Ստեփանակերտի բնակիչ 56-ամյա Գոհար Փարամազյանը ծանր փորձություններով է անցել։ 1993թ. Արցախյան գոյամարտում զոհվել է նրա եղբայրը, 2018թ. հիվանդության պատճառով մահացել է 53-ամյա ամուսինը, իսկ 2020թ. 44-օրյա պատերազմում նահատակվեց նրա 21-ամյա որդին՝ Բորիս Փարամազյանը։ Ամուսնու մահից հետո Գոհարը տեղափոխվել է հայրական տուն՝ խնամելու 86 և 87-ամյա ծնողներին, քանի որ եղբոր զոհվելուց հետո նրանց միակ ապավենը ինքն էր։
«2020թ. սեպտեմբեր ամսին աղջիկս՝ Քրիստինան հղիության 8-րդ ամսում էր, տղաս էլ՝ Բոկան նոր էր զորացրվել Արցախի ՊԲ-ից։ Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բոկան և ընկերները որոշել էին կամավոր մեկնել պաշտպանական դիրքեր, սակայն զինկոմիսարիատից նրանց հետ են ուղարկել՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչեն։ Պատերազմի 3-րդ օրը աղջկաս մի կերպ ուղարկում ենք Երևան։ Օր-օրի վտանգավոր էր Ստեփանակերտում մնալը։ Հոկտեմբերի 12-ին տղաս մեզ էլ հորդորեց տեղափոխվել։ Քաղաքն աստիճանաբար դատարկվում էր։ Պատկառելի տարիքին հասած հայրս ընդվզում էր, չէր ցանկանում տեղափոխվել, ի վերջո համաձայնվեց։ Երևան հասնելուն պես տղաս զանգեց և տեղեկացրեց, որ զինկոմիսարիատից ծանուցագիր են ուղարկել ու ինքը մեկնում է դիրքեր։ Ամուսնուս քրոջ տղայի՝ Հայկի հետ միասին մեկնել են Կոռնիձորի պաշտպանական դիրքեր», -հուզված պատմեց Գ. Փարամազյանը։
Հոկտեմբերի 22-ին թշնամու կողմից արձակված հրթիռի պայթյունից Բորիս Փարամազյանը ստացել է մահացու վիրավորում։ Նա ընկել է է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի պաշտպանական մարտերում։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից մեկ օր առաջ զոհվեց նաև եղբայրը՝ Հայկը։
Որդու զոհվելու լուրն առնելուն պես, նույն օրը՝ հոկտեմբերի 22-ին, տիկին Գոհարը Երևանից գլխակորույս ուղևորվել է Ստեփանակերտ։ Նրան զգուշացնում են, որ իրավիճակն Արցախում շատ լուրջ է, բայց անտեսելով բոլոր վտանգները նա հասնում է Ստեփանակերտ։ Հաջորդ օրը, լույսը բացվելուն պես ռազմական գործողությունների թոհ ու բոհի արանքում Բորիս Փարամազյանի մարմինն ամփոփում են Ասկերանի շրջանի Շոշ գյուղում՝ հոր գերեզմանի կողքին։
Բորիս Արտաշեսի Փարամազյանը 2021թ. ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
2023թ. մեկօրյա պատերազմը հերթական փորձությունն էր Փարամազյանների ընտանիքի համար։ Հազարավոր արցախցիների նման նրանք ևս ենթարկվեցին բռնի տեղահանմանը։
«Սեպտեմբերի 19-ին աշխատանքի էի Արցախփոստում։ Հանկարծ երկինքը դղրդաց ու հասկացանք, որ սկսվեց պատերազմը… Թոռս մանկապարտեզում էր։ Աղջիկս վազելով հասել է մանկապարտեզ և երեխայի հետ որոշ ժամանակ մնացել այնտեղ։ Ամենուր իրարանցում էր։ Ծնողները վազում էին դպրոց, մանկապարտեզ իրենց երեխաներին գտնելու համար։ Շատ դժվար էր հատկապես 90-ին մոտ զառամյալ ծնողներիս համար։ Նրանց հնարավոր չէր նույնիսկ նկուղ իջեցնել։ 87-ամյա մորս աթոռի վրա նստեցրած որոշ ժամանակով մի կերպ նկուղ ենք տարել։»,-մեկօրյա պատերազմի առաջին ժամերի իր ապրումները նկարագրեց տիկին Գոհարը։
Միայն սեպտեմբերի 28-ին զրուցակիցս հիվանդ մոր հետ տարհանվեց ։Հայրը ստիպված մնաց Քրիստինեի ընտանիքի հետ և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տեղահանվեցին ամենավերջին ավտոբուսով, երբ ադրբեջանցիներն արդեն քաղաքում էին։
Այժմ տիկին Գոհարը ծնողների և աղջկա ընտանիքի հետ վարձով ապրում են Նոր Հաճն համայնքում։ Զառամյալ անկողնային հիվանդ ծնողներին խնամելու պատճառով տիկին Գոհարն այլ աշխատանքով զբաղվել ի վիճակի չէ։
Զառա Մայիլյան