Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Հարազատ եղբորս՝ Արամ Երիցյանին, ոստիկանները, ավելի ճիշտ պարեկները ավտոմեքենան ոչ թույլատրելի վայրում կայանելու համար մոտեցել են եւ արցունքաբեր գազ են փչել երեսին, ահավոր ծեծի են ենթարկել, ձեռանշղթաներ են հագցրել եւ տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հիմա իր ձեռքը կոտրած, թաթի մատները կոտրատած, աչքերը ընդհանրապես չի տեսնում, գլուխը ուռած վիճակում հիմա ինքը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, հիմա նրան բուժօգնություն են ցուցաբերում: Մինչեւ իմ մոտենալն էլ մոտ կես ժամ նրա հետ խոսակցություն էին տանում, որ կատարվածի մասին ինձ լրիվ չտեղեկացնի»,-ասաց նա:

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունը Արամ Երիցյանի նկատմամբ, որը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցինների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան արցախցինների հանդեպ ուղղորդված անհարգալից վերաբերմունք, ինչու չէ նաև թշնամական վերաբերմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախից բռնի տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի  փաստաբան Էրիկ Բելգարյանը՝ մանրամասներ հայտնելով միջադեպից:

«Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն և վրդովմունք են առաջացնում հասարակության շրջանում և հստակ ցույց են տալիս, որ համակարգի ներսում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ։ Եթե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ պետք է ձերբակալվեն բոլոր այն ոստիկանները, որոնք անմիջապես մասնակից էին այդ ծեծկրտուքին՝ հստակ ցուցադրելով, որ պետությունն արժեվորում է մարդու իրավունքները և իր քաղաքացիների անվտանգությունը։ Առանց այդպիսի գործողությունների հասարակությունը կարող է կորցնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը կարող է բերել ավելի մեծ խնդիրների ու անկարգությունների։

Նման դեպքերը չպետք է մնան անպատիժ, և պետությունը պետք է վճռականորեն պայքարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք խաթարում են հասարակական կարգը և վտանգում քաղաքացիների արժանապատվությունը։ Արդարության հաստատումը պահանջում է, որ մեղավորները կրեն իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում»։W

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest