2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախից բռնի տեղահանված Հայրապետյանների ընտանիքը վերջերս է տեղեկացել, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների թվում են ու ըստ այդմ՝ բնակարանային հավաստագրի շահառու։ Բանն այն է, որ 2020-ի պատերազմից հետո նրանք տեղահանվել են Շուշիից, հետո հաստատվել Ստեփանակերտում, իսկ արդեն 2023-ի սեպտեմբերին դարձյալ տեղահանվել ու տեղափոխվել Հայաստան։

«Շատ պատահաբար հետաքրքրվեցինք, լրացրեցինք հայտը ու պատասխան եկավ, որ մեր ընտանիքը 2020 թվականի բնակարանային ծրագրի շահառու է, էն դեպքում, երբ մենք Արցախից դուրս ենք եկել, բռնի տեղահանվել ենք 2023-ին»,- Forrights.am-ին իրենց խնդիրը ներկայացնում է Հայրապետյանների հարսը՝ Անի Հայրապետյանը։

Այս ընտանիքի անդամները հիմա 13-ն են՝ երեք որդիները՝ իրենց կանանցով ու երեխաներով, որոնք յուրաքանչյուրն առանձին ընտանիք են և հիմնական շահառուն, որը մայրն է՝ Սուսաննա Հայրապետյանը։ Երկու ընտանիքում շուտով երեխաներ կծնվեն։ Նրանց բոլորին պետությունն առաջարկում է մեկ բնակարանի գումար՝ 10 մլն դրամ։

Անին ասում է՝ նախ՝ հնարավոր չէ այդքան գումարով բնակարան գնել, թեկուզ մարզերում և բացի այդ, 15 հոգով ինչպե՞ս կարող են մեկ տան մեջ ապրել։ «Մենք Արցախում էլ առանձին ընտանիք ենք եղել, բոլորս ապրել ենք տարբեր վայրերում, հիմա էլ․ ես Գյումրիում եմ ապրում իմ ընտանիքով, կիսուրս՝ Հրազդանում, ամուսնուս եղբայրները այլ տեղ։ Ո՞նց կարող են բոլորիս համար մեկ տան հավաստագիր տրամադրել», -ասում է Անին

Սոցիալական միասնական ծառայությունում նրանց հարցերին հստակ պատասխաններ չեն տվել, փոխարենը ուղղորդել են գնալ, ապրել օրինակ՝ Տավուշում։ Ուշագրավ է, որ Հայրապետյաններն օգտվում են 2023-ին տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից, հետևաբար ենթադրվում է, որ համարվում են 2023-ի տեղահանված։

Այժմ ընտանիքը փաստաբանի օգնությամբ փորձում է դիմել դատարան, որ կարողանա օգտվել 2023-ին տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրից։

«Պետք է պայքարենք, որ մեզ համարեն 2023-ին տեղահանված։ Չնայած այս ծրագրով մենք քիչ գումար կստանանք բնակարան ձեռք բերելու համար, բայց դա ինձ հետաքրքիր չի, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող են 15 հոգանոց ընտանիքի համար 10 մլն գումար տան մեկ բնակարան գնելու համար», -ասում է Անին։

Բնակարանի հավաստագրեր․ ո՞ւմ, ինչպես

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի որոշ տարածքներից տեղահանված բնակչությանը Արցախի կառավարությունը ցուցակագրել է՝ նրանց փոխհատուցում տրամադրելու համար։ Փոխհատուցումը բնակարանային հավաստագիր է նախատեսված շուրջ 4176 բնակչի համար։ Հավաստագիրը ստանալուց հետո ընտանիքը մեկ տարի ունի՝ հիպոթեկային վարկավորմամբ տուն ձեռք բերելու համար։ Պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն դրամ՝ մարզերում տուն ձեռք բերելու համար։ Ծրագրով արտոնյալ պայմաններ են առաջարկում՝ եթե 90-ականներին Արցախում վերաբնակեցված, հետո Արցախից տարհանված ընտանիքը որոշի Հայաստանի սահմանամերձ որևէ գյուղում հաստատվել։ Այդ դեպքում 14 միլիոն դրամ է սուբսիդավորման ենթակա գումարը, իսկ կառուցապատման դեպքում՝ 16 միլիոն դրամ։

Խնդիրն այն է, որ այս ծրագրի իրականացման ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, կառավարությունը մտադիր է երկարացնել այն մինչև այս տարվա վերջ, քանի որ շուրջ 1100 շահառու չի կարողանում բնակարան ձեռք բերել՝ կամ թանկ են, կամ իրենց ուզած վայրում չկան։

Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանն ասում է՝ 2020-ին պատերազմից հետևանքով տեղահանված արցախցիների ցուցակը յուրաքանչյուր համայնքի մասով կազմել է տվյալ համայնքի ղեկավարը և վերջնական ցուցակը ներկայացրել է Արցախի կառավարությանը։ «Այդ ժամանակահատվածի շահառուների ցուցակները ամբողջությամբ հաստատվել են Արցախի կառավարությունում ու նոր ուղարկվել Հայաստան, որտեղ էլ թողարկվել են սերտիֆիկատներ։ Հայաստանի կառավարությունը էդ ցուցակների կազմման հետ որևէ կապ չունի։ Այ հիմիկվա բնակարանային ծրագրի հետ Հայաստանի կառավարությունը կապ ունի, որովհետև իրանք են էդ ծրագիրը մշակել, իրականաֆցնելու»,-Forrights.am-ին ասում է Չոմոյանը։

Հայրապետյանների ընտանիքի դեպքում, ըստ Չոմոյանի, Շուշիի ղեկավարն է ի պաշտոնե իրավասու եղել կազմել ցուցակը, որն էլ հաստատել է Արցախի տարածքային կառավարման նախարարությունը։

Ինքը՝ Չոմոյանն էլ այդպես է վարվել ու իր ընտանիքն էլ շահառուների ցուցակում է եղել։ Ասում է՝ կարողացել է բնակարան ձեռք բերել Կոտայքի մարզում։

Փոխարենը, Արմենի քույրը՝ Սվետա Չոմոյանը հավաստագիրն ստացել է, բայց չի կարողանում բնակարան ձեռք բերել։ Նա մանկավարժ է, ուսուցիչ է աշխատում երևանյան ավագ դպրոցներից մեկում ու համաձայն է գոնե երևանամերձ մի տարածքում բնակարան գնելուն, սակայն թանկ է։ «Շատ մեծ ցանկություն ունենք ծրագրից օգտվելու, բայց դեռ չի ստացվում, չգիտեմ՝ ինչ կլինի հետո», -ասում է Սվետա Չոմոյանը։

Նա Քաշաթաղի շրջան մեկնել է 1997-ին որպես մանկավարժ ու վերաբնակեցվել Բերձորում։ 2020-ի պատերազմից հետո ստիպված է եղել հեռանալ հարազատ միջավայրից։ «Արդեն չորս տարի է՝ Երևանում ենք, աշխատանքի եմ տեղավորվել դպրոցում, 2022-ին սերտիֆիկատն ստացել ենք, բայց դրանից հետո մինչև հիմա տուն չենք կարողանում առնել։ Կուզենամ Փարաքարում, Արգավանդում, Մերձավանում տուն գնել, բայց նայում ենք՝ չկա, շատ թանկ ա։ Դեռ չէին տվել սերտիֆիկատը, նայում էի, տները նորմալ գներ էին, բայց հենց տվեցին, թանկացավ ամեն ինչ ու չկարողացանք տուն գնել», -պատմում է մանկավարժը։

Հասմիկ Համբարձումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest