Արցախցիները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են կազմակերպել՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։

Ակցիայի մասնակից Արմինա Ավագիմյանն ասաց, որ Ադրբեջանը Արցախում ժամ առ ժամ նպատակադրված վերացնում է հայկական հետքը՝ պատմամշակութային կոթողները, գերեզմանները, եկեղեցիները, շարժական ու անշարժ գույքը։

«Գիտենք, որ կան ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռներ։ Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգևոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների  հետվերադարձը»,- ասաց նա։

Ա. Ավագիմյանը բավարար չի համարում Հայաստանի իշխանությունների աշխատանքը՝  արցախցիների հետվերադարձն ապահովելու ուղղությամբ. «Մենք անընդհատ նկատում ենք որպես քաղաքացիական հասարակության մի մաս, որ Արցախի ու արցախցիների հետվերադարձի հարցը փորձ է արվում հանել օրակարգից։ Եթե մենք գոյաբանական,  ֆիզիկական անվտանգությունիեց ելնելով լքել ենք մեր  հայրենիքը, քանի որ մեր երեխաների գլխին ցեղասպան գործողություններ էին կախված, դա դեռ չի նշանակում, որ մենք հանդուրժելու ու հարմարվելու ենք։ Բնականաբար, ոչ։ Դրա համար էլ  հասարակությունն է ինքնակազմակերպվում ու նման ակցիաների միջոցով փորձելու ենք ճնշում գորադրել, որպեսզի ՄԱԿ-ն իր եղած գործիքակազմով ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ու հաշվի առնվի արցախցիների իրավունքները»։

Նա նշեց, որ անգամ Ադրբեջանում են զարմացած, թե ինչպես են արցախցիների հարցը, իրավունքների հարցը օրակարգից հանվում ու հեշտ հանձնվում։

Նշենք, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։

Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest