Կամ՝ Թակել բոլոր փակ դռները
2020թ. 44-օրյա պատերազմից հետո իմ տեսած ամենաազդեցիկ ու ցավոտ տեսարաններից է՝ երկու որդեկորույս մայրեր հանդիպել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Մեկի դեմքը տարօրինակ խաղաղ էր՝ հանգստության զգացում կար․ նա կարողացել էր հողին հանձնել պատերազմում զոհված որդու մարմինը։ Մյուսի աչքերում խորը ցավ ու անորոշություն կար։ Նա չի կարողացել հողին հանձնել որդուն, որովհետև այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել մարմինը։
Մեր մեծերից՝ տատիկ-պապիկներից, շատ ենք լսել լեգենդ դարձած պատմություններ Երկրորդ համաշխարհայինից տուն չդարձած իրենց որդիների մասին։ Ոմանք նրանց համար անգամ չեղած ուտելիքից ամեն օր բաժին են հանել ու սեղանի շուրջը տեղ պահել՝ աչքները միշտ դռան կողմը։ Կան պատմություններ նաև եվրոպական երկրներում հաստատված խորհրդային բանակի զինվորների մասին, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Տունդարձի հույսը, թեկուզ անիրական, ապրեցրել է մարդկանց։
Դասականի ասած՝ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Սեպտեմբերյան պատերազմի ու Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ու անհետ կորածների հարազատները նույնպես տարբեր կերպ են փորձում «ապրել» իրենց ցավը։ Նրանցից շատերն ապրում են չմարող հույսով՝ կառչած անիրական թվացող ապացույցներից իրենց որդիների հավանական ողջ մնալու մասին՝ անգամ ամենադաժան իրավիճակում՝ ադրբեջանական գերության մեջ։ Գերություն, որ տառապանքի ու անորոշության անվերջ շղթա է, բայց նաև հույսի, որ իրենց սիրելիները ողջ են։ Մինչդեռ ծնողներից ոմանք նախընտրում են, որ իրենց որդիները կյանքին հրաժեշտ տված լինեն առանց ցավի, բայց ոչ երբեք գերության մեջ հայտնված լինեն։ Բաքվի բանտերի մասին հայերը լավ գիտեն։ Բաքվի բանտերը երկրային դժողքի սարսափազդու խորխորատներ են։ Ով այստեղից դուրս է եկել՝ նորից է ծնվել։
2023-ի պատերազմի հետևանքով հայրենիք կորցրինք. համընդհանուր ցավ էր։ Որոշ ժամանակ անց ցավը դարձավ անհատական ու անձնական՝ ամեն մեկս մեր կորուստն ենք ողբում։ Հայրենիքի, տան ու անցյալի կորստի հետ մեկտեղ շատ ընտանիքների համար ողբերգությունն ավելի խորն է։ Նրանք կորցրել են իրենց հարազատներին ու հողին են հանձնել վտանգի, խուճապի ու անորոշության պայմաններում, բայց ստիպված բռնել գաղթի ճանապարհը ու անշիրիմ թողել։ Այդ զոհերի թվում են նաև 9-ամյա Արեգն ու իր տատիկը։ Յուրաքանչյուր օր այդ ընտանիքների համար հույսի ու հուսահատության օր է, և նրանք պատրաստ են դիմել ցանկացած միջոցների։
Հուլիսի 19-ին սեպտեմբերյան պատերազմի զոհերի հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում՝ հիմնավորելով, որ շատերի գերեզմանը որոշ ժամանակ հետո հնարավոր չի լինի տեղորոշել։ Հարազատները զրկված են զոհերի շիրիմներին այցելելու և, իրենց խոսքով, «գոնե մի ծաղիկ դնելու» հնարավորությունից։ Սա անչափելի ծանր ու անտանելի զգացում է, քանի որ մենք շատ ենք կապված մեր հարազատների գերեզմանների ու աճյունների հետ։ Արցախում հողի անգին լինելը նաև չափվում էր նահատակների թվով։ Արցախյան չորս պատերազմների ժամանակ մենք գրեթե այնքան մարդ ենք զոհաբերել, ինչքան Արցախի տարածքն է։ Արցախի ամեն մի մետր հողի համար մեկ կարմիր ծաղիկ կա։
Կառավարության դիմաց հավաքվել են նաև պատերազմական գործողությունների ու բենզալցակայանի պայթյունի ժամանակ անհետ կորածների հարազատները, որոնք էլ պահանջում են որոնողական աշխատանքների համար քայլեր ձեռնարկել։ Միջազգային հումանիտար և սովորույթային իրավունքը, այդ թվում՝ ժնևի կոնվենցիաները նախատեսում են որոնողական գործողությունների համապարփակ կարգավորում, խտրականության ու արգելքի բացառում։ Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը ենթադրում է նաև հարազատների գերեզմաններին այցելելու հնարավորություն։
Հարազատների դիմել են ոչ միայն Հայաստանի կառավարությանը, այլ նաև միջազգային բոլոր ատյաններին, բայց արդեն տասը ամիս է՝ ձայն բարբառո հանապատի։
Արտաշիրիմման նպատակը միայն հանգուցյալին թաղելը չէ, այլ նաև նրանց արժևորելու, ինչպես նաև անչափելի ցավի մեջ գտնվող ընտանիքների կողքին լինելն է։ Այդ մարդիկ իրենց հաճախ անզոր են զգում ու միայնակ։ Սակայն այդ խնդիրը միայն իրենցը չէ, սա համամարդկային խնդիր է, համամարդկային ողբերգություն։ Որպես հասարակություն մենք հավաքական պարտավորություն ունենք նրանց հանդեպ։ Հաճախ այդ ընտանիքներն ունեն ոչ թե նյութական աջակցության, այլ իրական ապրումակցման, վիշտը կիսելու, տարրալուծելու, թեթևացնելու և, ի վերջո, իմաստավորելու կարիք։
Այդ նպատակով է, որ հուլիսի 24-ին «Ստեփանակերտ» մեդիա-ակումբը նախաձեռնեց քննարկում՝ անհետ կորածների հարազատների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, հոգևորականների ու հանրային գործիչների մասնակցությամբ։
Թակել բոլոր փակ դռները․ այս էր լուծումներ փնտրող մասնակցիների ասելիքը։
Քննարկման մասնակիցների կողմից առաջարկներ հնչեցին նամակով դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել եկեղեցիների համաշխարհային խորհրդին, օգտագործել նախորդ դրական ու բացասական փորձը՝ հաշվի առնելով, սա մեր առաջին պատերազմը չէ և ոչ առաջին անհետ կորածները, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, արբանյակային դիտարկումներով հետևել գերեզմանների վիճակին, տեսաուղերձներով դիմել համապատասխան կառույցներին, եթե կարիք լինի՝ թակել անգամ հակառակորդի դուռը՝ դիմել Ադրբեջանի ղեկավարությանը։
Վերջերս Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առցանց հարթակում մեդիա արշավ է սկսել Բաքվում գտնվեղ հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Նա կոչ է անում աշխարհասփյուռ հայերին համախմբվել ու միանալ այս նախաձեռնությանը։ Իր ուղերձում Օկամպոն նշում է․«Պարտվում եք, երբ դադարում եք պայքարել»։
Ինչքան էլ դժվար լինի այդ ճանապարհը, պետք է շարունակել ու սատար կանգել ինչպես գերիների, այնպես էլ պատերազմում զոհերի ու անհետ կորածների հարազատներին։
Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: