Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչներին ու աջակիցներին՝ զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

Շեշտելով, որ Հայաստանն իրավական երկիր է՝ Ոստիկանությունը զգուշացնում է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։

Ազգային անվտանգության ծառայություն է այսօր նաև հորդորել ընդդիմադիր շարժման աջակիցներին՝ պահպանել օրինականությունը՝ զգուշացնելով՝ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու՝ առանց մանրամասնելու։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորել էր ընդդիմությանը՝ չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։

Շարժումը հունիսի 9-ից փակել է Բաղրամյան պողոտան Ազգային ժողովի շենքի հատվածում, վրաններ տեղադրել։

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է։

Ազգային ժողովի շենքի մոտ, Դեմիրճյան փողոցի հատվածում, առավոտից ոստիկանական նոր ուժեր են բերվում։ «Ազատության» տեսախցիկը նաև ոստիկանական մեքենաներում փշալարեր է արձանագրել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest