44-ամյա Եսայի Քարամյանը պատրաստվում է պայքարել իր իրավունքների համար, ասում ՝ անպատժելիությունը նորանոր հանցանքների ծնողն է։ Քարամյանը հունիսի 12-ին ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից ամենածանր վնասվածքներ ստացած քաղաքացին է, ով կորցրել է ձեռքի մատները, ստացել բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Այժմ բժիշկները փորձում են անել ամեն ինչ, որ կարիք չլինի ամպուտացնել նրա դաստակը։
Տղամարդը պատմում է, որ այն պահին, երբ բժիշկը տեսել է ձեռքը, ասել է՝ ամպուտացիա։ «Առաջին հայացքից դա է եղել որոշումը, քանի որ այնտեղ պահելու բան չկար, շատ վատ վիճակ էր։ Հետո վիրահատության ընթացքում երբ լվացել են, մաքրել են, տեսել են, որ երկու մատներս՝ ջարդուխուրդ եղած, բայց դեռ տեղում են։ Ճկույթն ու մատնեմատս։ Բժիշկները որոշում են կայացրել՝ ինչ հնարավոր է փրկեն, հետո պլաստիկայով, լրացուցիչ վիրահատություններով արդյունքի հասնեն։ Որովհետեւ կտրելը կա ու կա։ Հիմա բժիշկները կռիվ են տալիս, շնորհակալ եմ իրենց, փորձում են փրկել այն, ինչ մնացել է։ Իսկ մյուս ձեռքիս վնասվածքները պայթյունի հարվածային ալիքից են, ափի հատվածն է ջնջխված, կաշին հանված, մկանները ջարդած, մատնեմատն է ամբողջությամբ վնասված, բայց այս կողմը այնքանով է լավ, որ ամբողջականությունը պահպանված է, ես զգում եմ, շարժը կա, ամենայն հավանականությամբ սա լիարժեք կվերականգնվի»,- նշում է նա։
Չնայած այս ամենին, Եսայի Քարամյանը մինչ օրս չի ճանաչվել որպես տուժող, դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել, դեպքի հաջորդ օրը այցելած քննիչները նրան հարցաքննել են որպես վկա։
Քարամյանը ասում է՝ ինքը ընկճված չէ, ավելին՝ կարծես մոտիվացված լինի պայքարել տեղի ունեցած ապօրինությունների դեմ.«Ես ասել եմ ու նորից եմ կրկնում, ամսի 12-ին այն իրավիճակը չէր, որ հատուկ միջոցներ կիրառվեին։ Ցույցը խաղաղ էր։ Ես ինձ համար եմ պատասխան տալիս։ Ես միշտ գնացել եմ խաղաղ ցույցի։ Երբեւէ այլ նպատակով չեմ գնացել։ Բայց ես առավել քան վստահ եմ, որ այդ ցույցի մեջ լիքը սադրիչներ կային եւ իրավապահ համակարգի աշխատողներ»։
Վնասվածքներ ստացած ցուցարարը ամենայն մանրամասնությամբ հիշում է հունիսի 12-ի դեպքերը. «Այդ օրվա հանրահավաքին համարյա ամենասկզբից մասնակցել եմ, ընթացքում գնացել ենք ջուր խմելու, եկել ենք։ ԱՆընդհատ շարժ կար մարդկանց, այնպես չէր, որ մարդիկ անընդհատ անշարժ կանգնած էին։ Հերթական անգամ, երբ ես ու ընկերս գնացինք ջուր խմեցինք, հետ եկանք Դեմիրճյան Բաղրամյան հատված, մարդիկ հավաքված էին։ Սկզբում ամեն ինչ հանգիստ էր, որեւէ բան չկար, բայց հետո, ժամը չեմ հիշում, բայց ֆիքսված կլինի, խառը վիճակը սկսվեց ու այդ պահին ես Բաղրամյան պողոտայի միջնամասում էի կանգնած ընկերոջս հետ։ Զգուշացում չեմ լսել, շատ հեռու էլ չէի, որ ասեմ՝ ցույցի մի ծայրում էի, զգուշացումները չեմ լսել։ Երբ բախումը սկսվեց ու տեսանք, որ մարդիկ են անցել Սիրահարների այգու ուղղությամբ, միանգամից նռնակներ սկսվեցին նետվել։ Հեռու չէի կանգնած ու պարզ երեւում էր, որ նռնակները պայթում են հենց այնտեղ գտնվող մարդկանց մեջ։ Ենթադրեցի, որ կարող է վնասվածք ստացած մարդիկ լինեն։ Ակնհայտ էր, որ մարդկանց ոտքերի տակ էին պայթում նռնակները։ Ուզեցա օգնել, եթե հնարավոր է օգնել։ Մեկ հատ չէր պայթում, կամ երկու հատ։ Ոնց որ ռմբակոծություն լիներ»։
Եսայի խոսքով, ինքը անցել է դեպի Սիրահարների այգի տանող ցանկապատը, ինչից հետո իրենից շատ մոտ հեռավորության վրա միանգամից երեք-չորս նռնակ է պայթել.«Մի քանի վայրկյան շշմած վիճակ էր մոտս։ Բան չէի հասկանում, համարյա ձայն չէի լսում, գլխիս մոտ զնգոց էր, ծուխ էր։ ՈՆց որ երազում լինեյի, կտրված իրականությունից, չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Այդ պահին նկատեցի, որ ձախ ոտքիս մոտ գլորվելով ինչ-որ փոքրիկ բան կպավ։ Չգիտեմ, թե ինչու կռացա ու փորձեցի վերցնել։ Եթե հասկանայի, որ նռնակ է, առնվազն կփախնեի։ Ես երբեւէ չեմ տեսել, թե այդ լուսաձայնային նռնակն ինչ տեսք ունի։ Ես ծառայել եմ, մարտական բոլոր նռնակների տեսքերը գիտեմ ծանոթ եմ, բայց նման բան երբեք չեմ տեսել… կռացա, վերցրի, ու դեռ չբարձրացած ձեռքիս մեջ պայթեց։ Մի քանի վայրկյան երեւի անգիտակից եմ եղել։ Հետո վիդեոյով տեսա, որ պայթյունի պահն է երեւում, ու մարդիկ անմիջապես մոտենում են ինձ քաշում են հետ, մետրոի կանգառի ուղղությամբ։ Այդ պահին գիտակցությունս եկել է տեղը, ինձ նստացրել են Շտապ օգնության մեքենան։ Մի տղամարդ կար, իր ոտքն էր վնասված, որ տեսավ իմ վիճակը, իր վիճակը մոտացավ, ձեռքս բռնեց, ռեզինից ինչ-որ բան էին տվել, որ շատ արյուն չկորցնեմ, բերեցին հասցրեցին Արմենիա բ/կ ու միանգամից վիրահատության»։
Խոսելով այն մասին, թե ինչպես է վերաբերվում իր հետ տեղի ունեցածում հենց իրեն մեղադրողների խոսքերին, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, որն ասել էր, թե նռնակը վերցրել է, որ նետի ոստիկանների ուղղությամբ, Քարամյանն ասում է. «Ես ընդհանրական չեմ պատասխանում այն մարդկանց, ովքեր նման բան են ասում, նաեւ, որ իբր ես ոստիկանների վրա հետ նետելու նպատակով եմ կռացել ու նռնակը վերցնել։ Եթե ես հասկանայի, որ դա նռնակ է, առավել եւս չպայթած, ես կյանքում նման փորձ չէի անի, ոչ միայն ետ շպրտելու, այլ ընդհանրապես դրան կպնելու»։
Մանրամասները տեսանյութում
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։