ղեկավարության կողմից։

Այս կամ այն ​​դեպքում խոսքը միջպետական ​​հարաբերությունների իրավական հիմքերի կոպիտ խախտման մասին է։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի համար կարևոր էր, որ Հայաստանը հայտարարեր պահանջների բացակայության մասին և Մոսկվային չմեղադրի հայկական սահմանին անօրինական մնալու և փաստացի օկուպացիայի մեջ։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest