Հայաստանում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ չեն պատրաստվում հրաժարվել իշխանությունից։ Իշխանական պատգամավորները խորհուրդ են տալիս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին պատրաստվել 2 տարի հետո կայանալիք հերթական ընտրություններին։ Այն ինչ բողոքի դուրս եկած մարդին հայտարարում են, որ մեկ ամիս ժամանակ ունեն այս կառավարության ազգակործան եւ հակապետական քաղաքականության ընթացքը կանգնեցնելու համար։

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա կառավարությունը կարող է հրաժարական տալ, ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարութուն։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկն է՝ հանրային համոզմունքը, որ Փաշինյանը ինքնակամ չի հրաժարվի իշխանությունից։ Փաշինյանի բացատրությունները, որ նա արդեն մի քանի անգամ հրաժարական է տվել եւ կրկին ընտրվել, հայ հասարակությունը լուրջ չի ընդունվում․ հրաժարական տալով, նա պահպանել է իր ձեռքում բոլոր լծակները, այդ թվում, վարչական ռեսուրսը։

Այսպես թե այնպես, Փաշինյանի ինքնակամ հրաժարականը քիչ հավանական է համարվում։ Եթե նա 2020 ից հետո չգնաց, հիմա միայն հասարակական ճնշման տակ կարող է գնալ, ասում է ընդդիմադիր Սուրեն Պետրոսյանը։

Արդյո՞ք Փաշինյանը պարտավոր էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ փաստորեն խոստովանել է, որ չի կատարել կառավարության ծրագիրը, որը հաստատվել է 2021 թ․ հունիսին կայացած արտահերթ ընտրություններից հետո։

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը տարորինակ պատասխան է տվել քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ ծրագրով։

Փաշինյանը նշեց՝ չի համարում, որ այդպես պետք է լինի։  «Այն, ինչ մենք հիմա անում ենք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արձագանքն է։ Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություններ անել, հիմա Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ, դրանից հետո այլ երկրների միջև կարող է պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա։ Կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը։ Մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն»,- ասաց վարչապետը։  Նկատեք, նա չի ասել, որ չկա մի կետ, որը մենք չենք կատարել։

Ինչեւէ, ասելով, որ «Կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակին», Փաշինյանը քիչ-ինչ խեղաթյուրում է կառավարության անելիքը։

Սահմանադրության Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները

2 Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Հարմարացնելու մասիւն ոչ մի խոսք, քանի որ եւ քաղաքական ժողովրդական էթիկան, եւ պրակտիկան ենթադրում են, որ եթե կառավարութունը մեկ ծրագրով եկել է իշխանության, եւ ուզում է փոխել քայլերի հաջորդականությունը, նա պետք է հրաժարական տա եւ նոր ծրագիր ներկայացնի։ Եթե, իհարկե, իրեն չի համարում միապետական կամ ժառանգական իշխանություն։

2021 թ․ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երդում է տվել. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը»:

Այս երդումից առնվազն մի քանի կետ դրժվել է․Փաշինյանը հրաժարվել է «համազգային հայրենիքի» գաղափարից եւ առաջ է տանում «պետական ինքնիշխանությունը» եւ այլ։

Ընդդիմությունը մատնանշում է, որ կառավարությունը չի կատարել իր ծրագիրը, 2023 թ․ բյուջեյի կատարողականի քննարկման ժամանակ մեղադրելով կառավարության անդամներին մի քաղաքականության մեջ, որը հավանություն չի ստացել ընտրություններում։ Սակայն երբեւէ այդ հիմքով հրաժարականի մասին ՔՊ-ն չի խոսել։

Այնինչ արեւմտյան ժողովրդավարությունը այս պահին լուրջ փոփոխությունների է ենթարկվում, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը լուծարել է ԱԺ-ն, մաստեր-կլաս ցույց տալով։

Եվրախորհրդարանի ընտրություններում ծանր պարտություն կրելով ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցությունից՝ նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ցրում է Ազգային ժողովը, և նշանակել արտահերթ ընտրություններ։ Կիրակի երեկոյան իր ուղերձում Մակրոնն ասել է, որ որոշել է ընտրողներին վերադարձնել երկրի քաղաքական ապագայի ընտրությունը և ընտրությունների օրեր հայտարարել հունիսի 30-ը և հուլիսի 7-ը։

«Սա լուրջ և դժվար որոշում է, բայց ամենից առաջ վստահության ակտ է։ Վստահություն ձեր հանդեպ, իմ սիրելի հայրենակիցներ, ֆրանսիացի ժողովրդի՝ իր և գալիք սերունդների համար արդար ընտրություն կատարելու կարողության հանդեպ», ասել է Մակրոնը։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուի նույնպես հրաժարական է տվել:

Իսրայելի ընդդիմության առաջնորդներից Բենի Գանցը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ լքելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմական կաբինետը։ Գանցը, ով համարվում է Բենիամին Նեթանյահուի գլխավոր քաղաքական հակառակորդը, ասել է․

«Ես կոչ եմ անում Նեթանյահուին. նշանակեք ընտրությունների համաձայնեցված ամսաթիվ, թույլ մի տվեք, որ մեր ժողովուրդը բզկտվի»:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի վարչապետ Սունակը եւս արձակել է խորհրդարանը, եւ ընտրությունները կկայանան հուլիսի 4-ին։

Հունիսի 28-ին նախագահական ընտրություններ կկայանան հարեւան Իրանում, այս տարվա հոկտեմբերին՝ նաեւ Վրաստանում։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest