Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «այս կարգի համաձայն փոխհատուցման շահառու են համարվում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք» «Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներն են.
Բազմաբնակարն շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան պատճառված վնասը,
կենցաղային առաջնային գույքին՝ սառնարան, գազօջախ, հեռուստացույց եւ այլ սարքերին պատճառված վնաս:
Այլ վնասների փոխհատուցման անդրադարձ է կատարվելու առանձին: Եթե որեւէ տուժած որեւէ ֆիզիկական անձ այս կարգով չի հանդիսանա շահառու, ապա պատճառված վնասը մեղմելու համար նրան կարող է տրամադրվել սոցիալական աջակցություն:
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով:
Կորսւոտ կհամարվի բնակարանի կամ անհատական տան ոչնչացումը, փլուզումը, կամ քանդման ենթակա 5-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածության չափը, որն անհնար է դարձնում բնակվելը այդտեղ:
Անշարժ գույքին պատճառված վնասի մյուս դեպքերում, եթե կորուստ չէ, կտրամադրվի վերանորոգման համար փոխհատուցում, որը կախված կլինի գույքի մակերեսից: Առվել տուժած բնակավայրերում փոխհատուցումը կլինի մեկ քմ-ի համար 60 հազար դրամ, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամ:
Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ՝ 80 քմ: Առանձնատների դեպքում առաջին հարկում կարող են լինել օժանդակ մեծ մակերեսներ, որոնք գրանցված են որպես բնակելի: Որոշվել է սահմանափակել փոխհատուցման ենթակա մակերեսների չափը:
Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1,2 մլն դրամ անշարժ գույի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, եւ 800 հազար դրամ մյուս բնակավայրերում:
Բոլորդ եպքերում աջակցությունը կփոխանցի շահառուների բանկային հաշվին: Աջկցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով: Մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել:
Նորոգման գումարը կտրվի 4 հավասար մասերով, օրինակ, եթե 4 մլն դրամ է, ապա 1 մլն դրամ կտրվի 4 հատկացումներով»,-ասաց Վահե Ղազարյանը:
Նա նաեւ պրակտիկ օրինակ բերեց. «Եթե օրինակ, վնասված բնակարանը եղել է 50 քմ, ապա առավել տուժած բնակավայրերում հատուցման չափը կլինի 3 մլն դրամ, եւ 1,2 մլն դրամ առանջային կենցաղային գույքի գնման համար: Մյուս բնակավայրերում փոխհատուցման չափը կլինի 2 մլն դրամ (40 000 անգամ 50 քմ) եւ 800 հազար դրամ կենցաղային տեխնիկայի գնման համար»:
Նշվեց, որ ամբողջությամբ կփոխհատուցվի 16 բնակարանի և երկու առանձնատան ձեռքբերման գումարը։ 263 վնասված, փլուզված առանձնատներից 98-ի համար 1 քմ տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազար դրամ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք 39 բնակավայր։ Առաջին գոտում ընդգրկված է Այրում բնակավայրը և Ալավերդի համայնքն իր բոլոր բնակավայրերով և քաղաքացիները կստանան 60 հազար դրամ 1 քմ վերանորոգելու համար
4 զոհվածի ընտանիքներին լրացուցիչ 1 մլն դրամ կտրվի։
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: