Արթուր Սուլեյմանյանը հետախույզ էր։ Պատերազմի ժամանակ բացառիկ արիություն է ցուցաբերել։ Մայրը՝ Արևիկ Ավանեսյանը, որդու մարտական ուղու մասին Forrights.am-ի հետ զրույցում պատմում է․ «Արթուրի մեջ այնքան հայրենասիրություն, քաջություն կար, ոչ մեկ չէր պատկերացնի։ Շատ էր սիրում կյանքը, շատ էր սիրում ապրել։ Իր համար հայրենիքը պաշտպանելը պարտականություն էր, կատարեց ու հաղթանակած զոհվեց»։

Արթուրը պայմանագրային զինծառայող էր, 44-օրյա պատերազմին մասնակցել է Վարանդայում։ Զինակից ընկերների հետ ոչնչացրել է թշնամու հարձակողական խմբերը։

«Հաղթանակած են զոհվել։ Իրենց վրա հարձակում է եղել, հետ են շպրտել, տղաներն են պատմել։ Թշնամին տեսնելով, որ կոտորվում են, փախչել են, բայց նրանց հետևից էլ են գնացել ու ոչնչացրել։ Հաղթանակած եկան նստեցին ու ԱԹՍ-ն․․․խփեց, ընկերներով զոհվեցին։ Ասում էր՝ դիրքերից իջնեմ, հավանած աղջիկ ունեմ, ամուսնանամ, բայց այդպես էլ չիջավ, իջեցրեցին»,-պատմում է մայրը։

Մայրն Արթուրի հետ վերջին անգամ հոկտեմբերի 23-ի առավոտյան է խոսել՝ զոհվելուց ժամեր առաջ։ «Ասաց՝ մամ, ես լավ եմ, լավ մնացեք։ Ասացի տղա ջան, գիտեմ, որ քո պարտականությունն ես կատարում, բայց պետք է տուն գաս, մեկ ուրիշ պարտականություն էլ ունես։ Ասաց՝ լոխ լավ է»,- տիկին Արևիկն այս երկխոսությունը ներկայացնում է ընդհատումներով, արցունքերը թույլ չեն տալիս պատմել որդու հետ վեջին խոսակցությունը, որն իր համար շատ կարևոր է։

Որդուն վերջին անգամ էլ տեսել է հոկտեմբերի 20-ին, երբ եկել էր զոհված ընկերոջ հուղարկավորությանը։ «Անձրևոտ օր էր, երեկոյան եկավ տուն, որ հաստ շորեր վերցնի։ Ֆենով ու արդուկով էի չորացնում։ Չորացնում էի ու ասում էի՝ ինձ նման մերը մեռնի, մերը ֆենով տղու շորերը չորացնի, որ ուղարկի մարտի։ Դա վերջինը եղավ։ Այնքան էր շտապում, որ զինվորական համազգեստը չհագավ, հետը վերցրեց։ Մի քիչ պոպք էի մաքրել, ասացի՝ բալես, լցրու գրպանդ, ասաց՝ չէ, դիր սննդի հետ, տղաների հետ կուտենք։ Ոնց դրել էի, այդպես էլ հետ բերեցին։ Այդ օրը վերջին անգամ տեսա»,-Foorights.am-ի հետ զրույցում հիշում է մայրը։

Արթուրը հուղարկավորված է Ճարտարի գերեզմանատանը։ «Նա շատ էր սիրում Ճարտարը։ Նման օր չկար, որ պոստում չլիներ»,-ասում է մայրն ու ապրում այն հույսով, որ մի օր հնարավոր է լինելու որդու դին տեղափոխել Հայաստան։

«Երբ տեղափոխվում էինք ամենածանրը գերեզմանը թողնելն էր։ Ամուսինս ասում էր, որ ռուսների միջոցով կտեղափոխենք, բայց ասացին՝ հնարավոր չէ։ Հիմա էլ սպասում ենք Կարմիր Խաչին, բայց դեռ նորություն չկա»։

Հայրենիքին մատուցած ծառայության համար Արթուր Սուլեյմանյանը Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալներով, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Արիության մեդալով։

«Մեդալները թողեցի քրոջս տանը, սեղանին։ Զանգում ասում էին, որ վերցնում է թշնամին, դրա համար թողեց։ Առաջին գործը, որ եղավ այստեղ, դիմեցինք, որ կառավարությանը, որ վերականգնենք։ Մեզ նամակ են ուղարկել, որ ՊՆ-ն զբաղվում է, բայց դեռ նորություն  չկա»,-ասում է մայրը։

Արթուրը մասնակցել է նաև  2016 թվականի քառօրյա պատերազմին։ Զինակից ընկերները չեն մոռանում, թե նա ինչպես էր թեժ կրակի միջով անցել ու իրենց ջուր հասցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest