Հուլիսի 1-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում միաժամանակ երկու մահ է գրանցվել: 59 տարեկան Գագիկ Հարությունյանը և 58 տարեկան Հովհաննես Կարապետյանը երկուսն էլ տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրանց կենսաբանական մահը:
Քննչական կոմիտեն այս մասին հաղորդել է միայն 2 օր անց, հայտնելով, որ քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Քրեակատարողական ծառայությունը, Forrights.am -ի հարցմանն ի պատասխան 8 տողից բաղկացած գրություն ուղարկեց, յուրաքանչյուր մահացածի մասին՝ չորս տող:
«Հունիսի 30-ին՝ ժամը 03։00 սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1964թ․ ծնված Գ․ Հ․-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, որից հետո Գ․ Հ․-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հուլիսի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, քաղաքացիական հիվանդանոցում գրանցվել է կալանավորված անձ Գ․ Հ․-ի կենսաբանական մահը»։
Այս գրությանը ծանոթանալով, կարող է թվալ, թե ամեն անհրաժեշտը արվել է՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, հիվանդները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց:
Մեր աղբյուրներից սակայն տեղեկացանք, որ այս անձինք լուրջ բուժում չեն ստացել և իրենց կյանքի վերջին օրերն անցկացրել են հոգեկան և ֆիզիկական սարսափելի տանջանքերում, իսկ «բուժումը» միայն արագացրել է մահը:
Նախկինում դատապարտված Գագիկ Հարությունյանի գործը դատաքննության փուլում էր։ Նա հարկադիր բուժում էր ստանում ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատուի, նա մեղադրվում էր իրեն հասանելի մեթադոնը այլ անձի փոխանցելու համար:
Կալանքը «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացնելու ընթացքում Գագիկը կոտրել էր ոտքը։ Նա բազմաթիվ ծանր հիվանդություններ ուներ՝ ցիրոզ, հեպատիտ C, շականակագեղձի քաղցկեղ, անոթային խնդիրներ, որոնց հետ կապված ծանր, 4 ժամ տևողության վիրահատություն էր տարել մայիսի կեսին «Աջափնյակ» ԲԿ-ում:
Ըստ հարազատների, ոտքերի տրոմբները հեռացնելուց հետո նրան վիրահատության հաջորդ իսկ օրը տեղափոխել են Արմավիրի բուժմաս։ Բուժմասում վերքը ախտահարվել է աշխատողի կողմից կարերը կեղտոտ մկրատով հեռացնելու հետևանքով: Գագիկի հարազատները համոզված են, որ նա վերքերի ախտահարման հետևանքով ստացել է արյան վարակ և գանգրենա, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։
Աջափնյակ ԲԿ-ում Գագիկ Հաչությունյանին վիրահատել է դոցենտ, հայտնի վիրաբույժ Կարեն Գևորգյանը, որը երկար տարիներ աշխատել է Սաուդյան Արաբիայում, և իր իսկ խոսքերով անթիվ ոանհամար նման հիվանդներ է ունեցել։ Նա վստահեցնում է, որ կալանավորն ինքն է հրաժարվել տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց:
«Երկու-երեք ժամ են պառկում նման հիվանդները հիվանդանոցում: Մյուս օրը դուրս են գրվում տուն, բայց այս դեպքում, քանի որ տուն չկա, տունը կալանավայրն է, նրան դուրս ենք գրել դատապարտյալների հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է գնալ, և նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժմաս։ Ես միայն կարող եմ ասել, որ վիրահատությունը հաջող է անցել։ Նրա մահը վրա է հասել վիրահատությունից մեկ ու կես ամիս հետո, և թե ինչ է կատարվել այդ մեկու կես ամսվա ընթացքում, ես տեղյակ չեմ», — ասում է բժիշկը:
Կարեն Գևորգյանը հաստատում է՝ հիվանդը ուներ բազմաթիվ հարակից հիվանդություններ, նրա օրգանիզմը թուլացած էր թմրամիջոցների երկարատև օգտագործման հետևանքով:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանը չունի տեղեկություն, թե ինչց է մահացել դատապարտյալը։ Արյան վարակի և գանգրենայի մասին տվյալները չի հաստատում։ «Մահվան պատճառը ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը», — ասում է նա:
«Արմավիր» ՔԿՀ բնակիչներից երկրորդը, ով մահացավ հուլիսի 1-ին, 1966թ․ ծնված, հաշմանդամ դատապարտյալ Հոհվաննես Կարապետյանն է:
Ըստ ՔԿԾ տվյալների, հունիսի 30-ին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երեկոյան 22։10-ի սահմաններում կանչել են շտապօգնություն, դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ապրել է մեկ ժամից մի քիչ ավելի:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Հովհաննես Կարապետյանը մշտապես գտնվել է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հսկողության ներքո։
Ինքը՝ դատապարտյալ Հովհաննես Կարապետյանը, սակայն, որին հանդիպել էինք 2019 թվականին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Forrights.am-ի հետ զրույցում հակառակ պատկերն էր նկարագրել, ասելով. ««Արմավիր»-ում փակ ռեժիմով էր, պետք ա դուռը ջարդես, որ դեղորայք տան: Ցավազրկող դեղ ենք ուզում՝ ոտքի դեղ են տալիս, ոտքի համար ենք դեղ ուզում, սրտի դեղ են տալիս: Էնտեղ բժիշկ չկա, որ օգնեն, դեղորայք տան»: Իր դիմումի համաձայն, նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
Հովհաննես Կարապետյանը կալանավայրում էր հաշմանդամ դարձել, ՔԿՀ-ում ամպուտացվել էր ոտքը, ինսուլտ էր տարել, ձախ ձեռքը չէր աշխատում, սիրտ-անոթային անբավարարություն ուներ:
Մինչև կալանավայր ընկնելը նա երկար ժամանակ դրսում՝ բաց երկնքի տակ է ապրել, անգամ գերեզմանոցում: Իր ասելով՝ «թմրանյութ հյուրասիրելու համար», դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
Ո՞րն է պատճառը, որ այդքան առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին տեղափոխել են «Արմավիր»:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանը չի հիշում, թե ինչպես է անբուժելի հիվանդ Հովհաննես Կարապետյանը ՙՙԴատապարտյալների հիվանդանոցից՚՚ տեղափոխվել «Արմավիր», պահվել փակ ռեժիմի տակ: Վստահեցնում է՝ Հովհաննես Կարապետյանը «ակտիրովկայի» ենթակա անձ էր, այսինքն՝ նրա հիվանդությունները անհամատեղելի էին կալանքի հետ, և նրան պետք է ազատեին: «Նա գտնվում էր տերմինալ փուլում: Ծանր առողջական վիճակում էր, բուժման ենթակա չէր, սակայն դատարանի որոշմամբ նա շարունակել է պատիժը կրել», — ասում է Նաիրա Բաբայանը
Հովհաննես Կարապետյանը դիմել էր վաղաժամկետ ազատման համար, սակայն դատարանը մերժել էր նրա դիմումը՝ հաշվի չառնելով, որ առաջին կարգի հաշմանդամ է: «Եթե առաջին կարգի հաշմանդամին չեն ազատում, բա ո՞ւմ պիտի ազատեն, ուրեմն կաշառք են վերցնում դատավորները»,- ասում էր նա:
Այսպես, լուռ ու մունջ, անտեսված, անուշադրության մատնված՝ մահանում են ՔԿՀ բնակիչները: Արդարադատության նախարարությունը, Քրեակատարողական ծառայությունը անգամ նրանց անունները չեն հրապարակում, դրանց փոխարեն երկու տառ նշելով՝ Գ.Հ. և Հ.Կ. :
Սյուզան Սիմոնյան