Լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանի գործը օրերս մուտք է արվել դատարան։
«Դեռ չգիտենք, թե ով է դատավորը, դեռ նիստ չի եղել, բայց կարող եմ ասել՝ հերթական անհեթեթ մեղադրանքն է>>, — ասում է Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Սարգիս Գալստյանին, որը Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է, 2023 թվականին լրտեսության մեղադրանք էր առաջադրվել։ Նա Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին հայերից էր, որի մասին լուրեր էին շրջանառվում, թե Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։
Հետագայում լուրերը չհաստատվեցին, իսկ Գալստյանը կնոջ հետ բռնեց Հայաստանի ճանապարհը։ Գորիսում ձերբակալվեց և կնոջ հետ միասին բերման ենթարկվեց։ Կնոջը բաց թողեցին, իսկ Գալստյանին մեղադրանք առաջադրեցին՝ Ադրբեջանի օգտին լրտեսության համար։
Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև, ըստ Քննչական կոմիտեի, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Մտել են, սպառնացել են, որ կնոջն ու երեխային կկալանավորեն, խոստովանել է, իբր, ինքը գործակալ է ու տեղեկություններ տվել Ադրբեջանին, բայց ոչ մի հիմք, դրա ապացույց չկա», — ասում է Ալեքսանր Կոչուբաևը։
Նա պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դատախազություն այն մասին, որ իր պաշտպանյալը ճնշումների և սպառնալիքի է ենթարկվել, որի արյունքում խոստովանական կեղծ ցուցմունք է տվել։
Ստեփանակերտում պարետ նշանակելու մասին լուրը, ըստ Կչուբաևի, ծնվել է Հայաստանում։ «Վերցրել են հեռախոսը, ստուգել են, բայց ոչ մի կապ Բաքվի հետ չի ֆիքսվել։ Նրան մեղադրում են 3 մլն ռուբլի գումար ստանալու համար։ Ես գնացի անդորրագրի հետևից, պարզեցի, որ փոխանցումն իր անունով ուղարկել են Գորիսի բանկ, ընդ որում այն շրջանում, երբ Արցախը շրջափակման մեջ էր, և Գալստյանը չէր կարող գնալ Գորիս», — ասում է փաստաբանը։
Սարգիս Գալստյանը 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։
Կոչուբաևի վստահորդներից էր նաև ՀՀ Զինված ուժերի գումարտակի հրամանատարի տեղակալ Տարոն Կարապետյանը, որը 15 տարի անմասիր ծառայությունից հետո մեղադրվեց պետական դավաճանության համար զավեշտալի փաստով՝ նրա հաշվին Անգլիայից փոխանցված են եղել 300 եվրո։
2021 թվականին դատարանը նրա վերաբերյալ արդարաց ման դատավճիռ կայացրեց։ Նախաքննական մարմինը որոշել էր, որ սա դավաճանության համար փոխհատուցումն է։
Ապացույցների թվում էր սպայի անձնական բնույթի նամակագրությունը մի աղջկա հետ, որը, իբր՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ էր։ Տարոն Կարապետյանը դատարանում պնդել էր, որ նամակագրության մեջ չի եղել որևէ տվյալի փոխանցում, ավելին՝ ինքը այդ անձնավորությանը հրավիրել է հանդիպման, մտադիր է եղել ամուսնության առաջարկ անել, սակայն կինը չի եկել, և նա դադարել է վիրտուալ շփումը վերջինիս հետ։ «Սխեման այսպիսին է՝ իբր, աղջիկ գործակալ կա, ծանոթանում է զինվորականի հետ, ասում է՝ քեզ նկարի, ուղարկի լուսանկարդ, հետո գտնում են էդ նամակագրությունը, մեղադրանք են առաջադրում, ասում են՝ հետևում դիրքը երևում է։ Այս սխեմայով էին Տարոն Կարապետանին մեղադրանք առաջարել», — ասում է Կոչուբաևը։
Այդ կանայք, իրոք, Ադրբեջանի հետ կապ ունեն, գուցե, մեր ԱԱԾ մարդի՞կ են։ Forrights.am-ի հարցին փաստաբանը պատասխանում է․ «Ինձ թվում է, կապ ունեն, բայց թե ով է նրանց համոզել, որ սիրային նամակներ գրեն մեր սպաներին՝ մերոնք, թ՞ե ադրբեջանցիները, դեռ պետք է մտածել»։
Եւ իրոք՝ ֆեյք կանանց հետ սոցցանցերում ծանոթանալն ու նրանց միջոցով ռազմական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ հաղորդելը ԱԱԾ հայտնաբերած սցենարն է, որով տասնյակ զինծառայողներ են մեղադրվել պետական դավաճանության մեջ, հայտնվել կալանավայրում։
Օրերս քննչական կոմիտեն հաղորդեց եւս մի նման դեպքի մասին։ ԸՍտ փաստական տվյալների, 43 տարեկան կրտսեր սերժանտը լրտեսություն է կատարում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար, գաղտնի տեղեկություններ է հանձնել նրանց ներկայացուցչին։
Եւ կրկին, ինչպես ՔԿ «բացահայտած» բազմաթիվ այլ գործերում, այս մեկում էլ «հանցագործության վայրը» սոցցանցն է՝ ռուսական «odnoklassniki.ru» կայքը։
Ըստ ՔԿ տվյալների, սերժանտը, իբրև թե, կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, որը ֆեյք պրոֆիլով է հանդես եկել։
«Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս», որն էլ «սեռական շահագրգռվածությունից ելնելով» նրա առաջադրանքով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ փետրվար նրան է հաղորդել «մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ»։
Սիրային նամակագրության սխեման բավականին արդյունավետ է։ Ռազմական գաղտնիք կատեգորիայի տակ քննիչները կարողանում են անցկացնել ցանկացած փաստ։ Օրինակ՝ տղամարդը լուսանկար է ուղարկում կնոջը, որի ֆոնին երևում է մի <<պայթած» ուազ, կամ նույնիսկ բենզալցակայան։
Սա քննիչի թեթև ձեռքով դարձել էր տեղեկատվություն «հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ»։
Հենց այսպիսի բենզակայանի ֆոնին էր նկարվել կապիտան Տարոն Ամիրխանյանը, և քիչ էր մնում դատվեր այդ լուսանկարի պատճառով։
Նրան 2022 թվականին մեղադրել էին պետական դավաճանոթյան համար, մի քանի ամիս պահել էին մեկուսարանում, ապա բաց թողել, իսկ գործը կարճել։
Նա 44-օրյա պատերազմի մասնակից է Ամիրխանյանը, Ջեբրայիլում մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ էր հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել ռազմաճակատ։
Տարոն Ամիրխանյանին նամակ էր գրել Վրաստանի մի բնակչուհի, և սկսվել էր սիրային նամակագրություն, որը մարել էր այն բանից հետո, երբ Ամիրխանյանի մայրը տեսել էր ծխող աղջկա լուսանկարը, որը վերջինս ուղարկել էր կապիտանին։ Պատերազմի մասին նամակներում ոչ մի բառ չի եղել։ Ո՛չ քարտեզ, ո՛չ այլ գաղտնի տվյալ։
Ահա՝ այսպիսի ծիծաղելի գործերի վրա էր հիմնվում Փաշինյանը՝ հայտարարելով, թե հայոց բանակում մի քանի տասնյակ դավաճան սպաներ ու զինվորականներ կային, որոնց ինքը «հինգերորդ շարասյուն» է անվանում եւ որոնց էլ մեղադրում է 2020-ի պատերազմում պարտության մեջ։
«50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Եթե մտածողներ կան, որ այդ մարդկանց գլխին գործ են սարքում, շատ վատ ա»,- հայտարարում էր վարչապետը 2023 թվականի մարտին, սրանով պատերազմում Հայաստանի պարտության մեղքը գցելով «լրտեսների» վրա։
2022 թվականին ԱԱԾ-ն աղմկեց, թե դավաճանության գործով 20 մեղադրյալ կա, 14-ը՝ կալանավորված։ Նրանց թվում էր գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանը, որին 5 ամիս անիմաստ պահեցին կալանքի տակ։ Հետագայում նա պատմեց, թե ինչն է ԱԱԾ-ն լրտեսություն համարել։ Պարզվում է՝ մի կին է զանգահարել հրամանատարին, խնդրել՝ իր ծառայող որդուն փոխանցել, որ կապվի մոր հետ։ Էլոյանն էլ ճշտել է, որ այդպիսի զինվոր իր գումարտակում չի ծառայում։ ԱԱԾ-ն որոշել է, որ այդ կինը թշնամու հատուկ ծառայություններից է, ու 5 ամիս գործ էր քննում։
Էլոյանին ազատ արձակելուց կարճ ժամանակ անց կալանքից ազատվել էր նաեւ երկրորդ «պետական դավաճանը»՝ 42-ամյա պայմանագրային զինծառայող Դ․ Թովմասովը։ Նա ծառայում էր Արարատում, փորձառու զինվորական էր, փետրվարից մինչեւ հունիս կալանավորված է եղել, որից հետո ազատ է արձակվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սրանից հետո զինծառայողը վիրավորվել է եւ թողել բանակային ծառայությունը։
Սյուզան Սիմոնյան