2024 թվականի մարտի 31-ի դրությամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով,  աշխատանք է գտել 13 400 բռնի տեղահանված արցախցի։

Ըստ ՀՀ կառավարության՝ առողջապահության ոլորտում աշխատանքով ապահովելու նպատակով 2023-ի հոկտեմբերից հաշվառվել և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն են ստացել 762 բուժաշխատողներ։ Բժշկական կազմակերպություններում աշխատանքի է ընդունվել 187 բուժաշխատող։

2024-ի մարտի 31-ի դրությամբ մարզերում աշխատանքի անցած արցախցի ուսուցիչների թիվը 330 է։ Բուհերում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կառավարության աջակցությամբ սովորում են 3 822 արցախցի ուսանողներ։

Կառավարության հրապարակած այս տվյալների ֆոնին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, որ նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի բնակիչների խնդիրների ճիշտ հասցեավորումն ու խնդիրների լուծման վերաբերյալ ծրագիր են ներկայացրել։

«Մենք լավ պլան մշակեցինք՝ խոշոր խորհրդատվական ընկերության հետ միասին, որպեսզի կարողանանք շատ արագ արցախցիներին ապահովենք աշխատանքով և բնակարանով։ Այնպիսի մեխանիզմներով պետք է այդ ապահովումն իրականացնեինք, որոնք ոչ միայն կհանգեցնեին բյուջեի ծախսերին, այլ նաև կբերեին նոր տնտեսական էֆֆեկտ։ Մեր ներկայացրած աշխատանքը հետագայում արտացոլվեց տարբեր միջազգային ընկերությունների մոտ, որոնք իրենց զեկույցներում նշեցին, քանի որ կառավարությունը պատրաստվում է այսպիսի ներդրում իրականացնել, տնտեսական աճը կլինի շատ ավելի բարձր։ Հիմա այդ ներդրումները բաժանված է են տասը տարվա մեջ և այնպիսի մեխանիզմով, որ պարտադիր չէ, որ տնտեսական էֆֆեկտ ունենան։ Այսինքն, այն, որ կլինի ծախս մենք գիտենք, բայց որ կլինի տնտեսական էֆֆեկտ, հարցական է»,-ասաց նախկին նախարարը։

Ըստ Վահան Քերոբյանի՝ իր առաջարկած ծրագրով արցախցիների համար կոնկրետ աշխատատեղեր էին ստեղծվելու։

«Մեր ծրագրով մենք նախատեսում էինք ստեղծել մի կառավարման կենտրոն, որտեղ յուրաքանչյուր կոնկրետ մարդ կուղեկցեր արցախցի 20-25 ընտանիքի։ Կհասկանար այդ ընտանիքի կարիքները և հնարավորությունները, կհասկանար, թե որտեղ է հնարավոր աշխատանքի տեղավորել, երեխաներին կապահովեր դպրոցով և մանկապարտեզով, զուգահեռ ստեղծելով ծրագրեր բիզնեսների համար, աշխատատեղերի արագ ստեղծման համար։ Դրանից հետո, երբ պարզ լիներ, թե որ բնակավայրում որքան մարդ է ապրում, բնակարանաշինության ծրագիր կիրականացվեր։ Ծրագիրը պետք է համապատասխաներ տեղի բնակչության հետ, որ անարդարության զգացում չլիներ»,-ասաց նա։

Նշենք, որ տեղեկություններ կան, որ Արցախի բռնի հայաթափումից հետո Հայաստանից մոտ 11 հազար արցախցի է արտագաղթել՝ սոցիալական խնդիրները չկարգավորելու, աշխատանք չգտնելու պատճառով։

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest