Երեկ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ արցախցիները ակցիա են կազմակերպել՝ ՄԱԿ-ից պահանջելով ստիպել Ադրբեջանին ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումների կատարումը։
Հիշեցնենք, որ այս որոշումները հաստատում են Արցախի բնիկ բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը (երբ դեռ կար, բայց արգելափակված էր Բերձորի միջանցքը), Արցախ վերադառնալու, սեփականության, պաշտամունքի վայրերի, պատմամշակութային ժառանգության պահպանման իրավունքը։
Չնայած Հայաստանն է հայցեր ներկայացրել Միջազգային դատարան, ՀՀ կառավարությունը այդպես էլ քայլեր չի ձեռնարկռլ Դատարանի որոշումները կյանքի կոչելու համար։ Ավելին, հայտարարված «խաղաղ գործընթացի» շրջանակներում Երևանը չի բացառում առկա հայցերի ետ կանչումը։
Հայտնի չէ, թե արդյոք ետ կկանչվեն այն հայցերը, որոնց վերաբերյալ արդեն իսկ որոշումներ են կայացվել, սակայն արցախցիներն ու միջազգային կազմակերպություններն արդեն բացահայտ ասում են, որ Հայաստանի կառավարությունը չի ցանկանում կամ ի վիճակի չէ պաշտպանել Արցախի բնիկ բնակիչների իրավունքները։ Թեկուզ այդ իրավունքներն այնքան ակնհայտ են, որ միջազգային կազմակերպություններն ու կառույցները ստիպված են հաշվի նստել դրանց հետ։
Վերջերս Երևանում Freedom House-ի գլխավորած ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստված զեկույցի շնորհանդեսի ժամանակ նշվեց, որ բոլոր հիմքերը կան Միջազգային քրեական դատարան դիմելու Հռոմի ստատուտի համաձայն: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքել են Ալիևի ռեժիմի հանցագործությունների բոլոր ապացույցները, որոնք պատկանում են «մարդկության դեմ հանցագործություն» և «ռազմական հանցագործություն» որակավորումներին։ Նրանք ասում են՝ լավ կլիներ, որ ՀՀ կառավարությունը դատական հայց ներկայացներ՝ ակնարկելով, որ ինչ-ինչ պատճառներով դա չի արվում։
Երեկվա ակցիայի մասնակիցներից Մարգարիտա Քարամյանը հարցին, թե նախկինում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիաներն ի՞նչ արդյունք են տվել եւ հիմա ի՞նչ են ակնկալում, պատասխանեց. «Քանի որ Հայաստանի իշխանությունները երբեք լուրջ չեն վերաբերվել մեր գործողություններին և կոնտակտի դուրս չեն եկել մեզ հետ, մենք չունենք հարթակ, որտեղ կարող ենք բարձրացնել մեր խնդիրները, ուստի միայն նման գործողություններով կարող ենք խոսել մեր իրավունքների մասին։ Երբ խոսում ենք միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, նրանք միշտ ասում են. «Ինչո՞ւ չեք բարձրաձայնում ձեր խնդիրները եւ իրավունքները»:
Սա շատ կարևոր արձանագրում է։ Եւ արցախցիներն աստիճանաբար սկսում են հասկանալ, որ իրենց իրավունքները չեն վերացել նույնիսկ 2020-2023 թվականների խայտառակ ռազմական արշավից հետո։
Անցած մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի քանի ակցիաներ, որոնց ընթացքում Արցախի ժողովուրդը հայտարարել է իր անքակտելի իրավունքների մասին։ Արցախի ներկայացուցիչները մայիսին Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահին նամակ են հանձնել՝ բանակցությունները միջազգային մակարդակ վերադարձնելու և ռուս-թուրքական-հայկական սեպարատ դավադրությունը կանխելու պահանջով։ Հիշեցնենք, որ այս այցից հետո ԵԱՀԿ-ն հրաժարվեց չեղարկել Մինսկի խմբի մանդատը՝ ի հեճուկս Ալիևի պահանջների և Հայաստանի ԱԳՆ լռության։
Հետո Հայաստանում սկսվեցին արցախցիների հալածանքները. Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները Հայաստանի խորհրդարանի ամբիոնից բացահայտ հայտարարեցին, որ Արցախի կորստի մեղավորն ինքը՝ արցախցիներն են, որ չեն դիմադրել, չեն լսել «ձեւը ցույց տված» Փաշինյանի խորհուրդը, չեն ցանկացել ցեղասպանության ենթարկվել, լսել են իրենց ռուսամետ ղեկավարությանը և լքել իրենց հող։ Փաշինյանն արցախցի գեներալներին անվանել է «վախկոտ դասալիքներ», որոնք պետք է փտեն բանտում։
Արցախցիների նկատմամբ ատելության բորբոքումն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ միջազգային ու Բաքվի լրատվամիջոցները զարմանքով սկսեցին գրել, թե ինչպես է դա հնարավոր։
Այնուհետև արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին երևանյան սրահներից մեկում և պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, որքան անձնուրաց են պայքարել արցախցիները, և որ եթե մնային, կենթարկվեին ցեղասպանության։ Այս հանդիպումից հետո ատելության ալիքը մարեց, բայց հիմնական խնդիրը չլուծվեց։ Իսկ խնդիրն այն է, որ չկա մի կառույց, որը կներկայացնի արցախցիների իրավունքները։
Հայաստանի իշխանությունն Արցախի ընտրված իշխանություններին անվանում է «ազգային անվտանգության սպառնալիք»՝ Արցախի ղեկավարությանը ենթարկելով նվաստացուցիչ խուզարկությունների, հարցաքննումների և օստրակիզմի։ Միևնույն ժամանակ, բուն ՀՀ կառավարությունում և նույնիսկ ոչ իշխանական հատվածում չի ձևավորվում միասնական հարթակ, որը կարող է ներկայացնել արցախցիների իրավունքները՝ առանց Հայաստանի ներքաղաքական պայքարին կապվելու (Օսկանյանի հանձնաժողովը չենք հաշվում)։
Աստիճանաբար հասկացվում է, որ արցախցիների անքակտելի իրավունքները պետք է պաշտպանեն ու առաջ տանեն հենց արցախցիները, իսկ Հայաստանի իշխանության ինքնահեռացումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից միայն բյուրեղացրել է այդ իրավունքները։ Այդ իրավունքները չեն կարող խլվել ոչ օկուպացիայի, ոչ էթնիկ զտումների ու ցեղասպանությունների, ոչ էլ Հայաստանի իշխանության «լռության» միջոցով։ Ինչպես Արարատը բարձրանում է Հայաստանից վեր՝ որպես հայկական իրավունքի մարմնացում, այնպես էլ արցախցիների իրավունքները վեր են բարձրանում՝ չնայած նրանք թաղելու, ցեմենտավորելու և կեղտով լցնելու փորձերին։
«Արցախը Հայաստանի մարզ է, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել ու խախտել Սահմանադրությունը։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է. Նիկոլը Արցախի ժողովրդի անունից գործարքներ անելու իրավունք չուներ, Արցախի ճակատագիրը որոշում է արցախցին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նաիրա Հայրումյան