Լուսինե Հարությունյանը ծննդով Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է։ Ամուսնացել է Ճարտար քաղաքում և ամուսնու հետ մեծացնում էին իրենց անչափահաս 4 երեխաներին։ Ամուսինը՝ պայմանագրային զինծառայող էր, ինքը՝ մանկապարտեզի դաստիարակ։ Նրանք կառուցել էին իրենց սեփական տունը Ճարտարում՝ ամուսնու ծնողների տան կողքին, ապրում էին ապահով ու երջանիկ։
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրը Լուսինեն որպես դաստիարակ մանկապարտեզում էր։
«Երեխաներին քնեցնելու ժամին սկսվեցին ռմբակոծություններն ու ուժեղ պայթյունները։ Մերկ, վախեցած, լացող երեխաներին անմիջապես իջեցրինք նկուղ։ Քանի որ մեր մանկապարտեզն ու մոտակայքում կառուցված ակումբը մեծ ապաստարաններ ունեին, ուստի ոչ միայն Ճարտարի, այլև Սոսի, Մաճկալաշենի համայնքների բնակիչները վազելով սկսեցին ներս մտնել նկուղ։ Փոքր տղաս մոտս էր, մյուսները՝ դպրոցում։ Նրանց մասին որևէ տեղեկություն չունեի և չընդհատվող ռմբակոծությունների տակ հնար չկար երեխաներիս հետևից գնալ։ Փառք Աստծո սկեսուրս կարողացավ դպրոցից նրանց վերցնել և ավելի ուշ միանալ մեզ։ Հետո հայտնեցին, որ այդ գիշեր ամուսինս երկու ոտքից վիրավորվել է, իսկ սեպտեմբերի 20-ին Սոս գյուղի պաշտպանական դիրքերում զոհվեց եղբայրս՝ Փայլակ Հարությունյանը։ Նա հատուկ ջոկատային էր, որի 30-ամյակը նշեցինք սեպտեմբերի 18-ին՝ պատերազմից մեկ օր առաջ», -լացակումած պատմեց Լուսինեն։
Եղբոր զոհվելու լուրն առնելով նա ոտքով Ճարտարից հասնում է Սոս՝ հայրական տուն։ Քանի որ Ճարտարն այդ ժամանակ շրջափակման մեջ էր, զոհված եղբոր աճյունը ՌԴ խաղաղապահներն են տեղափոխել Ստեփանակերտ, իսկ հետո Երևան՝ Եռաբլուր։ Ամուսնու վիրավորվելու մասին լուրն իմանալուց նա տեսակցության հնարավորություն չի ունեցել։ Հոգեկան ծանր ապրումներով Լուսինեն հազարավոր իր հայրենակիցների նման ստիպված պետք է հեռանար Արցախից։
«Մինչև վերջ չէինք ուզում հավատալ, որ պիտի դուրս գանք։ Նույնիսկ չենք պատրաստվել տեղահանմանը։ Միայն ես ու սկեսուրս թոնիրը վառեցինք և տանը մնացած վերջին ալյուրով հաց թխեցինք, որովհետև մեզ զանգել են՝ խնդրելով, որ ինչով կարող եք օգնեք՝ Ստեփանակերտում մարդիկ սովամահ են լինում։ Մենք էլ եղած ալյուրով հացերը թխեցինք և վերջին պահին միայն փաստաթղթերն ենք հասցրել վերցնել ու ինչ մեր հագին կար՝ այդպես էլ դուրս եկանք», -նշեց մեր զրուցակիցը։
Ճարտարից տեղահանվելու ժամանակ մի կերպ սեպտեմբերի 27-ին հասել են Ստեփանակերտ։
«Չորս անչափահաս (3-13տարեկան) երեխաների հետ շատ դժվարություններով ենք անցել․ ճանապարհը դժոխային էր։ Երեխաներս ականատես էին ահավոր տեսարանների։ Ճանապարհին շատերը վատանում էին, կիսասոված, հուսահատված, մազապուրծ փրկված, կորստյան վիշտը սրտներումս մի կերպ անցանք Հակարիի կամուրջը։», -պատմեց Լուսինեն։
ՀՀ Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ բնակավայրում նրանց տուն են տրամադրել և այժմ անվճար հիմունքներով երկու արցախցի ընտանիքով բնակվում են այդ երկհարկանի տանը։
Նշենք, որ բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ Տաշիր համայնք տեղափոխված 1500 արցախցի ընտանիքի անվճար հիմունքներով ժամանակավոր տրամադրվել են բնակելի տներ, սակայն աշխատանք գտնելու խնդիր ունեն․
«Լեռնահովիտում մեզ լավ ընդունեցին։ Սկզբնական շրջանում տանը սեղան, աթոռ չկար։ Աստիճանաբար որոշ իրեր տրամադրեցին, մինչև հիմա սառնարան էլ չունենք։ Ունեմ 11 տարվա մանկավարժական ստաժ, աշխատանքի տեղավորման համար դիմել եմ համայնքապետարան, սակայն զբաղվածության խնդիրն այստեղ դժվար լուծելի է։ Ամուսինս էլ օրավարձով է աշխատում ու միշտ չէ աշխատանք լինում։», -պարզաբանեց Լուսինեն։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով հնարավոր չէ տուն ձեռք բերել։
«Չգիտենք ինչ անել։ Ժամանակավոր կացարան դեռ ունենք, սակայն 4 երեխաներիս կարիքները պետք է հոգալ։ Արցախում ծնողներս ունեին 58 մեղվափեթակ ու, քանի որ հայրս մեղվաբույծ է, ես քաջատեղյակ եմ և կարող եմ զբաղվել այդ գործով։ Կխնդրեի բարերարներին, պատկան մարմիններին, որ եթե հնարավոր է՝ երկու մեղվափեթակ տրամադրեն մեր ընտանիքին, որպեսզի աշխատենք, լուծենք մեր խնդիրները և 4 անչափահասներիս ոտքի կանգնեցնենք», -վերջում խնդրանքով հավելեց Լուսինեն։
ՀՀ Տաշիր խոշորացված համայնքի քաղաքապետարանի վերջին տվյալներով՝ սկզբնական շրջանում 11 համայնքում տեղավորվել է Արցախից բռնի տեղահանված 329 ընտանիք, սակայն ներկայումս նրանց թիվն աստիճանաբար նվազելով հասել է 121-ի։ Տեղաշարժի հիմնական պատճառը զբաղվածության խնդիրն է։ Արցախցիները նախընտրում են բնակվել Երևանին մոտ բնակավայրերում, որ աշխատանքի տեղավորման հնարավորություն ունենան։ Տաշիրի նշյալ բնակավայրերում արցախցի ընտանիքներից ամենաշատը բնակվում են Մեծավան, Լեռնահովիտ և Սարչապետ համայնքներում։
Զառա Մայիլյան