Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս վճիռ է հրապարակել 12 տարի առաջ մահացած ժամկետային զինծառայող, 19 տարեկան Տիգրան Վարյանի գործով։ Շարքային Վարյանը ծառայում էր Արցախի «Եղնիկներ» զորամասում, որը հայտնի է որպես մութ ու մինչև վերջ չբացահայտված հանցագործությունների վայր։
Տիգրանը կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավարն էր։ Նրան հալածել են, ծեծել, խոշտանգել են։ Մարտակերտի զինդատախազությունը, հետո նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինվորի մահը որակել են որպես ինքնասպանություն։ Սպանության վարկածը չի դիտարկվել, թեև դրա համար եղել են հիմքեր։
Գործը լսվել է Ստեփանակերտում դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ։ Դատարանը ապացուցված է համարել այն, ինչ գրել են քննիչները՝ որ Տիգրան Վարյանը 2012 թվականի. փետրվարի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում հրամանատարական դիտակետում իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր ծնոտի ստորին շրջանին և ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է:
Գործով դատապարտվել են երեք զինծառայողներ՝ սերժանտ Էրիկ Սարգսյանը, որը, ըստ դատավճռի, վիճաբանության մեջ է մտել Տիգրան Վարյանի հետ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը և մեկ անգամ բռունցքով հարվածել է Վարյանի կրծքավանդակին, ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, որը մի քանի հարված է հասցրել Վարյանին և զորամասի խոհարարին՝ Գևորգ Մանուկյանին, որը
«Վարյանի կողմից մաքրության աշխատանքները ժամանակին չկատարելու պատճառով 3 անգամ բռունցքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին>>։ Սարգսյանն ու Մանուկյանը դատապարտվել են 4-ական ամսվա ազատազրկման, ապա հաշվարկելով կալանքի ժամկետը, ազատ են արձակվել դատարանի դահլիճից, իսկ Հովհաննես Հակոբյանը դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման։
Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատավճռի հրապարակումից հետո տուժող կողմը ունեցել է դժգոհություններ, որոնցից մեկը մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Հակոբյանին պատասխանատվությունից ազատելն էր։ Լինելով բոլոր մեղադրյալների և Տիգրան Վարյանի հրամանատարը, նա դատարանում հայտարարել է, որ ինքը, լինելով մարտկոցի հրամանատար, որևէ պարտավորություն չունի վերահսկելու մարտական հերթապահությունը։ Նա փաստորեն, չի կատարել իր պարտականությունները, որն էլ հանգեցրել է ծանր հետևանքի՝ զինծառայողի մահվան: Տուժող կողմը այս մասին բողոք է ուղարկել այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն արդյունքի չի հասել։ Կապիտանին մեղավոր չեն ճանաչել , մեղքն ամբողջությամբ բարդելով ենթակա ների վրա։ Ակնհայտ էր, որ Քննչական կոմիտեն պաշտպանում էր կապիտանին։
Դատաբժշկական փորձաքննությամբ տղայի դեմքի տարբեր շրջաններում՝ շրթունքների մոտ, ծնոտին, քթի ստորին հատվածից մի քանի սանտիմետր ներքև և ձախ մասում հայտնաբերվել են բութ առարկայով հասցված վնասվածքներ։ Դատաբժիշկը եզրակացրել է, որ այդ վնասվածքները զինծառայողը ստացել է մահից կարճ ժամանակ առաջ, սակայն դրանք քննության առարկա չեն դարձել։
Քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով Տիգրանի ծնողների առաջարկով մասնակցել էր նրա դիահերձմանը, հրապարակային համոզմունք է հայտնել, որ Տիգրանին սպանել են հրազենով, որից առաջ նրան դաժան ծեծի են ենթարկել։ Նրա խոսքով, Տիգրանի դեմքի վրա առկա բազմաթիվ արյունազեղումներն ու կապտուքները հուշում են, որ զինվորին սպանելու պահին նա փորձել է դիմադրել։ «Բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին` Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց հետո անմիջապես սպանել են»,- ասել էր Ռուբեն Մարտիրոսյանը նախաքննության ընթացքում։
Վարյանի հոր, տուժողի իրավահաջորդ Վանո Վարյանի շահերը ներկայացնող Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը իր պաշտպանական ճառում նշել է, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը ևˊ նախաքննությամբ, ևˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել: Ա. Սաքունցը դատարանին հայտնել է, որ թեˊ դատարանը, թեˊ մեղադրողը դատաքննության ընթացքում տուժող կողմին չհամոզեցին, որ Վարյանը ինքնասպանություն է գործել, ինչպես նաև տուժող կողմի մոտ չձևավորվեց համոզմունք, որ տեղի է ունեցել արդարադատություն:
12 տարի անց ՄԻԵԴ-ը հաստատել է պաշտպանի այս պնդումը՝ Տիգրան Վարյանի կյանքի իրավունքը խախտվել է, և նրա մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն չի անցկացրել, նրա խոշտանգման փաստը ապացուցման կարիք չունի։ ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորեցվել է 30 հազար եվրո վճարել զոհված զինվորի հորը՝ Վանո Վարյանին։
ՄԻԵԴ վճռի նկարագրական մասին ծանոթանալիս, վերհիշում ենք, թե ինչ բարքեր և հանցածին մթնոլորտ էր տիրում Արցախի <<Եղնիկներ>> զորամասում։ Տիգրան Վարյանին ճնշել են, նվաստացրել են, ծեծել են ամեն չնչին առիթով՝ զուգարանի ոտնակը կեղտոտելու, խոհանոցն արագ չմաքրելու համար։ Նա մյուսներից հաճախ է մաքրության աշխատանքներ արել, նաև մարտական հերթապահություն է կատարել մյուս զինվորների փոխարեն, քանի որ մնալով զորամասում ծաղրի և բռնությունների էր ենթարկվել։
Ահա բռնության դրվագներից մեկը․ «Հ․ Հակոբյանը 2012թ. հունվարի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ժամը 15.00-ի սահմաններում, մարտկոցի ճաշարանում իր գլխարկը բերելու պահանջը չկատարելու պատճառով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը` սեռական բնույթի հայհոյանք է տվել իր նկատմամբ ստորադրյալ, շարքային Տ.Վարյանի հասցեին և 3 անգամ բռունցքով հարվածել նրա կրծքավանդակի շրջանին», — գրված է Առաջին ատանի դատավճռում։
Վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ զուգարանը կեղտոտելու համար ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը տղային ստիպել է զուգարանի համար առանձին նոր փոս փորել, ինչի համար նրանից ստորագրություն են վերցրել։
Անցել է 12 տարի, բայց Վանո Վարյանը դեռ չի համակերպվել կատարվածի հետ։ «Շատ ահավոր բան էր մեր համար, մինչև հիմա շոկի մեջ ենք, որ էս դեպքը պատահեց, մինչև հիմա ինձ թվում է, որ հնարավոր չէր, նման բան պատահեր։ Տղաս միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, բայց ես զգացողություն ունեի, թե տղայիս ճնշել են։ Թե ինչ է ոնց է եղել, չեմ կարող ասել։ Ես մինչև հիմա շատ վիրավորված եմ։ Ես չեմ ուզում հիշել 12 տարի առաջ տեղի ունեցած էդ դեպքը, ամեն հիշելուց խելագարվում եմ », — ասում է Վանո Վարյանը Forrights.am-ին։
Հայրը պատմում է, որ Տիգրանը չի պատմել, թե ինչ է կատարվում զորամասում, բայց ինքը զգացել է, որ տղային ճնճում են։ Ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ նրա գլխին «սարքել են »։ Մի «ուրիշ զինվոր բամբասել է հրամանատարից, ու խոսքը հասցրել նրան, տղայիս ծեծել են այդտեղ » , -հիշում է հայրը։
Վանո Վարյանը սպասում է, թե երբ է սկսվելիւ որդու գործով նոր քննությունը, բայց հուսահատված է, չի հավատում, որ որևէ նորություն կլինի։
«Այս Հանցագործությունը բացահայտված չի։ Նույնը կատարվում է այսօր, զորաասերում հսկողություն չկա, ոչ մի պատասխանատվություն։ Զորամասերում հսկողություն չկա, զորամասի հրամանատարները տեղյակ չեն, թե ինչ է կատարվում։ 10 տարի առաջ էր այդպես, հիմա էլ ։ Հենց հիմա էլ այդպիսի քննությունմեր են կատարվում։ Ծնողները դիմում են եվրոպական դատարան, տարիներով սպասում են, որ արդարադատություն պետք է լինի» — ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա ոչ մի հավատ չունի, որ նոր քննությամբ այս գործը կբացահայտվի։ «Ոչ մի հետևություն ոչ բանակը, ոչ զորահասերը չեն անում։ Եթե գործը որակվել է որպես ինքնասպանութուն, նշանակում է, ի սկզբանե այն չի բացահայտվելու»- ասում է Ժաննա Ալեքսանյանը։
Սյուզան Սիմոնյան