Մի քանի ամսից կլրանա մեկ տարին, ինչ արցախահայությունը բռնի տեղահանվել է իրենց տներից և ենթարկվել էթնիկ զտման, սակայն, դեռ չեն ստացել վերջնահաշվարկ և օրենքով նախատեսված այլ վճարները։ Այս մասին Forrights.am-ին ահազանգել են Արցախի պետական համակարգում աշխատանքի անցած քաղաքացիները։ Նրանք չգիտեն՝ այս հարցով ո՞վ պետք է իրենց պարզաբանումներ տա, և, որ ամենակարևորն է՝ չգիտեն, թե ումից պետք է պահանջեն իրենց վերջնահաշվարկը։
Յանա Դանիելյանը երկար տարիներ զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի համայնքապետարանի հաշվապահի պաշտոնը, համատեղությամբ աշխատել է նաև հարևանությամբ գտնվող Վարնկաթաղ գյուղի համայնքապետարանում։ Վերջին անգամ Արցախի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպել է 2023 թվականի հոկտեմբերին՝ աշխպատանքից ազատվելու մասին է ծանուցվել։
«Արցախից, որ եկանք մեզ հոկտեմբերի սկզբներին կանչեցին Աբովյան 9 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ պետք է հաշվետվություն ներկայացնեինք։ Ես ոչ մի փաստաթուղթ չեմ կարողացել հանել, մի կերպ հիշում էի ծրագրի մեր կոդը, մտել եմ այնտեղ հաշվարկները կատարել և դա արվել է մեկ օրում, այդ գրասենյակում՝ միջանցքներում կանգնած։ Մեծ հույսով այդ աշխատանքը կատարել եմ, որ կարող է այդ գումարները ստանանք՝ մեր գոյությունը պահպանելու համար։ Որոշ ժամանակ անց մեզ տալիս են սեպտեմբեր ամսվա աշխատավարձը՝ 85 տոկոսով»,-ասում է գործազուրկ դարձած արցախցին, որին ՀՀ-ում աշխատանք չեն առաջարկում։
Վերջնահաշվարկ ստանալու տեղեկությունների հարցով դիմել է վերադասին, բայց կրկին ապարդյուն։ «Մարտակերտի շրջանի գանձապետին հարցնում եմ՝ վերջնահաշվարկն ու ազատ արձակման նպաստները ե՞րբ կստանանք, ինքն էլ ասում է, որ մեզ նման սպասողական վիճակում է։ Մինչև հիմա նորմալ պատասխան չեն տալիս, բայց լսել եմ, որ Արցախի էլեկտրոցանցը իր աշխատողներին տվել է վերջնահաշվարկները, որոշ աշխատողների ՊԲ-ն է տվել, իսկ մերը չեն տալիս։ Գյուղապետին էլ եմ դիմել, անորոշություն է»։
Մաղավուզի համայնքապետարանի նախկին հաշվապահի փոխանցմամբ՝ Մաղավուզի համայնքապետարանի աշխատակիցների ընդհանուր վերջնահաշվարկը կազմում է 1,5 մլն դրամ, որից իրեն հասանելիք գումարը 220 հազար դրամ է կազմում։ «Սա իմ համար փոքր գումար չէ, ես այսօր ինչպե՞ս ապրեմ։ Ձմեռային ամիսներին որքան վատ է եղել մեր վիճակը, ինչքան կոմունալ ծախսեր ենք վճարել»,-ասում է նա և հիշում, որ մեկ քննարկում էլ Արցախի պետնախարար Արամ Սարգսյանի հետ է եղել։
«Արցախի պետնախարարը 2023 թվականին հայտարարեց, որ վերջնահաշվարկի և ազատ արձակման նպաստների գումարները թողում ենք պարտավորություն։ Մտածում ենք, որ այդ պարտավորությունը կմարվի, կվճարեն, բայց չկա։ Հիմա ո՞ւմ դիմենք, Արցախը չկա, մարդիկ իրենց նախագահ ու ԱԺ են հռչակել, իրենց ի՞նչ դիմենք, չգիտեմ։ Վարչական շրջանների ղեկավարները պետք է սրանով զբաղվեն, ոչ մեկին այս հարցը հետաքրքիր չէ»,-ասաց նա։
Նույն խնդրի առջև է կանգնած Աննա Ջալալյան։ Նա Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի դպրոցում 2016 թվականից աշխատել է Հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի։ Forrights.am-ի հետ զրույցում նա ևս նշում է, որ իրեն նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին հրավիրել են Երևանում գործող Արցախի տեղեկատվական շտաբ և հայտնել, որ աշխատանքից ազատված է։ Ի դեպ, այդ շտաբը իր աշխատանքերը դադարեցրել է։
«Տեղահանությունից հետո, երբ եկանք այստեղ մեզ ասացին, որ մենք այլևս աշխատող չենք համարվում։ Ստացել ենք աշխատավարձ մինչև սեպտեմբերի 19-ի համար։ Մենք սեպտեմբերի 19-ից աշխատող չենք համարվել, բայց մեր ազատման հրամանը հոկտեմբերի 1-ից է։ Հունվարի 21-ին մեզ կանչեցին աշխատանքային գրքույկներում լրացումներ կատարելու, որտեղ գրեցին՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահի հրամանագրի համաձայն ազատել աշխատանքից։ Մինչ օրս ոչ մի վերջնահաշվարկ չենք ստացել և չենք էլ ստանալու»,-ասում է նա և ավելացնում, որ իր դեպքում վերջնահաշվարկից զատ անորոշ է նաև տարիներ շարունակ կենսաթոշակի կուտակային ֆոնդին վճարված գումարների ճակատագիրը։
«Սրան գումարվել է նաև կենսաթոշակային կուտակային համակարգի գումարի խնդիրը։ Մեզ սկզբում ասացին, որ այդ գումարը մեզ են հետ վերադարձնելու՝ հոկտեմբերի 1-ից։ Հիմա այդ գումարից էլ ենք զրկվում։ Իմ գումարը մոտ 900 հազար դրամ է։ Ես գիտեմ, որ պետական համակարգի որոշ աշխատակիցներ վերջնահաշվարկ ստացել են, բայց օրինակ դպրոցներին չեն տվել։ Հարց է առաջանում, եթե հստակ որոշում չկա, ինչու են մի կառույցին տալիս, իսկ մյուսին՝ ոչ։ Կրթության ոլորտում որևէ մեկը վերջնահաշվարկ չի ստացել»,-ասաց նա։
Աննա Ջալալյանը վերջնահաշվարկ ստանալու հարցով դիմել է տնօրենին, բայց հստակ պատասխան չի ստացել։ Արցախի կրթության նախարարությունից պարզաբանում չի կարողանում ստանալ։
Թեմայի շուրջ Forrights.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Հայաստանի կառավարությունից և Արցախի հայաթափումից հետո Երևանում հասարակական հիմունքերով գործող Արցախի կառավարությունից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ հարցն իրենց կարգավորման տիրույթում չէ, իսկ Արցախի պաշտոնյաներից որևէ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։