Արդեն մի քանի ամիս է, ինչ Երեւանում գործում է «Հարությունյանս բեյքրի» քաղցրավենիքի սրահը։ Հիմնադիրը Արցախից բռնի տեղահանված Աննա Միրզոյանն է, ով վստահ է, որ ծանր եւ համառ աշխատանքի շնորհիվ իր բիզնեսը շուտով ավելի հայտնի ու հաջողակ կդառնա։
«Արցախում ես աշխատում էի Էկոնոմիկայի նախարարությունում, մինչ այդ բանկերում եմ աշխատել։ Քանի որ աշխատանքովս շատ ծանրաբեռնված չէի, ինչ որ պահի սկսեցի տանը ինձ համար պատրաստել։ Որպես հոբբի էի անում ու ամեն պատրաստածս տեղադրում էի համացանցում, ու սկսեցին մարդիկ արձագանքել։ Հետաքրքրություն սկսեց, մարդիկ սկսեցին հարցնել՝ մեզ համար էլ կպատրաստե՞ս։ Սկզբում ինձ որպես հրուշակագործ չէի պատկերացնում, պատվերներ չէի գրանցում, որպես նվեր էի պատրաստում։ Բայց ընթացքում հոբբին դարձավ բիզնես։ Մենք դժվարությամբ կարողացանք այստեղ շուկա մտնել ու արդեն կարող եմ ասել, որ մի քանի ամիս հետո ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ասում է հրուշակագործը։
32-ամյա Աննան պատմում է՝ իր, եւ հազարավոր այլ արցախցիների համար այս ամիսները տեղից տեղ տեղափոխվելու, տարբեր աշխատանքներ փորձելու, ընտանիքի համար առաջին անհրաժեշտության նվազագույն կարիքները լուծելու ամիսներ էին եւ շատերը ժամանակ չունեին իրենց հետ տեղի ունեցածը վերաբրելու, ամբողջությամբ ընկալելու համար։ «Հիմա է սկսվում այդ դեպրեսիվ վիճակը եւ մեզ նոր ծանր փուլ է սպասում»,- ասում է Աննան, ով միայնակ մայր է։
«Ամենածանր բանը, որը մինչեւ հիմա ինձ հանգիստ չի տալիս, դա այն է, որ Արցախը լքելուց առաջ ես չհասցրի այցելել ամուսնուս գերեզման… »,- ասում է նա։ Աննայի ամուսինը մահացել է տասը տարի առաջ՝ ավտովթարի հետեւանքով։ Այս ժամանակ նրանց դուստրն ընդամենը երկու ամսական էր։
«Ինձ համար ընկնելն ու նորից ոտքի կանգնելը նոր բան չէ։ Երբ ամուսինս մահացավ, ես հասկացա, որ ինքս պետք է ոտքի կանգնեմ։ Ճիշտ է՝ ծնողներս ինձ շատ են օգնել, բայց ես հստակ գիտակցել եմ, որ իմ աղջկան ես պետք է դաստիարակեմ եւ նրա ապագայի պատասխանատուն ես եմ… երեւի այդ պատճառով է, որ ես տեղահանությունից հետո կարողացա մի փոքր արագ կողմնորոշվել ու հասկանալ, որ կարող եմ բիզնես սկսել ու փորձել այնպես անել, որ կամաց կամաց այն կարողանամ կայացնել ու ամիսների ընթացքում ավելի վստահ հոգալ ընտանիքիս ու հարազատներիս կարիքները»,- ասում է Աննան։ Նա հիշում է, որ դուստրն ամեն կիրակի իր կամ պապիկի ուղեկցությամբ այցելել է հոր գերեզմանին եւ շատ է կարեւորել նրա հիշատակը։ Բռնի տեղահանությունից առաջ, սակայն, ոչ Աննան, ոչ դուստրը հնարավորություն չունեցան հրաժեշտ տալ նրա գերեզմանին։
Ի պատասխան հարցին, թե արդյոք դստեր հետ խոսել է Արցախի հետ տեղի ունեցածի մասին, նա ասաց..«Չեմ ցանկանում չխոսել Արցախի մասին, որովհետեւ, թեեւ դա դաժան հնչի, ուզում եմ որ աղջիկս ցավը ապրի, որ տարիներ հետո, երբ խոսք գնա Արցախի մասին, ցավը զգա։ Եթե հիմա ինքը չպատկերացնի, մենք չխոսենք, մենք չհիշենք, տարիներ հետո ինքը այդ կորուստը չզգա, այդ ամենն ուղղակի կկորի։ Պատերազմի օրը, երբ մենք թաքստոցում էինք, ես պետք է տուն բարձրանայի, որ սնունդ բերեմ։ Աղջկաս ասացի՝ դու մնա, գնամ ուտելիքը բերեմ։ Ասաց՝ ոչ, ես էլ եմ գալիս քեզ հետ…ինչպես տարիների դժվարությունները, այդպես էլ այդ օրը ձեռք ձեռքի հաղթահարեցինք»։
Աննա Միրզոյանի խոսքով, այսօր Հայաստանում ապրելով ինքն ավելի վստահ է օգտագործում արցախյան բարբառը, քան դա անում էր նախկինում.«Նախկինում, երբ մի քանի օրով Երեւան էինք գալիս, փորձում էի գրական հայերենով խոսալ, Արցախի բարբառով չէի խոսում, բայց հիմա այդպես չեմ անում։ Ես հպարտանում եմ, որ Արցախից եմ, ցավս չեմ ուզում թաքցնել, ես թույլ չեմ, չեմ ուզում, որ ինչ որ մեկը ինձ խղճա, ուզում եմ բոլորը հիշեն, որ մարդիկ դժվարություններ են ապրել, դժվարություններ հաղթահարելով փորձում են նոր կյանք կառուցել։ Դա նրա համար չեմ ասում, որ ինչ-որ մեկը գնահատի՝ ուժեղ ենք, թե ուժեղ չենք, այլ նրա համար եմ ասում, որ մենք հանուն մեր ընտանիքների, հանուն մեր փրկված ընտանիքների փորձում ենք ոտքի կանգնել։ Ուզում եմ մեր հայրենակիցները լսելով մեր բարբառը առաջարկեն գրկել, ոչ թե ցավը կիսելու, այլ անցած դժվար ճանապարհը գնահատելու համար»։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։