Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ ի դեմս Վահագն Թևոսյանի, Արփի Ոսկանյանի, Վասակ Դարբինյանի, Վարուժան Օլքինյանի և Արամ Սուքիասյանի, արդեն երկրորդ անգամ է մրցույթ հայտարարում «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար։
Առաջին անգամ այն չկայացավ, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց հաղթող ճանաչվելու համար ձայների անհրաժեշտ քանակը։ Համենայն դեպս՝ այսպես հայտարարվեց։
Հունիսի 28–ին նոր մրցույթ հայտարարվեց, բայց այս անգամ էլ թեկնածուներից մեկը՝ ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը բացահայտեց, որ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը կասկածելի այց է կատարել կառավարության շենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի ուղեկցությամբ և հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները դեռ չհայտարարված՝ Քոլոյանին տարել են կառավարություն, այսինքն` մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված:
Իր ֆեյսբուքյան էջի միջոցով Գարեգին Խումարյանը դիմեց մրցույթի մյուս մասնակիցներին՝ Բելլա Հովհաննիսյանին, Մհեր Մարգարյանին, Միքայել Յալանուզյանին, Լուսինե Պետրոսյանին, Հակոբ Ռուբինյանին, Նազելի Օհանյանին, կոչ անելով բոյկոտել այն։
«Հանրային հեռարձակողի խորհուրդ, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան, Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը։ Հույսս մեծ է, որ առնվազն ձեզնից ոմանց «մութ» են խաղացնում, և դուք այս մասին պարզապես չգիտեիք։ Չեղարկեք այս մրցույթը և նշանակեք նորը։ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները չպիտի Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն։ Դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է միշտ՝ սկսած 2010 թվականից։ Չեղարկեք մրցույթը։ Վերականգնեք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որ այս մրցույթին ընդառաջ վերացրել էիք ապրլի 5-ի կամայական ձեր որոշմամբ, և նոր մրցույթ նշանակեք։ Համը դուրս է եկել», – գրել է Գարեգին Խումարյանը իր ֆեյսբուքյան էջում։
Գարեգին Խումարյանը Նիկոլ Փաշինյանի համար «անցանկալի» անձ և թեկնածու է դարձել, ամենայն հավանականությամբ, փետրվարի սկզբից, երբ վերջինս գնաց ռադիոտուն և հերթական սկանդալային հարցազրույցը տվեց, հայտարարելով Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Սահմանադրությունը նա համեմատել էր կարմիր հագուստի հետ, որով մենք փորձում ենք անցնել կատաղած ցլերի կողքով։
Գարեգին Խումարյանն այն ժամանակ հանդգնեց իր վրա վերցնել հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունների պատասխանատվությունը և նույնիսկ ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի ունկնդիրներից: Ի պատասխան հանրային հեռարձակողի խորհուրդը պաշտոնական դիրքի չարաշահում էր արձանագրել Խումարյանի կողմից, այսպիսով դիրքորոշում հայտնելով նրա վերաբերյալ։
Հասկանալի է, որ սա Խումարյանին չէր ներվելու։ Բայց ներողություն խնդրելուց առավել նրան չներվեց Արցախի դրոշը։
Այցից առաջ ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել էին Արցախի դրոշը, «կոտրելով» անվտանգության աշխատակիցների դիմադրությունը, սակայն Խումարյանի հրահանգով դրոշը կրկին դրվել էր տեղը։
Գարեգին Խումարյանը մեր կարծիքը չի կիսում, ասելով, որ պետք է վերանալ «փոքր բաներից» և խոսել մեծ բաների մասին։
Forrights.am–ի հարցին, թե չիկապում արդյոք իր շուրջ կատարվողը Արցախի դրոշը վերադարձնելու հետ, նա պատասխանում է․
«Ցանկացած իշխանություն բոլոր ինստիտուտները ուզում է մտցնել իշխանական ուղղահայացի մեջ։ Բայց հանրային հեռարձակման իմաստն ու բնույթը հենց այն է, որ չպետք է հաննրային հեռարձակման համակարգը լինի այս ուղղահայացիւ մասը։ Հայ ժողովուրդը հասկանալով, որ մասնավոր լրատվամիջոցները միշտ չէ, որ կարողանում են զերծ մնալ իրենց սեփականատերերի, խոշոր գովազդատուների, նրանց հետևում կանգնած քաղաքական խմբավորումների ազդեցությունից, ստեղծել է իր լրատվամիջոցը և պատվիրակել է կառավարությանը վճարել այդ լրատվամիջոցի ծախսերը։ Սա հանրային հեռարձակման ինստիտուտի հիմքերն են ու սրա ամբողջ իմաստն է։ Բոլոր իշխանությունների փոփոխությունների ժամանակ միշտ տարի տարի ու կես տևող պատուհաններ են եղել հնարավորությունների, երբ կարելի էր ինչ–որ լավ բաներ անել, բայց հետո այդ պատուհանները փակվել են իշխանական համակարգի բ նական կարծրացման պրոցեսին զուգահեռ։ Հիմա էս պրոցեսին գանք՝ հասկանալի է, որ իշխանությունն ուզում է հանրային ռադիոընկերությունը տեսնել իր ռեսուրսը, իսկ ես չեմ ուզում, որ հանրային ռադիոընկերությունը լինի որևէ մեկի ռեսուրսը։ Էս պայքարը, էս դիմակայությունը, եթե կուզեք, հանրային հեռարձակման բնույթի շուրջ պատկերացումների մասին է»։
«2010 թվականից գոյություն է ունեցել կարգ,որի շրջանակներում տեղի են ունեցել հանրային հեռարձակողների գործադիր ղեկավարների ընտրություններ։ Դա անկախ ընտրիչների կարգն է։ Այս տարի, առաջին անգամ 15 տարվա մեջ հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց, որ ընտրելու է չմիջնորդավորված, այսինքն՝ խորհրդի անդամներն իրենք են ընտրելու գործադիր ղեկավարին։ Սա որպես այդպիսին հետնահանջ է ժողովրդավարական կառուցակարգերից։ Մոտավորապես այսպիսի կառուցակարգով հանրային հեռարձակողի ղեկավարին ընտրում են Միջին Ասիայի երկրներում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Բելառուսում, և այլն։ Սա օբյեկտիվորն լուրջ խնդիր է։ Այստեղ կա նաև սուբյեկտիվ հանգամանք։ Այն խորհուրդը, որը հիմա իրեն հռչակել է ընտրող հանձնաժողով, երեք անգամ իմ վերաբերյալ հրապարակային դիրքորոշում է հայտնել, ուստի զուտ իրավունքի լեզվով իրենք անպատշաճ մարմին են մասնակիցներից մեկին, տվյալ դեպքում ինձ ընտրելու համար։ Այս ընթացակարգը, այս ընտրությունները վերջին 15 տարվա ընթացքում իրավական տեսանկյունից ամենախոցելի գործընթացն են հանրային հեռարձակման հետ կապված»։
– Թեկնածուներից Լուսինե Պետրոսյանը, օրինակ, համարում է, որ ոչ մի «վտանգավոր» բան չի տեսնում Արմեն Քոլոյանի կառավարության շենք գնալու մեջ։
– Ամենայն հարգանքով տիկին պետրոսյնաի նկատմամբ, երբ մրցույթի մասնակիցներից մեկը հանձնաժողովի նախագահի հետ միասին գնում են ընկերության փաստացի սեփականատիրոջ մոտ, դա չի կարող տագնապ չառաջացնել։ Իսկ ՀՀ կառավարությունը բաժնեմասերի օպերատորն է։ Բաժնեմասերը պատկանում են ՀՀ քաղաքացիներին, Ձեզ, իսկ կառավարությունը Ձեր անունից գործողն է։ Եւ եթե մրցութային գործընթացի ընթացքում թեկնածուներից մեկը և հանձնաժողովի նախագահը գնում են այդ կողմերը, սա հարցեր է առաջացնում։
– Կոչ եք արել մյուս մասնակիցներին բոյկոտել մրցույթը։ Եղա՞վ արձագանք։
–Ես կոչ էի արել կամաց–կամաց նախապատրաստվել ընտրությունների արդյունքը բողոքարկելու։ Եթե նպատակահարմար չեն համարելու դա անել, ապա առնվազն, այո, կարող են բոյկոտել մրցույթը։ Արձագանք չեմ ստացել։ Մամուլում կարդացել եմ իմ գործընկերների արձագանքները, և որքան հասկանում եմ՝ նրանք համագործակցելու հակված չեն։
Սյուզան Սիմոնյան