Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կհաստատի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այն համարելով անհետաձգելի։ Ըստ այդմ՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կտրվի աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում։
Ըստ կառավարության հիմնավորման՝ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ եւ ճանաչվել փախստական: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում՝ որպես ծառայությունում նոր ընդունվողներ: ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող անձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ եւ ունեցել սպայական բարձր կոչումներ, եւ վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար: Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: