Տարածաշրջանում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքով կարճ ժամանակաընթացքում Ղարաբաղի ավելի քան 100 000 հայ հեռացել են իրենց տներից եւ մեկնել Հայաստան, նշված է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) ամենամյա՝ 2023թ. հաշվետվությունում։
Փաստաթղթում նշվել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները շարունակել են պայքարն այն բանի համար, որպեսզի համարժեք արձագանքեն ապաստարան փնտրող անձանց ընդունելուն աշխարհի անկայուն շրջաններից։
«Այն դեպքում, երբ տեղահանված անձանց հայրենիք անվտանգ վերադարձի պայմաններն ապահովված չեն, ընդունող պետությունները պետք է մշակեն երկարաժամկետ քաղաքականություն, որպեսզի բնակարանի, զբաղվածության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների համարժեք հասանելիություն տրամադրեն»,- ընդգծվել է հաշվետվությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: