Հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ժամանակ գյուղացիներից մեկը տեղեկացրեց, որ Կիրանցում արդեն կան քանդած տներ: Հարցին՝ բռնությա՞մբ են բնակիչներին իրենց տնից հանել,  տղամարդը պատասխանեց. «Ոչ մի բռնություն էլ չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ թողել, դուրս են եկել: Չգիտեմ՝ ինչքան գումար են առաջարկել»:

Բագրատ Սրբազանն էլ լրագրողներին ասաց,որ հարցին պետք է մի քանի շերտով նայել: «Առաջին շերտն այն է, որ մարդկանց ահաբեկել են ու մատնել անհուսության՝ ասելով, որ եթե չանեք, վռնդելու ենք, թուրքը գալու է տանի: Ուժով, վախեցնելով, փողով, բոլոր տարբերակներով գործել են: Իսկ փոխհատուցման դիմումի ձեւն այնպես է շարադրված, որ մարդը երեք անգամ խնդրում է՝ ասելով, որ ես չունեմ ոչ գույքային, ոչ էլ այլ պահանջներ: Դրանով ամբողջ պատասխանատվության բեռը դնում են մարդու վրա՝ ասելով՝ ինքն է խնդրել: Երկրորդ շերտն այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել: Մյուս կողմից գյուղը բաժանել են երկու մասի: Ոմանց դարձրել են ոչ հայրենասեր, ոմանց՝ հայրենասեր: Սա աղետ է, քանդել են մարդկանց հասարակական ընկալումները»:

Կիրանցում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հավելեց, նաև  որ բացի մարզպետարանին ուղղված գույքից հրաժարվելու ու փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, ուրիշ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, ու նորից «մութ» է այդ թղթի բովանդակությունը: «Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում քրեական գործ հարուցել չստացվի: Իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս հակասահմանադրական գործընթացի համար»,- ընդգծեց պատգամավորը: Նա տեղեկացրեց նաև, որ Կիրանցում կադաստրի վկայականներ ունեցող որոշ մարդիկ էլ չեն վերցրել գումարները. «Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն կիսել իշխանության հետ: Այդ ճնշումներն իրականացվում են պետական համապատասխան ուժային կառույցների և ՏԻՄ մարմինների հետ համատեղ։ Տեղեկություններ կան, որ Տիգրանաշենի բնակիչների հետ նույնպես հատ-հատ աշխատում են և՛ պաշտոնյաները, և՛ հատուկ ծառայությունները: Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքը ուզենաք վաճառել: Ու ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց, Տիգրանաշեն»,- վրդովված ասաց Գառնիկ Դանիելյանը:

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest