Երեւանի Արգիշտի 11/3 hասցեում կարելի է տեսնել կիսաթափանցիկ մի դուռ, որի վրա Բաց է- Փակ է ցուցատախտակիի վրա Արցախի դրոշն է։ Այս դռնից ներս կարի արհեստանոց է, արցախցիներ են աշխատում․ Լիաննա Հակոբյանը եւ Ալբերտ Առուշանյանը։
Տիկին Լիաննան այժմ Երեւանում վարձով ապրում է իր 11 հոգանոց ընտանիքով։ Մինչ այդ ընտանիքը մի քանի ամիս ապրել է Հրազդանում։ «Արցախում էլ եմ կարով զբաղվել, այստեղ էլ եմ նույնն անում։ Ամենադժվարը տուն փոխելն է, տեղից տեղ գնալն է… փորձել ենք տարբեր տեղեր աշխատել, բայց չենք հարմարվել, ֆինանսապես այն չի եղել, չի ստացվել, Ալբերտը ամուսնուս ընկերն է, առաջարկեց միասին այս տեղը վարձակալենք եւ միասին աշխատենք։ Սկզբից դժվար էր, բայց հարմարվեցինք, հիմա արդեն հաճախորդներ ունենք, ով գալիս է՝ գալիս է։ Օրվա հացի փողը այսպես ենք վաստակում»,- ասում է նա։
Արցախցի կինը հույս չունի, որ մի օր հետ է գնալու Ստեփանակերտ, ասում է՝ հասկանում եմ, որ հետ գնալը երեւի թե մեծ մարդկային կորուստներով կլինի։
Առուշանյանի ընտանիքը բաղկացած է չորս հոգուց, իսկ հենց ինքը Արցախյան առաջին պատերազմի վետերան է. «Առաջին պատերազմին ստացել եմ կրծքավանդակի վիրավորում, սիդալեչնի նյարդի վիրավորում, կանտուզիա… վերջին տեղահանումն էլ ավելի մեծ կանտուզիա էր»։
Նա պատմում է, որ մինչեւ վերջ հստակ չի եղել՝ ինքը կկարողանա անցնել հայ-ադրբեջանական անցակետը, թե ոչ, քանի որ անցակետում ադրբեջանցիները կանգնեցրել են Ալբերտի մեքենան եւ սադրիչ հարցեր տվել. «Հարցրին, թե որտեղից ես գալիս՝ Ստեփանակերտ, թե Խանքենդի։ Իրենց ձեռք էր տալիս, որ երկրորդ տարբերակով ասեի։ Այդ բառի համար մարդկանց վրա շատ էին թարս ու կրակ խոսում։ Մարդ կար, գլուխը ազատելու համար, ասում էր՝ հա։ Ես էլ մինչեւ վերջ պնդեցի, որ էդպիսի քաղաք չգիտեմ։ Կես ժամ հետո ինձ թողեցին»։
Արցախցու խոսքով, ինքը եւս վաղուց է կարով զբաղվում եւ շնորհակալ է կյանքին, որ ունի այդ հմտությունը եւ կարող է սեփական ձեռքերի աշխատանքով օրվա հոգսերը հոգալ։
«Մեր ապրումները մի ուրիշ վիճակ է։ Մարդ մինչեւ, Աստված հեռու, ոչ մեկդ դուք չտեսնեք, չապրի։ Այս վիճակը ահավոր վիճակ է։ Պահ է լինում, որ այստեղր կախած մեր դրոշին նայում ենք, հետո իրար հենք նայում, հուզվում… մարդիկ կան, ասում են՝ դե ի՞նչ եք անում, գումար եք ստանում։ Այդ գումարը որ ստանում ենք, անգամ տան վարձի չի հերիքում։ Մարդկանց սեւ ու սպիտակ են արել, ասում են՝ գումար ենք տալիս, միայն դա են ասում։ Լիանենք մեծ ընտանիք են, էրեխեքը դպրոց, էրեխեքը տրանսպորտ։ Հիվանդանոցը ավելի մեծ պրոբլեմ է…Ամեն ինչն է խնդիր, շատ դժվար է… Չգիտեմ, թե ինչը ոնց է լինելու, բայց լավ բան չկա։ Այս վիճակը, որ մենք Ղարաբաղի ժողովրդով հայտնվել ենք, ուզում ենք որ ոչ մեկի հետ չլինի…»,- ասում է նա։
Առուշանյանը դժվարությամբ է խոսում Արցախում թողած հին կյանքի մասին.«Մեր հարազատների գերեզմաններն ենք թողել, թողել ենք ընտանեկան գերեմաններ, որը շատ ահավոր է։ Իմ ծնոնղերը չկան, Լիանայի ծնողները, եղբայրները։ Ու չես կարող մի ծաղիկ դնել, սիրտդ հովանա։ Բայց մարդիկ մտածում են չգիտեմ թե ինչ։ Մարդիկ էլ կան, ասում են՝ մնայիք, կռվեիք մինչեւ վերջին զոհը մնայիք։ Բայց չեն մտածում, որ այդ վերջին զոհը կարող էր դառնալ 3, 4, 5 տարեկան երեխաները։ Թե ինչ վիճակ էր այնտեղ, հասկանալ է պետք»։
Նա դժվարանում է ասել՝ արդյոք ինքը կկարողանա հաշտվել տեղի ունեցածի հետ, թե ոչ, բայց այս պահին կարեւորը ընտանիքի կարիքները հոգալն է.«Կարող է էրեխեքը շուտ հարմարվեն, բայց մեր տարիքի համար երեւի անհնար է… պահի տակ կարող է պատուհանից դուրս նայես ու քո տունը տեսնես»։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ հոդվածում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։