«Մենք ենք խաղաղություն բերողը, էս մարդը պատերազմ բերողն է եւ այն շարունակողն է: Եթե մի բանը անարդարության հիմքով է տեղի ունենում, դա նորից պայթելու է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Կիրանցի ժողովուրդը այդ արհավիրքի մեջ ապրի տարիներ: Մենք իրական, երկարաժամկետ, կայուն խաղաղություն բերողն ենք»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ քաղաքացին ուզում է իմանալ՝ երբ գալիս է ձեր շարժմանը մասնակցելու, ձեր օրակարգը ո՞րն է, ի՞նչ այլընտրանք եք առաջարկում, սահմանազատումը կասեցնելո՞ւ եք, ո՞րն է խաղաղության բերելու ձեր բանաձեւը։
Սրբազանի խոսքով՝ այսօրվա մեր ունեցած գործիքակազմը իրական բանակցություններն են, ոչ թե հարկադրանքի տակ բանակցությունները, պայմաններն են, որոնք կոչված ենք թելադրելու բանակցային սեղանի շուրջ․ «Դրանցից առաջինը մեր ռազմագերիների վերադարձի պայմանն է, արցախցիների վերադարձի իրավունքն է, որոնք պաշտպանված են միջազգային հանրության կողմից, երրորդը սահմանազատում, սահմանագծում անելուց առաջ հասնել նրան, որ այսպես կոչված, այդ խաղաղության պայմանագիրը կնքվի եւ նոր սկսվեն մնացած գործընթացները: Չի լինում այդպես, որ երկիրդ բաժան-բաժան անես, բոլոր հարկադրանքները կատարես, դրանից հետո ո՞վ է քեզ հետ խաղաղություն կնքելու»։
Բագրատ սրբազանի կարծիքով՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա փաթեթով, համապատասխան կոորդինատներով, սահմանագծումներով, սահմանազատումների նշումներով, համապատասխան քարտեզներով, ոչ թե մի տեղ մի բանով, մյուս տեղ այլ բանով, այստեղ հարմար է, այնտեղ՝ անհարմար․ «Կենսական նշանակության տարածքներ կան, ջրերի, անտառների, դրանք բոլորը ով է հաշվի առել։ Այդ բոլորը չեն բանակցվել, սա սահմանազատում չէ, այլ միակողմանի հանձնում է: Այս տեղի ունեցող պրոցեսը, դրա ձեւը պետք է կասեցվի, հանձնումը պետք է կասեցվի, ոչ թե սահմանազատման գաղափարը»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: