Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է «Արցախ Միության» նախագահ, նախկին օմբուդմեն Արտակ Բեգլարյանի հոդվածը: Նկարագրելով այն ամենը, ինչ Ադրբեջանի վարչակարգը արել է Արցախում 2020-2023 թթ․, վկայակոչելով բազմաթիվ միջազգային զեկուցներ եւ հեղինակավոր կարծիքներ առ այն, որ Արցախում տեղի են ունեցել էթնիկ զտում, վայրագություններ, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացում, Արտակ Բեգլարյանը զարմանքով եւ զայրույթով նշում է, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29) այս տարվա նոյեմբերին որոշվել է անցկացնել այդ «ցեղասպան երկրում»։
Freedom House-ը բառացիորեն օրեր առաջ հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման չափանիշներին, ինչպես դրանք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում՝ արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և ազատազրկումների, սննդի և կենսապահովման դեղորայքի հասանելիության սահմանափակումների, հարկադրական վտարման, բնակչության բռնի տեղահանման և գույքի նպատակային ոչնչացման միջոցով»:
Չնայած, որ Բաքուն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ 2023թ.-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ընդունված որոշումները, ՄԱԿ-ը զարմանալի «ներողամտություն» է ցուցաբերում Ալիեւի վարչակարգի հանդեպ։ Առավել տարակուսելի է, որ Կլիմայի փոփոխության դեմ ՄԱԿ-ի համաժողովը անցկացվում է մի երկրում, որը միայն ոչնչացնում է բնությունը։
Step1.am-ի հետ հարցազրույցում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի դեմ՝ բոլոր ուղղություններով, նաև էկոլոգիական։
«Ավտորիտար, արմենոֆոբիայի մեջ խեղդվող Բաքուն կազմել է Հայաստանի այսպես կոչված «էկոլոգիական քարտեզը», որը, անկասկած, դարձնելու է COP29-ի հիմնական իր թեման։ Ես որևէ ձևով չեմ արդարացնում COP29-ից ի օգուտ ցեղասպան Ադրբեջանի հրաժարվելու Հայաստանի քայլը», ասել է նա։
Մարիամ Ավագյանը գտնում է, որ Հայաստանը պետք է աշխարհին համարձակ ցուցադրի, թե բնությունը կողոպտած Բաքուն ինչ էկոլոգիական խնդիրների է հանգեցրել, հասցնելով ավերել թե՛ նավթակիր Ապշերոնը, թե՛ Կասպիցի ջրերը, թե՛ Արցախի անտառներն ու բնությունը, հափշտակելով բնիկ, ավտոխտոն ժողովրդներին պատկանող բնական ռեսուրսները։ «Հայությանը պատկան բնական ռեսուրսները թե՛ Ապշերոնում, թե՛ Գարդմանքում, թե՛ Նախիջևանում, հիմա էլ արդեն Արցախում յուրացրել է Բաքուն», ասել է նա։
Տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը ծրագրում է Նախիջեւանում կառուցել վտանգավոր թափոնների վնասազերծման պոլիգոն: Մարիամ Ավագյանի կարծիքով, «կոռումպացված, ցինիկ ու միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը չի կարող հետևի, ասենք, վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային»։
Հավանական է, որ դա Թուրքիայի ծրագիրն է, հիմնական թափոնները կլինեն դրա դեռ կառուցվող ատոմակայանի վտանգավոր թափոնները, եւ Բաքուն գերադասում է նման պոլիգոն ստեղծել հենց հայապատկան Նախիջևանում։
COP համաժողովը (Կլիմայի համաժողով)՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովն է։ COP-ը միակ միջազգային հարթակն է կլիմայի փոփոխության գլոբալ խնդրի կենտրոնացված գլոբալ քննարկման համար: Համաժողովը հյուրընկալում է կոնվենցիային մասնակցող երկրների պաշտոնական հանդիպումները՝ գնահատելու առաջընթացը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների դեմ պայքարում:
COP ամենամյա համաժողովների մեկ այլ կարևոր թեմա է խմելու ջրի սակավության խնդիրը, դրա մաքրության և ջրային ռեսուրսների կայունության հարցերը, որոնք հատկապես սուր են զարգացող երկրներում:
Հասարակական գործիչ Մարգարիտա Քարամյանը նկատել է, որ 2015 թվականից ի վեր Ալիեւի վարչակարգը օգտագործում է համաշխարհային հարթակները, մասնավորապես ԵԽԽՎ-ն՝ առաջ մղելու իր էքսպանսիոնիստական նպատակները։ «Ինչպես հայտնի է, 2016թ. փետրվարին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել և ընդունել է տվել մի բանաձև, ըստ որի, իբր, ԼՂՀ-Արցախի իշխանությունները բնապահպանական դիվերսիա են իրականացնում՝ թույլ չտալով Սարսանգի ջրամբարից այն կողմ գտնվող ադրբեջանցի բնակիչներին օգտվել ջրից ոռոգման համար, ինչը հանգեցրեց գյուղատնտեսական հողերը ջրելու անհնարինությանը։
Սա, ինչպես հայտնի է, պատճառ է դարձել 2016 թվականին տեղի ունեցած ագրեսիայի, որի արդյունքում անեքսիայի են ենթարկվել հյուսիսում՝ Թալիշ և Մատագիս գյուղերի և Արցախի հարավում՝ Արաքս գետի հովտում գտնվող տարածքները», ասել է նա։
Իսկ 2022 թվականի վերջին Բաքվի «էկոակտիվիստները» մի քանի ամիս Շուշիի մոտ փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս «գործողությունը» նրանք բացատրում էին Կաշենի և Դրմբոնի ոսկու հանքավայրերի փակման «էկոլոգիական» պահանջով։ Սակայն «ակցիան» ավարտվեց Արցախի ամբողջական շրջափակմամբ, որը տևեց 10 ամիս։ Իսկ հանքերը զավթվեցին։
Մարգարիտա Քարամյանը հիշեցրեց, որ Ալիևը Արցախի օկուպացված տարածքները հայտարարեց որպես «կանաչ էներգիայի գոտի»։ «Մինչ դեռ Արցախը իր կուսական բնությամբ, նրա տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների և ածխաջրածինների հանքավայրերի բացակայությամբ եղել և մնում է էկոլոգիապես մաքուր տարածք՝ հարուստ անտառներով, որոնք արտադրում են մեծ քանակությամբ թթվածին։ Բազմաթիվ բնական աղբյուրները ապահովում են բարձրորակ խմելու ջրի աղբյուր։ Ահա թե ինչու էր Ադրբեջանին պետք Արցախը, ահա թե ինչու Արցախը օկուպացվեց, իսկ նրա բնակչությունը տարագրվեց նոր ցեղասպանության և ֆիզիկական բնաջնջման վախի ներքո։ Ահա թե ինչու Ադրբեջանն այնքան գնահատում է COP համաժողովը, որը ահաբեկիչներին անհրաժեշտ է համաշխարհային հանրության հերթական խաբեության համար», ասել է Քարամյանը։
Բավական է նայել Ադրբեջանի քարտեզը՝ հասկանալու համար, որ 1988 թվականից սկսած հայերին վտարել են բոլոր այն տարածքներից, որտեղ կային արոտներ, վարելահողեր, գետեր։ Այս պետությանը պետական մակարդակով գրավում է բարենպաստ տարածքներ, հափշտակելով այն բնիկ տերերից։
ՄԱԿ-ի որոշումը՝ անցկացնել COP համաժողովը Բաքվում վկայում է այդ հեղինակավոր կառույցի կողմից էթնիկ զտումների, այլոց բնական եւ այլ ռեսուրսները կողոպտելու քաղաքականության սատարում եւ հանցակցում։
Նաիրա Հայրումյան