Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտակայքում ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների պայթյուններից մարմնական վնասվածքներ է ստացել նաև News.am գործակալության օպերատոր Վազգեն Եթումյանը։ Նա այդ պահին խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կատարում էր մասնագիտական պարտականությունները՝ ուղիղ եթերում լուսաբանելով Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժման բողոքի ակցիան։ Վազգեն Եթումյանը Forrights.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր հետ տեղի ունեցածից։

«Սիրահարների այգում էի՝ մուտքի մոտ, հրմշտոց սկսվեց։ Սկզբում առաջին նռնակը գցեցին, փորձեցի հետ գնամ, միանգանից երկրորդը եկավ։ Երկու քայլ գնացի ու հասկացա, որ չեմ կարողանում քայել»,- Forrights.am-ին հայտնեց օպերատորը՝ նշելով, որ չի զգացել թե ինչպես է վնասվածքներ ստացել։ Բեկորները, սակայն, մարմնի մեջ հայտնվելուց րոպեներ անց արդեն զգացնել են տվել բացասական հետևանքները։

«Ինձ շատ մոտ է ընկել, այդ ձայնը՝ զնգոցը, ականջիցս չէր անցնում։ Մեկը տրաքեց, կարողացա փախչել, բայց մյուսից չկարողացա։ Իրար հետևից գցեցին, բայց չեմ տեսել, թե որ կողմից գցեցին։ Երրորդն էլ մի քիչ հեռու տրաքեց։ Ժողովրդի օգնությամբ նստարանի մոտ գնացի, նստեցի, տասը րոպե սպասում էի՝ օգնությունը չկար»,-ասաց ոստիկանության գործողություններից մարմնական վնասվածքներ ստացած Վազգենը։

«Զգացի, թե ոնց մտավ մարմնիս մեջ։ Մոտ է ընկել, եթե այսպիսի վնասվածք եմ ստացել։ Ծնկիցս մի փոքր ներքև է վնասվածքները։ Երեք տեղից բեկորները մտել են ոտքիս մեջ, հիմնական խնդիրն աջի հետ է, ձախը մի թեթև է վնասվել։ Բժիշկն ասում է, որ որքան հնարավոր էր հեռացրել են, բայց կարողա խորը մտած էլ լինի»,-ասաց նա։

Վազգենը հունիսի 12-ից թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում է, արդեն 15-օրից ավել է ինչ ստացիոնար բուժում է ստանում։ Forrights.am-ին փոխանցեց, որ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ տան պայմաններում է շարունակելու բուժումը։ Թե որքան ժամանակ չի կարող մասնագիտական պարտականությունները կատարել, անհայտ է։ Իշխանությունը, որոնց անուղղակի ցուցումով ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց, չեն խոսում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու մասին։

23-ամյա Վազգենն ասում է, որ լուսաձայնային նռնակների կիրառելու մասին ոստիկանության նախազգուշացումը չի լսել։ Նշենք, որ այս դրվագով բողոքներ կան բազմաթիվ քաղաքացիներից։ Հայտնի չէ՝ արդյո՞ք ՆԳՆ-ում ուսումնասիրվում է՝ իրազեկումը պատշաճ իրականացվել է, թե՝ ոչ։

Վազգեն Եթումյանը տուժող է ճանաչվել, ասաց քննիչներն իր հետ ընդամենը մեկ անգամ են հանդիպել։

Վազգենից զատ վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ևս յոթ ներկայացուցիչ։

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI — International Peace Institute) դատապարտել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամ բռնությունը։ ԵԽԽՎ-ն էլ Հայաստանի ոստիկանության վերաբերմունքը հավաքների անցկացման վերաբերյալ մտահոգիչ է համարել։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest