101 մարդու վիրավորման պատճառ դարձած ոստիկանության երեկվա գործողությունից ժամեր անց վարչապետ խորհրդարանի ամբիոնից այսօր պնդեց, թե ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։
Նա մեղադրեց ցուցարարներին, ոստիկանության պատը ճեղքելու համար՝ պնդելով՝ «որպեսզի հարձակում գործեն խորհրդարանի վրա»: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը:
Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ:
«Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ», — ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև պնդեց՝ ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից, «այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»:
Վարչապետը նաև հայտարարեց՝ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն», — ասաց գործադիրի ղեկավարը։
Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: