Պարգև Պետրոսյանը, որը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հարյուրավոր այլ դատապարտյալների նման, երազում է գնալ Հայաստանի ամենալավ կալանավայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պատճառը մեկն է՝ այնտեղ դռները փակ չեն, իսկ Պարգևը վախ ունի փակ տարածքից։ Ասում է՝ շունչը կտրվում է։
Բայց Պարգև Պետրոսյանին չեն տանում «Ցեբե»։ « Պահանջում եմ, որ ինձ տանեն հիվանդանոց։ Ես 140-160 ճնշում ունեմ, ասում են՝ նորմալ ա, դուռը վրես փակել են։ Դեղերը ինձ չեն օգնում, ես փակ պատերի մեջ խեղդվում եմ, պահանջում եմ, որ ինձ տանեն «Ցե Բե», բայց չեն տանում։ Ես գիտեմ, որ հիվանդանոցում կան մարդիկ, փողը տալիս, մնում են, իսկ ես որ փող չունեմ, բայց ինձ հասնում ա հիվանդանոցը, ինձ չեն տանում» — գանգատվում է Պարգև Պետրոսյանը։ Նա Forrights.am–ին զանգահարել էր բերդի տաքսոֆոնից։
Հացադուլը Պարգև Պետրոսյանի համար, կարելի է ասել՝ ամենաթեթև բողոքի միջոցն է։ Նա մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել։ Մի անգամ փորձել է կախվել իր խցում։
Դրանցից մեկով քննվում է ինքնասպանության դրդելու փաստով քրեական վարույթ, որը նախաձեռնվել է հունվարին։
Պարգեւը վստահեցնում է, որ իրեն ինքնասպանության է հասցրել Չարենցավանի ոստիկանության աշխատողը՝ իրենց թաղայինը։
Նա պահանջում է, որ իր գործով անաչառ քննություն իրականացվի։ «Քննիչները ծածկադմփոց են անում։ Ստեղ վերցնում են, ընդեղ փակում են։ Չարենցավանի ոստիկանության աշխատող թաղային Ռաֆոյի հետ խնդիր եմ ունեցել։ Նա ինձ դրդել է ինքնասպանության։ Բայց քանի որ ստեղի աշխատողներն էլ են միլիցեք, նրանք էլ են միլիցա, իրենք իրար օգնում են։ Իրենց համար մեկ ա, կալանավորը կապրի, կմեռնի»։
«Ինքնավնասումների հակում ունի»,– կարճ բնորոշում է դատապարտյալին ՔԿԾ մամուլի պատասխանատուն։
Պարգև Պետրոսյանի ամենասիրելի ինքնավնասման եղանակը «պերեդոզն» է, հոգեմետ դեղերի չափից բարձր չափաբաժնով ընդունումը։
Դրա հնարավորությունը նա ունի, քանի որ ունի պաշտոնական ախտորոշում՝ դիսոցիացված (կոնվերսիոն) խանգարում, որը բնորոշվում է դյուրագրգռռությամբ, հուզական անկայունությամբ։
Նման ախտորոշման դեպքում դատապարտյալին օրը մի քանի հաբ է հասնում։ Պարգև Պետրոսյանը վստահեցնում է, որ մեկ օրում 6 հոգեմետ հաբ է ստանում։ Սակայն նա չի ընդունում այս հաբերը ըստ սահմանված ժամանակացույցի, այլ հավաքում է և երբ դեղահաբերի պատկառելի քանակության է տիրապետում, խմում է միանգամից, կտրուկ վատթարացնելով իր առողջական վիճակը։
Սակայն վերջերս անգամ «պերեդոզը» նրան չի փրկում։ Միևնույն է, «Դատապարտյալների հիվանդանոց» չեն տեղափոխում։ Ասում են՝ ստացիոնար բուժման կարիք չունի։
«Ինձ չեն բուժում, այս մարդկանց համար մեկ է, ինձ հետ ինչ կլինի։ Ինչ ուզում են, ոնց ուզում են, այպես են վարվում են», – գանգատվում է Պարգև Պետրոսյանը։
Վստահեցնում է, որ չի ստանում համապատասխան բուժումներ։ Նա կալանավայրում է 2015 թվականից։ 32 տարեկան է։ Դատապարտվել է տարբեր պատրվակներով խաբեությամբ 40–45000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսներ հափշտակելու, մանր շորթումներ անելու համար։
Ըստ դատավճռի, նա նույնիսկ վերանորոգել է տուժողներից մեկի տունը, շինանյութեր է նվիրել նրան։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ դատավճռում նշված է․ «Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, Պարգև Պետրոսյանը խրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում»։ Եւ միաժամանակ ասվում է, որ «նրա մոտ հայտնաբերվել է <<Դիսոցիատիվ-կոնվերսիոն խանգարում>> ախտորոշմամբ հոգեկան գործունեության նևրոտիկ մակարդակի խանգարում»։ Սա չի խանգարել Պետրոսյանին մեղսունակ ճանաչել։
Հետագայում, արդեն կալանավայրում նրա հոգեկան վիճակը սրվել է։
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» –ից, պատասխանելով Պարգև Պետրոսյանի վերաբերյալ մեր հարցմանը, պատասխանում են․ «Պարգև Պետրոսյանը մոտ երկու ամիս առաջ հոգեկան խնդիրներով պայմանավորված բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում։ Նա դուրս է գրվել հոգեկան կայուն վիճակում։ Խնդիրները ի հայտ են եկել հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո։ Սակայն հոգեբույժը գտնում է, որ նա այս պահին հիվանդանոց տեղափոխվելու ցուցում չունի»։
Կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը զրպարտություն է համարում այն, որ դատապարտյալները, իբր, «փողով» են ուղարկվում «Դատապարտյալների Հիվանդանոց»։
«Երեկ 9 հոգի ուղարկել ենք քաղաքացիական հիվանդանոցներ՝ հետազոտությունների, վիրահատությունների, բուժման, այսօր՝ 9 հոգի, ուրբաթ օրը՝ 6 հոգի։ Թող կանգնի մեկն ասի, որ իր գումարով է գնացել հետազոտությունների, ոչ թե պետպատվերով», – ասում է Նաիրա Բաբայանը։
Սյուզան Սիմոնյան