Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների, բռնարարքների հետևանքով բուժօգնության են դիմել 101 քաղաքացիներ, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։ Այս մասին դեպքից 2 օր անց հայտնել է առողջապահության նախարարությունը։
Քննչական կոմիտեից երեկ փորձեցինք պարզել, թե քանի վարույթ է հարուցված ցուցարարներին բռնության ենթարկելու դեպքերով։ Forrights.am- հարցմանն ի պատասխան հունիսի 15-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց․ «Այս պահի դրությամբ 29 վարույթ կա նախաձեռնված>>։
Պետք է հաշվի առնել, որ 29 վարույթներից 26-ը, ըստ նույն Քննչական կոմիտեի տվյալների, հարուցվել է մինչև հունիսի 12-ը։
«Սահմանազատման դեմ բողոքի ակցիաների հետ կապված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշտանգման և բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են ընդհանուր թվով 26 քրեական վարույթներ, որոնցով իրականացվում է պատշաճ նախաքննություն։ Քրեական հետապնդման ենթարկվող անձինք դեռեւս չկան», — մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ-ն հունիսի 10-ին։
Կան արդյո՞ք տուժողներ, կամ մեղադրյալներ՝ հարցին խոսնակը պատասխանեց․«Ստացվել են հաղորդումներ, որոնցով՝ հիմքերը պարզելուց հետո, նախաձեռնվել են վարույթներ»։
Ստացվում է՝ 101 անձինք վնասվածքներ են ստացել, սակայն տուժողի կարգավիճակ նրանցից ոչ մեկը չունի։ Այս 101 դեպքով հարուվել է ընդամենը 3 վարույթ։ Չկան նաև մեղադրյալներ, թեւ ուժի աննպատակ կիրառման ապացույները բոլորիս աչքի առաջ են: Համացանցը հեղեղված է ոստիկանական բեսպրեդելի կադրերով, տարածվում են բռնարարներից շատերի լուսանկարները, և նրանց իդենտիգֆիկանելը մեծ ջանք չի պահանջում, իսկ քրեական գործեր են հարուցվում բացառապես ցույցերի, անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ:
Նրանց մեղադրում են խուլիգանության, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու, չենթարկվելու հոդվածներով:
Երեկ հունիսի 15-ին, իրավապաշտպան Ռուբեն Մելիքայնը, որը բազմաթիվ ցուցարարների շահեր է պաշտպանում, իր ֆեյսբության էջի միջոցով տեղեկացրեց հանրությանը, որ ձերբակալվել ու արագ դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվել է կալանքի որոշում։ «Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։ Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված»։
Այս իրավիճակը չէր կարող աննկատ անցնել։ Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունները օրերս դատապարտող հայտարարություններով հանդես եկան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ընթացքում քաղաքացիներին բռնությունների ենթարկելու կապակությամբ։
Amnesty International ը երեկ՝ հունիսի 15-ին կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բախումների ընթացքում կիրառված բռնությունները։
«Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ կերպով հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ պնդումներն այն մասին, որ ոստիկանությունը կարող էր կիրառած լիներ անհարկի կամ չափից դուրս ուժ», — հայտարարել է այս կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։
Մեկ տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ հունիսի 14-ին համատեղ հայտարարություն տարածեին, դատապարտելով հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում կիրառած բռնությունները։ Նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել հավաքի ընթացքում մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով։
«Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից»,- նշված է հայտարարության մեջ։ Այս օրերին անհնար է չնկատել Հ Հ վարչապետ Փաշինյանի ոստիկանությանը խրախուսող և քաջալերող ելույթները։
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բռնություններ հաջորդ օրը՝ հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը մի շարք արդարացնող հայտարարեւթյունն եր հնչեցրեց, ըստ էության, ոստիկաններին ուղղված։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունն են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ առավել սկզբունքայիններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան», — ասաց նա։
«Բարեկիրթ ոստիկանության անվան տակ տեսնում ենք գազանների հավաքածու», — սա ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի բնորոշումն է, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը հիշեց, որ ժամանակին հարվածներ է ստացել ոստիկաններից և հայտարարեց խորհրդարանի ամբիոնից․ «Իմ աչքի տակը սևացել է, բայց ոստիկանը կատարել է իր աշխատանքը, և բոլոր ոստիկանները, որոնք կատարում են իրեն աշխատանքը, ճիշտ են անում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով։ Նրա մեղադրանքի հիմքում էր դրվել Մարտի 1-ին Շահումյանի հրապարակում հավաքված ժողովրդին ուղղված Փաշինյանի խոսքը․ «Տղերք, չեք պատկերացնի, հոգիս ոնց փառավորվեց, երբ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել․․․ ստեղծել պաշտպանական դիրքեր, որ չկարողանան տեխնիկա մտցնել, ջրցան մեքենաներ և այլն․․․ յուրաքանչյույրը կմոտենա մի մուտքին, ամեն մեկը մի փոքր կտոր բան դնի մի բան կստացվի, քար կդնի, աղբաման, մի բան կունենա ձեռքին, կլինի փայթ, կլինի քար, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար»։
Սակայն վարչապետ դառնալուց հետո շատ բան է փոխվել Փաշինյանի մտահորիզունում։ Այսօրվա Նիկոլը անպայման բռնել կտար ու բերդ կնետեր Մարտի 1-ի Նիկոլին։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: