17 տարեկանից գորգագործությամբ զբաղվող Աիդա Առուստամյանը շուրջ 40 տարվա փորձ ունի, աշխատել է Ստեփանակերտի բոլոր գորգագործական ձեռնարկություններում, ապա «Արցախ Կարպետ» ընկերությունում, որը գործել է անգամ շրջափակման պայմաններում։ Սակայն Աիդայի եւ մյուս արհեստավորների՝ վերջին տարիներին գործած գորգերը բռնի տեղահանության պատճառով հնարավոր չի եղել տեղափոխել, եւ «Արցախ Կարպետ»-ի ավելի քան 1000 գորգ մնացել է թշնամուն։
«Արցախում շատ լավ արհեստավորներ կային, գորգագործությունը մեծ զարգացում էր ապրում։ Մեր գորգերը մասնակցել են միջազգային ցուցահանդեսների եւ հայտնվել մասնավոր կոլեկցիաներում։ Բայց Հայաստանում ոչ բոլորին է հաջողվում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ։ Միայն մի քանի արհեստավորներ աշխատանքի անցան Երեւանի «Արցախ-Կարպետ» փոքրիկ ընկերությունում։ Մնացածը ցրված են մարզերով, որտեղ չկա գորգագործական արտադրություն կամ այլ աշխատանք»,- ասում է գորգագործ կինը։
Առուստամյանի ընտանիքը տեղահանման ժամանակ , բացի փաստաթղթերից ու մանկական իրերից, ոչինչ չի վերցնել իր հետ։ Գործիքը, թելերը, գորգերի էսքիզները, իր գործած գորգերը՝ ամեն ինչ թողել է Ստեփանակերտում։
«Ադրբեջանցիների հսկողության ներքո Հակարիի կամուրջն անցնելիս ես միայն աղոթում էի, որ երեխաներին ոչինչ չպատահի։ Հասնելով Հայաստան՝ հանգիստ շունչ քաշեցի, որ ողջ մնացինք։ Բայց եւ մտածում էի, որ նման անարդարություն չի կարող լինել, եւ մենք տուն կվերադառնանք, ինչպես վերադարձանք 44-օրյա պատերազմից հետո։ Հույսը չի մարում, բայց ես դրան ավելի ու ավելի քիչ եմ հավատում»։
Նրա խոսքով, արցախցի արհեստավորները, արվեստագետները, երաժիշտներն աջակցության կարիք ունեն, որպեսզի վերսկսեն ստեղծագործել, իրենց աշխատանքները շուկայում ներկայացնեն եւ շարունակեն մշակութային արժեքներ ստեղծել:
-Ի՞նչ եք թողել Ստեփանակերտում
-Ամեն ինչ,-ասում է՝ Սեւակ Խաչատրյանը, «Արցախ Կարպետ» ընկերության տնօրենը։ Ամեն ինչ ասելով նկատի ունի ոչ միայն իր ու ընտանիքի, այլ նաեւ գործարանի ունեցվածքը՝ թելեր, հաստոցներ, պատրաստի տարբեր աշխատանքներ եւ այլն։
Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին Արցախում, ինչից հետո գործունեություն է ծավալել Արցախի Ստեփանակերտ եւ Ճարտար քաղաքներում եւ Հայաստանում ՝ Երեւանում:
Ընկերությունում աշխատում էր շուրջ 100 հոգի, ովքեր ամեն օր, փոխլրացնելով միմյանց, ստեղծում էին ձեռագործ գորգեր եւ կարպետներ: Մենեջերը՝ կազմակերպում, դիզայները՝ ստեղծագործում, նկարիչը՝ նկարում, ներկարարը՝ ներկում, տեխնոլոգը՝ հսկում, գորգագործն էլ հյուսում էին: Այժմ ընկերությունը նորից աշխատանքի է վերցրել իր հին աշխատակիցներին, բայց միայն մի քանիսին, քանի որ մեծ մասը սփռվել է Հայաստանի տարբեր բնակավայրերով։
«Մեր բազմաթիվ գորգագործներից հիմա այստեղ աշխատում են հինգ հոգին, մնացածը կամ իրենց աշխատանքներն են ստեղծում, հետո բերում, մի աշխատող էլ ունենք, որ հիմա Գյումրիում է ապրում, գալիս այստեղից թելերը տանում է, հետո Գյումրիում աշխատանք ստեղծում, բերում այստեղ վաճառքի»,- պատմում է Խաչատրյանը։
Նրա խոսքով, այժմ խանութում վաճառվում են այն գորգերը, որոնք դեռ շատ վաղուց են Ստեփանակերտից տեղափոխված եղել Հայաստան. «Մենք անընդհատ տարածքի որոնումների մեջ ենք, գորգագործությունը բազմաթիվ փուլերից է բաղկացած, այս փոքր տարածքում հնարավոր չէ ամբողջն անել, այդ պատճառով անընդհատ փորձում ենք նոր խնդիրներ հաղթահարել»։
Խաչատրյանն ասում է՝ գորգագործությունը լուրջ արհեստ է, որը լուրջ մոտեցումներ է պահանջում, արցախյան գրգագործությունը՝ առավել եւս։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։