2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով  Արցախից բռնի տեղահանման դժոխային ճանապարհով Հայաստանում ապաստան գտավ  նաև Զոյա Հարությունյանի ընտանիքը։  ForRights.am կայքում հրապարակվել է, պատերազմի այդ օրերին փխրուն այս կինն իր ուսերին էր վերցրել ոչ միայն ընտանիքի հոգսը, այլև սեպտեմբերի 19-26-ը պատասխանատվություն էր ստանձնել անասելի դժվարին պայմաններում պաշտպանել ու հոգ տանել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության ծնողազուրկ և սահմանափակ կարողություններով որբ երեխաներին՝ կազմակերպելով նրանց տարհանումը։ Նա շուրջ 15 տարի որպես դաստիարակ աշխատում էր մանկատանը և սեպտեմբերի 19-ի դրությամբ այդ հաստատության տնօրենի պաշտոնակատարն էր։ Ու միայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների  ապահով տարհանումից հետո տիկին Զոյան լծվեց իր ընտանիքի հարցերին։

Զոյա Հարությունյանն իր ամուսնու՝ արցախյան բոլոր պատերազմների մասնակից, պահեստազորի մայոր Էդվարդ Հարությունյանի և 3 երեխաների ընտանիքների հետ Արցախից բռնի տեղահանվեցին սեպտեմբերի 27-28-ին։ Ծնվելով և ապրելով Արցախում նրանք երբևէ չեն պատկերացրել իրենց կյանքն Արցախից դուրս։

1988թ.  նորաստեղծ  ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Մարատը, որին սակայն բժիշկներն ախտորոշեցին կուրություն։ Հետագայում ծնվեցին նաև աղջիկները.։ Տիկին Զոյայի տղայի տեսողության խնդիրը բժիշկները կապում էին հղիության շրջանում գրիպով վարակվելու հանգմանքով։

«Որդուս բուժման համար տարել ենք Օդեսայի, Մոսկվայի, Շվեյցարիայի ակնաբուժական կենտրոններ, բայց, ցավոք մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Հատուկ ուսուցում ստանալու համար մանուկ տղայիս որոշել էինք տեղափոխել Երևանի կույրերի դպրոց, որտեղ էլ սովորեց գերազանց։ 8-9րդ դասարաններում նկատեցինք, որ նա մեծ սեր ունի երաժշտության ու երգեցողության հանդեպ։ Բարձր միավորներով ընդունվում ու կարմիր դիպլոմով ավարտում է և՛ կոնսերվատորիան, և՛ մագիստրատուրան։ Տղայիս առաջարկում են մնալ և աշխատել Երևանում, սակայն Մարատն անդրդվելի էր, վերադարձավ Արցախ իր մասնագիտական ունակությունները ծառայեցնելու հայրենիքին»,-պատմեց տիկին Զոյան։

Երաժիշտ որդին Արցախում համատեղությամբ աշխատել է Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, Շուշիի և Տողի արվեստի դպրոցներում։ Ամուսնացել է և ունի 3 երեխա։

Զ. Հարությունյանի աղջիկներից մեկն ամուսնացած էր Հադրութում և 2020թ. 44-օրյա  պատերազմի հետևանքով տուն-տեղ կորցնելուց հետո հաստատվել էր Ստեփանակերտում՝ 2023թ. սեպտեմբերի 27-28-ին ենթարկվելով կրկնակի տեղահանման։

«Նախքան ճանապարհվելն անհրաժեշտ էր տնից վերցնել փաստաթղթեր։ Մենք բնակվում էինք Կրկժան թաղամասին մոտ, որն էլ գտնվում էր թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երբ ամուսնուս հետ փորձեցինք մոտենալ մեր տանը, փողոցում հանդիպեցինք դիմակավորված ռուս զինյալների, որոնք հորդորեցին տուն չմտնել, որովհետև ադրբեջանական զինուժն արդեն Կրկժանում էր։ Իսկ ես պնդեցի, որ մահվան գնով էլ լինի պետք է մտնեմ տունս՝ վերցնելու անձնական փաստաթղթերս։ Ամուսնուս հետ, նա առջևից՝ ես հետևից, մտանք մեր տուն։ Ներսում անմիջապես մի տարա գտա և տնամերձ հողամասից հայրենի հող լցրեցի ու դրանից հետո միայն փաստաթղերս ու ծնողներիս, զոհված եղբորս պատից կախված նկարները ու մի քանի շոր խցկելով վերցրեցինք ու շուտափույթ դուրս եկանք, որովհետև թշնամին դիտարկելով կարող էր մեր հետևից ներխուժել»,-հուզված պատմեց  Զ. Հարությունյանը։

Գաղթի դժոխային ճանապարհը նրանք անցել են իրենց 3 զավակների ընտանիքների հետ միասին։ «Հայրենիքի կորստի ցավը խեղդելով հազարավոր հայրենակիցներիս հետ ստիպված լքեցինք մեր բնօրրանը՝ թողնելով հազարամյակների հոգևոր պատմամշակութային արժեքները, մեր եկեղեցիները, գերեզմանները, մեր ողջ կյանքի վաստակը, տուն-տեղ, պատմական հայրենիք։ Բայց հավատացեք,  այնքան տունտեղի կորուստը չի ինձ նեղում, ինչքան մեր պատմական հայրենիքի անկումը»,-խոստովանեց տիկին Զոյան։

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց և վերջապես Հակարիի կամուրջն անցնելուց հետո Զոյայի աղջկա ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով առաջ չշարժեց՝ կանգնեց։ Անսարք մեքենայով մի կերպ շարունակում են ճանապարհը, սակայն Սիսիանի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվում և ընկնում ձորը։

«Վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին ջախջախվել էր, բայց շնորհակալ եմ Աստծուց, որ աղջիկս առանց լուրջ վնասվածքների կենդանի մնաց։ Մենք հաղթահարեցինք բոլոր փորձությունները և միասին հասանք Հայաստան։ Փառք Տիրոջն ամեն ինչի համար»,-նշեց մեր զրուցակիցը։

Այժմ Զ. Հարությունյանը չի աշխատում․ իր ընտանիքով ապրում է Երևանում։ Վարձու 3 սենյականոց  դատարկ բնակարանն աստիճանաբար կարգի են բերել, հայթայթել առաջին անհրաժեշտության կենցաղային իրերը և տղայի ու ամուսնալուծված աղջկա ընտանիքների հետ 9 հոգով համատեղ բնակություն հաստատել։

«Մինչև հիմա պատկան մարմիններից ոչ մեկը չհետաքրքրվեց ընտանիքիս կենսապայմաններով, պատերազմի ընթացքում և հետո ամբողջովին լծվել էի մանկատան երեխաների խնամքին ու ապահով տարհանմանը՝ անտեսելով ընտանիքիս խնդիրները։ Ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց։ Շատ շնորհակալ եմ հասարակական գործիչ Անահիտ Բախշյանին, որ օգնեց որդուս՝ Մարատին, Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում աշխատանքի տեղավորվելու հարցում։ Բաղձալի ցանկությունս է՝ վերադառնալ Արցախ, իսկ մարդիկ ապաշխարեն իրենց կամա թե ակամա գործած մեղքերից ու սխալներից և շենացնեն հայրենիքը»,-վերջում հավելեց զրուցակիցս։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest