Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման արդյունքը ոչ ոչք չի կարող ասել։ Forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Սարո Սարոյանը։ Նրա կարծիքով, եթե այս շարժումը չհասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, միևնույն է քաղաքացիների բողոքի ձայնը մարել չի հաջողվելու։

«Ես հետևյալը կարող եմ ասել, որ հանրությունը 2020 թվականի պատերազմից հետո՝ անվտանգային բոլոր տեսակի խնդիրների հիմքով ներփակվել էր, 2024 թվականի զարգացումները վկայում են, որ այդ վիճակից դուրս է եկել։ Դուրս է եկել, ոչ թե նրա համար, որ այս պահին փողոցում քաղաքացիներ կան, որոնք բողոքելով փորձում են իրավիճակ փոխել, այլ նաև այդ մարդկանց այլևս հնարավոր չի լինի տուն ուղարկել։ Այս հանրությունը՝ հավաքական առումով, այն իրավիճակում չէ, որ նախորդ երեք տարիներին էր գտնվում․ փորձելով հույս կապել, որ խաղաղություն կլինի, անվտանգային խնդիրների վերջը կգա։ Պարզ է դարձել, որ ներկա կառավարողները ի վիճակի չեն նման կարգի խնդիրներ լուծել և այդ խնդիրները, որոնք ծառացած են մեր առաջ դադար չեն ունենալու։ Հանրությունը փորձում է այլ ճանապարհ գտնել, որ այդ խնդիրները լուծման բերել։ Հիմա ինչ կա փողոցում այդ տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Այս պահին կարող է շարժումն ակնկալված արդյունքը չապահովի, բայց այն բոլոր մարդիկ, որոնց թվում է, թե մարդկանց հնարավոր է հերթական անգամ տուն ուղարկել և ալիքը մարել, չեն կարողանալու։ Մարդկանց չեն կարողանալու համոզել այն հարցերում, որոնք հիմա դրված են»,-ասաց Սարո Սարոյանը։

Նրա կարծիքով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը շանս չունի վերականգնել իր նախկին հեղինակությունը՝ թեկուզ մի քանի տոկոսով։

«Կառավարող խմբավորման ապալեգիտիմացումն արդեն տեղի է ունեցել։ Հանրային մեծ շերտեր այլևս համոզված են, որ ներկա վարչախումբը չի կարող երկիրն անվտանգային խնդիրներից հանել և չի կարող կառավարել։ Եթե իրենք կարողանան Բագրատ սրբազանի շարժումը հաղթահարել իրենց ավելի շատ ապալեգիտիմացման աստիճանի է բերելու։ Հիասթափությունն ամեն օր ավելի խորն է լինելու։ Հիմա, թե երբ կլինի վերջնական տապալումը, ոչ ոք չի կարող ասել՝ ինչ հանգամանքներում կլինի, ինչ տեխնոլոգիաներով, հանրության ինչպիսի ըմբոստությամբ, բայց որ կարմիր գիծը վաղուց անցել է և նախկին լեգիտիմությանը հասնելու համար ինչ-որ տոկոս բարձրացնելու հնարավորություն այլևս չկա, փաստ է»,-ասաց նա։

Թե շարժումն ինչ սխալներ է գործում, որոնք թույլ չեն տալիս հասնել արդյունքերի, կամ ինչպիսի քայլեր պետք է իրականացնի, որ իշխանափոխության հասնի, Սարո Սարոյանի խոսքով, մեթոդաբանության վերաբերյալ քննարկումները կարող են տարբեր լինել։

Շարժման ամբողջ ընթացքում ատելության խոսք կա, թե շարժման առաջնորդների, թե իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից։ Քաղաքագետը նշում է՝ ՔՊ-ականներն այս հարցով անմրցելի են։

«Մի քանի դրվագ եղել է Բագրատ սրբազանի խոսույթում, որ կարելի է մեկնաբանել այն կոնտեքստում, որ իրեն հակադարձում են իշխանության ներկայացուցիչները։ Այդ տեսանկյունից եղել են այդպիսի օրինակներ, դրանք կարելի է մեկնաբանել վատաբանություններ կամ քաղաքական խոսույթի համար անհարիր, բայց մյուս կողմից իշխանությունների օրինակները բազում են։ Նրանք չեն զգում, որ ատելության խոսք են տարածում։ Եթե համեմատության մեջ վերցնենք, ապա ռեկորդակիրը, բնականաբար, իշխանության ներկայացուցիչներն են»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest