Ստեփանակերտցի Տաթև և Էդուարդ Գրիգորյանների ընտանիքը բռնի տեղահանվել է 2023թ. սեպտեմբերի 28-ին։ Կինը՝ 34-ամյա Տաթևն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Արցախում Տաթևն աշխատում էր Արցախբանկում, իսկ ամուսինը՝ Արցախի պետական վերահսկողության տեսչության գլխավոր իրավաբանն էր։ Այժմ՝ Երևանում, ընտանիքը մի կերպ է հոգում տան կարիքները։
«2023թ. սեպտեմբերի 19-ին երբ սկսվեց պատերազմը ես տանն էի՝ Ստեփանակերտում, իսկ ծնողներս Ասկերանում։ Քանի որ Ադրբեջանը միաժամանակյա հարձակվեց և պաշտպանական դիրքերի և սահմանամերձ շրջանների վրա, մերոնք անմիջապես դուրս եկան Ասկերանից՝ ուղևորվելով դեպի Իվանյանի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների մոտ։ Մինչև սեպտեմբերի 25-ը ծնողներս և եղբորս ընտանիքը օդանավակայանի տարածքում էին։ Քնում էին մեքենայի մեջ, դրսերում, սոված-ծարավ։ Հորեղբայրս մի կերպ՝ թաքուն, զարտուղի ճանապարներով մեր՝ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, ուտելիք հայթայթեց և հասցրեց օդանավակայանի «ճամբար»։ Հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվելուց հետո մարդիկ աստիճանաբար սկսեցին ճանապարհվել դեպի Երևան », -վերհիշեց Տաթևը։
Նշենք, որ շրջափակման հետևանքով սեպտեմբերի 19-25-ի դրությամբ Արցախում շատ սուղ էր վառելիքի խնդիրը։ Մարդիկ հնարավորություն չունեին իրենց ավտոմեքենաներով տեղաշարժվել։ Սեպտեմբերի 25-ին Արցախի կառավարության պատասխանատուների որոշմամբ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի պահեստում մարդկանց սկսեցին տրամադրել վառելիք և այդ հոծ բազմության մեջ տեղի ունեցավ խոշոր աղետ՝ պայթյուն։ Այդտեղ էին նաև Տաթևի հարազատները։
«Մի կերպ հիվանդանոցներից մեկում գտանք եղբորս 16 տարեկան տղային՝ Աշոտին, որին ուղղաթիռով ավելի ուշ տեղափոխեցին Երևան։ Ավաղ հորս չկարողացանք գտնել։ Ստեփանակերտից ստիպված տեղահանվեցինք սեպտեմբերի 28-ին։ Մայրս ու եղբորս ընտանիքը հնարավորություն չունեցան տնից իրեր վերցնելու, իսկ ես՝ երեխաներիս մի քանի շորերն ու ճանապարհի համար քիչ ուտելիք և ջուր։ Դժվարություններով հանդերձ մի կերպ հասանք Երևան և սկսեցինք բոլոր հիվանդանոցներում փնտրել Աշոտին ու հորս։ Ավելի ուշ՝ նոյեմբերի սկզբին, ՀՀ քննչական կոմիտեից մեզ զանգեցին, որ համաձայնվենք ԴՆԹ հանձնելու։ Եղբորս հետ միասին ներկայացանք համապատասխան կառույց, հանձնեցինք ԴՆԹ-ն ու արդեն նոյեմբերի 6-ին մեզ տեղեկացրին, որ հորս դին գտնվում է Աբովյանի դիահերձարանում։ Հորս հուղարկավորեցինք ինչպես որ կարգն է։ Այս ամենի հետևանքով հայտնվեցի խոր ճգնաժամային վիճակում. հորս հետ հետ անչափ կապված էի », -նշեց Տաթևը։
Պատերազմը, վառելիքի պահեստի ահեղ պայթյունը, բռնի տեղահանությունը, հոր կորուստն անհետևանք չանցան Տաթևի առողջության համար։ Հոգեկան ծանր ապրումների հետևանքով նրա մոտ առաջացան ստամոքսի խնդիրներ։ Նա օգտվել է նաև հոգեբանի ծառայությունից, բայց ինչպես ինքն է խոստովանում՝ չօգնեց։ Այնուհետև բժշկական հաստատություններում համալիր հետազոտություններից հետո Տաթևին ախտորոշեցին կերակրափողի խոցեր, էրոզիվ գաստրիտ հիվանդությունները, միաժամանակ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ընդհանուր առմամբ՝ բժշկական հետազոտությունների համար նա ծախսել է 700 հազար դրամ(կտրոններն էլ պահում է)։ Տաթևը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որ ընդառաջեն հետվճարի առումով, բայց պատասխանը բացասական է եղել։
«Շատ նյարդայնացա ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պատասխանից։ Նամակում նշել են, որ եթե ես հետազոտությունների շրջանում չէի դիմել իրենց՝ ուրեմն ֆինանսապես ի վիճակի էի վճարել այդ ծառայությունների դիմաց։ Ծննդավայր, տուն տեղ, աշխատանք, հարազատ կորցրած արցախցին ինչպե՞ս կարող է լինել վճարունակ։ Բուժօգնության ծառայություններից օգտվելու համար ես ստիպված վաճառեցի ոսկե զարդերս՝ եղած-չեղածս։ Քանի որ առողջական խնդիրներ ունեմ, հորս հուղարկավորությունից հետո մայրս մեզ հետ է ապրում։ Ունեմ 7 և 9 տարեկան երեխաներ, որոնք հաճախում են սոցիալ-հոգեբանական կենտրոն։ Վարձակալված տան ընդհանուր մակերեսը 45 քառ. մետր է, որտեղ այժմ ապրում ենք 5 հոգով։ Ոչ ոք դուռս չթակեց, իմանալու՝ ինչպես ենք մենք ապրում։ Շուրջ 900 հազար էլ պիտի տանք հորս գերեզմանաքարին ու տարածքին։ Ամուսինս նոր է աշխատանքի անցել ու ամսվա կտրվածքով ստանում է 120 հազար, որը չի բավարարում նույնիսկ տան վարձին », -վրդովված ներկայացրեց Տաթևը։
Նրա խոսքով՝ ուր դիմում է օգնություն ստանալու համար, մերժում են՝ պատճառաբանելով, որ եթե ապրում եք Երևանում, ուրեմն կարիքավոր չեք։ «Համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ասում են, որ այ եթե տեղափոխվեք շրջան՝ կօգնենք։ Բայց մենք Երևանի Աջափնյակ թաղամասում ենք մի կերպ 2 սենյականոց վարձակալել, որ մոտ լինենք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին, քանի որ եղբորս ու քրոջս երեխաներն այնտեղ բուժում էին ստանում պայթյունի հետևանքով ստացած այրվածքների պատճառով։ Կամ Երևանում բնակվող արցախցիներն ինչ է՝ տեղահանված չե՞ն, որ շրջաններում հաստատվածներին ամեն ինչով պարբերաբար օգնում են, իսկ մեզ՝ ոչ», -ասաց անելանելի վիճակում հայտնված կինը։
Զառա Մայիլյան